3 կնոջ պատմություն` 3 դառը իրականություն

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | May 10, 2012 10:37

 

Երիտասարդ աղջիկն ինքնասպան եղավ, որովհետև…

Ընկերուհու պատմածից

«Միասին սովորում էին պատանի ժուռնալիստի դպրոցում: Նա շատ գեղեցիկ աղջիկ էր, բայց միշտ տխուր ու ինքնամփոփ: Որպես վայոցձորցիներ` ծանոթացանք ու մտերմացանք: Նա 2 անուն, 2 ազգանուն և 2 հայրանուն ուներ: Իրեն որբ էր համարում: Հետո իմացա անհավատալին. նա ընտանիքի երկրորդ երեխան է եղել, համագյուղացիները չարախոսել են և հորը հավատացրել, թե իր երեխան չէ: Հայրն էլ մորն ասել էր, որ այդ երեխան իր տուն ոտք չդնի, հակառակ դեպքում երկուսին էլ կսպանի: Մայրը ստիպված նրան տվել էր իր հեռավոր ազգականներից մեկին, որոնք երեխա չունեին: Ընկերուհիս այդ ամենը գիտեր, սիրում ու կարոտում էր իր հարազատ ծնողներին: Մայրն էլ երբեք չէր թաքցնում իր զգացմունքները, ամեն հանդիպելիս գրկում, փաթաթվում էր աղջկան, իսկ հայրն այդպես էլ իր խոսքից հետ չկանգնեց:

Երբ ծանոթացանք, նա ընկեր ուներ, որը միշտ նրան տուն էր ուղեկցում, ծաղիկներ նվիրում, շատ ուշադիր էր նրա նկատմամբ: Ընկերուհիս հաճախ էր ասում. «Նա իմ տխուր կյանքի լույսի շող է…»: Որոշել էին, երբ ընկերուհիս դպրոցն ավարտեր, ամուսնանային: Բաց չար լեզուները նորից իրենց գործն արեցին. ընկերուհուս ասել էին, թե այդ տղան իր հարազատ եղբայրն է: Նա չդիմացավ այդ հարվածին: Ավարտական քննությունների ժամանակ էսենցիա խմեց ու մահացավ:

Նրան թաղեցին հարսի շորերով: Հուղարկավորության ժամանակ հայրն առաջին անգամ մոտեցավ աղջկան, համբուրեց, մատանի դրեց մատին ու ողբալով` ներողություն խնդրեց:

Հավաքվածները խղճացին նրան, բայց նաև նախատեցին, քանի որ ինքն էր մեղավոր հարազատ աղջկա ողբերգական ճակատագրի համար»:

«Գուցե ես նրան այնքան եմ սիրում, որ նույնիսկ ծեծելո՞ւն եմ կարոտում…»

46 տարեկան

«Ինձ նմաններին ասում են «տանը մնացած»: Գեղեցկուհի չեմ, բայց տգեղ էլ չեմ: Խորհրդային կարգերի ժամանակ եկա Եղեգնաձոր, մինչ այդ ապրում էի հեռավոր մի գյուղում: Աշխատել եմ տարբեր գործարաններում, վարել միջին պաշտոններ: Տրիկոտաժի ֆաբրիկայում աշխատելու ժամանակ ստացա մեկսենյականոց բնակարան, կահավորեցի այն: Մի խոսքով, ունեցա իմ անկյունը: Ամուսնության առաջարկներ շատ եղան, բայց ոչ մեկը սրտովս չէր. ես փնտրում էի իմ երազների ասպետին, բայց այդպես էլ նրան չգտա:

Մի քանի տարի առաջ բնակարանիս մանրահատակը վերանորոգելու համար վարպետ հրավիրեցի: Եկավ մի երիտասարդ (նախկինում դատված): Մի քանի օր աշխատելուց հետո մտերմացանք: Չգիտեմ, երևի իմ միայնակ կյանքից հոգնել էի: Մի օր էլ երկար զրուցեցինք, խմեցինք…այդ օրը նա մնաց ինձ մոտ: Այդպես կապվեցինք:

Ես ամեն կերպ փորձում էի մարդկանից թացքնել մեր հարաբերությունները, քանի որ գյուղական միջավայրում բամբասանքն ավելի շուտ է տարածվում, և ապօրինի կապ ունեցող կանանց հանդեպ վերաբերմունքը շատ ավելի դաժան է: Սակայն որքան էլ չուզեի, մի օր մեր կապը բացահայտվեց: Նա հարբած եղել և իմ տան դուռը շփոթել էր ուրիշի դռան հետ: Երբ դուռը չէին բացել, կարծել էր. թե դիտավորյալ եմ անում: Հետո մի կերպ գտել էր իմ բնակարանը: Ներս մտավ թե չէ, սկսեց ինձ ծեծել: Ամոթից գետինը մտա: Այդ օրվանից ինձ վրա ձեռք բարձրացնելը դարձավ սովորություն:

Հիմա արդեն բոլորը գիտեն նրա մասին ու նաև գիտեն, որ ինձ ծեծում է: Վռնդում եմ` գնում է, մի քանի օրից նորից հայտնվում, ներողություն խնդրում, ես էլ ամեն անգամ  ներում եմ ու հետո նորից ծեծ ուտում: Ախր, մեզ այլևս ոչինչ չի կապում, նույնիսկ մի կատու չունենք, որ երկուսինս լինի, բայց չգիտեմ, թե ինչու` չեմ կարողանում վռնդել նրան ու ազատվել այս մղձավանջից: Վռնդում եմ, իսկ հետո նորից հետ կանչում: Բոլորն ինձ մեղադրում են, որ կամազուրկ եմ: Չգիտեմ, գուցե ես նրան այնքան եմ սիրում, որ նույնիսկ ծեծելո՞ւն եմ կարոտում…Կարծես Շիլոնի կալանավորը լինեմ, որը չէր կարող ապրել առանց իր կապանքների»:

Թե ինչ եղավ, երբ կինը որոշեց ինտիմ ամսագիր կարդալ

46 տարեկան

«4 երեխաների մայր եմ: Երբեմն, երբ քաղաք եմ գնում, կրտսեր աղջիկներիս երաժշտական դպրոց տանելու, անցնում եմ թերթի կրպակի կողքով, որտեղ գեղեցիկ ձևավորված ամսագրեր կան: Վերջերս դրանցից մեկի վերնագիրը ուշադրությունս գրավեց` «Միայն երկուսով»: Շատ հետաքրքիր էր, թե ինչ է գրված այնտեղ, սակայն մեծ համարձակություն էր պետք այն գնելու համար: Վերջապես մի օր, երբ սպասում էի աղջկաս, մի համարը գնեցի: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրող մի թեմա կար, որի մասին ուզում էի կարդալ: Մի քանի տակ ծալեցի և թաքցրի պայուսակիս մեջ: Մտածում է, որ ուշ ժամի, երբ բոլորը քնած լինեն, կկարդամ:

Այդ օրը չստացվեց: Ննջեցի փոքրիկիս քնացնելիս և արթնացա միայն առավոտյան: Հետո ամբողջ ցերեկը զբաղված էի: Երեկոյան, երբ ամուսինս աշխատանքից վերադարձավ, անցավ իր սովորական զբաղմունքին` խաչբառ լրացնելուն: Ինձանից գրիչ ուզեց, ես էլ չհիշելով ամսագրի մասին, ասացի, որ պայուսակիցս վերցնի: Հանկարծ, ասես, ռումբ պայթեց. պայուսակիս մեջ հայտնաբերելով մերկ մարմինների նկարներով ամսագիրը` սկսեց հոխորտալ` ինձ վիրավորելով ամենաանվայել բառերով: Ես ինձ մեղավոր չէի զգում և չէի ուզում արդարանալ: Դրանից հետո նա ավելի զայրացավ և սկսեց հարվածել: Հետո պատռեց ամսագիրը և շպրտեց դեմքիս: Որևէ էջ չէի կարդացել այդ ամսագրից և անգամ, չգիտեի, թե ինչ նյութեր են այնտեղ տպագրված, բայց կային հարցեր, որոնց պատասխաններն իսկապես ինձ հետաքրքրում էին: Օրինակ, ինչո՞ւ, չնայած սիրում եմ ամուսնուս, բայց խուսափում եմ նրա հետ քնելուց: Ինչու՞ եմ շարունակ պատրվակներ փնտրում երեխաներից մեկին մեր անկողնում պառկեցնելու և այլն:

Հնարավոր է, որ այս և էլի որոշ հարցերի պատասխաններն այդ ամսագրում չգտնեի, բայց մի՞թե ես իրավունք չունեմ կարդալու այն, ինչ ինձ հետաքրքրում է:

Երևի Երևանում այս հարցերիս պատասխանող բժիշկներ էլ լինեն, բայց ես չեմ համարձակվի դիմել: Եթե ընդամենը մի ամսագիր փորձեցի կարդալ, այսպես վերջացավ, ապա բժշկի դիմելու դեպքում, պատկերացնում եմ, թե ինչ կլինի:

Այդ միջադեպը ավելի խորացրեց մեր` առանց այն էլ սրված հակասությունները: Ամուսինս ավելի կոպիտ, պահանջկոտ է դարձել: Ասես վրեժ է լուծում ինձանից, թե ինչի՞ համար, չգիտեմ…»:

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

Դիտվել է 2975 անգամ:
Print Friendly

Leave a Reply