Արա Աբրահամյանն Արձանագրությունների հետ կապված մտահոգություններ ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 16, 2009 13:26

Արա Աբրահամյան«Մեր իրավաբանների կարծիքով` Արձանագրություններում կան երկիմաստ ձևակերպումներ»,-այսօր ասուլիսում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` հավելելով, որ իրենց մտահոգությունները նախագահ Սերժ Սարգսյանին են ներկայացրել Դոնի Ռոստովում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Աբրահամյանի խոսքով` Ռուսաստանում հայերը 160 կլոր սեղան են կազմակերպել` քննարկելու հայ-թուրքական արձանագրությունները մինչ դրանց ստորագրումը: Ըստ նրա` Ռուսաստանի հայերը կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանը, սակայն ունեն մտահոգություններ` կապված Արձանագրությունների հետ:

Աբրահամյանը դրական է գնահատում սահմանի բացումը, «բայց պետությունը և փոքր ու միջին բիզնեսը պետք է պատրաստ լինեն, սահմանի բացմանը պետք է նաև հոգեբանորեն պատրաստ լինի հանրությունը»: «Պիտի կարողանանք սահմանի բացումն արդյունավետ օգտագործել, Ցեղասպանության քննարկումները արդյունավետ հունով տանել»,-ասում է Աբրահամյանը:

Մինչև վավերացումը   դեռևս ժամանակ կա և, ըստ Աբրահամյանի,  պետք է այն օգտագործել՝ վերլուծություններ անելու համար.  «Ի վերջո, կա խորհրդարան, սահմանադրական դատարան, նախարարություններ և բոլորը մինչև վավերացումը ընկած ամեն րոպեն պետք է օգտագործեն՝ ուսումնասիրություններ կատարելու համար, որպեսզի հստակ իմանանք, թե ինչի ենք գնում, և մեզ ինչ է սպասվում»:

Աբրահամյանը նշում է, որ պետք է ուսումնասիրել, թե  հայկական կողմն ինչ ապրանք կկարողանա իրացնել Թուրքիայում, ինչ նոր օրենքներ պետք է ընդունել և որոնք բարեփոխել` առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորելու համար:

Աբրահամյանի վերլուծությամբ՝ Թուրքիան պետություն է, որ ծրագրեր է կազմում 50-100 տարիների համար. այս երկիրն անցած 100 տարիների ընթացքում երբևէ չի ունեցել դիվանագիտական պարտություն: «Գործ  ունենք տարածաշրջանի հզոր երկրներից մեկի հետ, որը երբևէ Հայաստանի համար լավ բան չի արել և իրեն վստահելու առիթ չի տվել, ուստի պետք է զգոն լինենք»,- ասում է նա:

Դիտվել է 1888 անգամ:
Print Friendly

Leave a Reply