Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Չիկագոյի հայկական համայնքին և բացատրել նախագահ Ս.Սարգսյանի Չիկագո չգնալու պատճառը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | May 21, 2012 10:40

Մայիսի 19-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Չիկագո՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը:

Նույն օրն Էդվարդ Նալբանդյանը եւ հայ համայնքային կառույցների հետ հանդիպումների նպատակով Միացյալ Նահանգներում գտնվող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեցին Չիկագոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին հայ համայնքի կրոնական, քաղաքական, հասարակական կառույցների ղեկավարներ, շուրջ չորս հարյուր համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը, հանդես գալով ելույթով, Չիկագոյի հայությանը փախանցեց ՀՀ Նախագահի ողջույնները եւ, մասնավորապես, ասաց. «Այս օրերին Չիկագոյում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում կայանալու է Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների հանդիպումը, որին հրավիրված էր մեր երկրի ղեկավարը:

Հանրապետության Նախագահն այս առիթով ակնկալում էր նաեւ հանդիպում ձեզ՝ Չիկագոյի հայ համայնքի հետ:

ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը, չնայած Լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխության, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից: Այդ ձեւակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին եւ որոշումներին: Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլեւ վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա:

Հաշվի առնելով այս մտահոգությունը’ Հայաստանի Հանրապետության Նախագահը որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը»:

Նախարար Նալբանդյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ընդգծեց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման կարեւորությունը, անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, կարեւորեց ամերիկահայության դերը հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ սփյուռքահայության ներդրումը Հայաստանի զարգացման գործում:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply