Ռինգը սպասում է հայուհիներին

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 11, 2012 7:00

Աստիճանաբար նվազում է այն մարզաձևերի թիվը, որոնցում միայն տղամարդիկ են հանդես գալիս: Բռնցքամարտն էլ վաղուց նրանց մենաշնորհը չէ: Եվ ահա 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում առաջին անգամ ռինգ դուրս կգան նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Իսկ այդ ստուգատեսի ուղեգրերը մարզուհիները վիճարկելու են մայիսի 11-20-ը  Չինաստանի  մայրաքաղաք Պեկինում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, որում հանդես են գալու նաև մեր երկրի երկու մարզուհիներ: Մրցավայր մեկնելուց առաջ  Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին մի քանի հարց ուղղեցինք:

Ովքե՞ր են Հայաստանի պատիվը պաշտպանելու աշխարհի առաջնությունում, նրանք ի՞նչ հնարավորություններ ունեն:

– Ռինգ դուրս կգան Արմինե Սինաբյանը (60 կգ) և Աշխեն Սիմոնյանը (75 կգ): Սինաբյանը 2011-ին  կայացած Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է: Նա բնակվում է Շվեդիայում և ցանկություն է հայտնել պաշտպանելու Հայաստանի հավաքականի պատիվը: 24-ամյա մարզուհին թողել է աշխատանքը, եկամուտը և նպատակադրվել է հաջողության հասնել: Ի դեպ , Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դիմել է, որ նրա աշխատանքի տեղն առժամանակ պահպանվի: Արմինեն լավ մարզուհի է, սակայն նրան ահեղ մրցակցուհիներ են սպասում: Կանանց աշխարհի առաջնություն կազմակերպվելու է 3-րդ անգամ, և նրա քաշային Թուրքիայի ներկայացուցիչը երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ իռլանդացի հակառակորդը տարբեր քաշային կարգերում հռչակվել է աշխարհի եռակի չեմպիոն, չինացի մարզուհին աշխարհի նախորդ առաջնության եզրափակչի մասնակից է, ռուսաստանցի մարզուհին Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է: Սիմոնյանի մրցակիցներն էլ տիտղոսակիր են, մեծ ռինգում մեր մարզուհուց ավելի փորձառու: Եվ բնական է` այս մրցաձևը Հայաստանում նոր է, ինքս էլ հավաքականի մարզուհիների հետ չորս ամիս է, որ աշխատում եմ:

Ամեն քաշային կարգում օլիմպիական խաղերի քանի՞ ուղեգիր է վիճարկվելու:

 – Եվրոպայից ամեն քաշային կարգում խաղարկվելու է երեք ուղեգիր: Այնպես որ  հին աշխարհամասից  դրանց կտիրանան այն երեք մարզուհիները, որոնք ամենաբարձր տեղերը կզբաղեցնեն: Այնպես որ, հնարավոր է աշխարհի առաջնությունում  օլիմպիական խաղերի ուղեգրի տիրանալ առանց մրցանակակիր դառնալու: Հայաստանի ներկայացուցիչների համար դժվար է, սակայն նրանք պատրաստակամ են, որ հնարավորն անեն ձեռնունայն չմնալու համար: Հատկապես մարտականորեն է տրամադրված Սինաբյանը: Ի դեպ, ունենք նրա հնարավոր հակառակորդների հանդիպումների տեսագրությունները: Մրցում են իռլանդացի և չինացի, թուրք և իռլանդացի և մյուս մրցակցուհիները: Այնպես որ, նախապես ուսումնասիրվում, մանրակրկիտ վերլուծվում է ամեն բան:

Նախապատրաստությունն ինչպե՞ս է ընթացել:

– Ուսումնամարզական երեք հավաք ենք անցկացրել, երկուսը` Ծաղկաձորում և մեկը` Աբովյանում: Դրանք արդյունավետ են եղել, մարզուհիների առաջընթացը նկատելի է:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում բռնցքամարտով զբաղվող մարզուհիների թիվը սահմանափակ է: Նախապատրաստության շրջանում Սինաբյանը և Սիմոնյանը մրցընկերներ ունեցե՞լ են:

– Նրանք մարզվել, ստուգողական հանդիպումներ են անցկացրել տղամարդ բռնցքամարտիկների հետ:

Ստուգողական հանդիպումների ժամանակ նախապես պայմանավորվածություն ձեռք բերվում էր, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին չպետք է հուժկու հարվածներ հասցնել:

– Այդպիսի բան չկար, երկու կողմերն էլ հավասար աշխատում էին: Լինում էին դեպքեր, երբ մեր մարզուհիներն էին նեղում իրենց մրցակիցներին, նաև պատահում էր հակառակը: Որպես մրցընկերներ ընտրվում էին Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածուները: Երբեմն մարզուհիները մրցում էին իրենցից մեկ քաշային կարգ բարձր հակառակորդների հետ:

Քանի՞ հաղթանակը կարող է մեր մարզուհիներին օլիմպիական ուղեգրեր բերել:

– Դժվար է ասել, բայց կարծում եմ` երեք հաղթանակը բավարար կլինի:

Փաստորեն, մեր մարզուհիներն առաջին անգամ են աշխարհի առաջնության մասնակցելու: Ի՞նչն է խանգարել նրանց նախկինում այդ անելու:

– Հայաստանում պետությունն ուշադրություն չի դարձրել, որ այս մարզաձևը կանանց շրջանում արմատավորվի: Վերաբերմունքը կտրուկ փոխվեց, երբ Սինաբյանն անցյալ տարի դարձավ Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրահանգ էր ուղարկել բռնցքամարտի մարզօջախների ղեկավարությանը, որպեսզի կանանց խմբեր հիմնեն:

Սիրողական բռնցքամարտում կանանց մարզագույքը նո՞ւյնն է, որևէ տարբերություն չկա՞:

 – Մարզագույքը նույնն է, սակայն մարզուհիները մրցում են 4 ռաունդ` 2-ական րոպե տևողությամբ: Տղամարդիկ ուժերն են չափում 3 ռաունդից բաղկացած մրցմարտում, տևողությունը` 3-ական րոպե: Ի դեպ, կանայք փորձում են տեխնիկական ավելի բազմազան զինանոց կիրառել, և նրանց մասնակցությամբ հանդիպումները հետաքրքիր են: Մեր մարզուհիներն էլ տեխնիկապես գրագետ են գործում, Սինաբյանը նոկաուտ անող հարված ունի:

Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ մեր մարզուհիներից:

– Կանխագուշակել հնարավոր չէ, թանկ է ամեն ուղեգիրը: Չպետք է անտեսել, որ մրցումներն անցկացվելու են Չինաստանում, և չեն բացառվում մրցավարների կողմնակալ վերաբերմունքը, ամեն տեսակի անակնկալը:

Ի՞նչ են մտածում մարզուհիները 

Զրուցեցինք նաև մեր մարզուհիների հետ: Ահա թե ինչ ասացին նրանք.

 Արմինե Սինաբյան Արդեն չորս ամիս է` կանոնավոր մարզումներ եմ անցկացնում Հայաստանում: Շվեդիայում զբաղվել եմ թենիսով, դահուկային սպորտով, հետո`16 տարեկանից, հորս` Գասպարի գլխավորությամբ բռնցքամարտ եմ պարապել: Պատճառն այն էր, որ ամռանն անելիք չէի ունենում, դահուկներով սահել հնարավոր չէր: Աշխատում եմ քոլեջում` որպես ֆիզպատրաստականության մասնագետ, օգնում եմ սովորողներին իմանալու առողջ ապրելակերպի գաղտնիքները: Ռաֆայել Մեհրաբյանը բարձրակարգ մասնագետ է, նաև` պահանջկոտ: Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները լավ նախապատրաստվելու համար: Սնունդը նորմալ է, օլիմպիական թոշակ եմ ստանում: Չինաստանում աշխարհի առաջնության օրերին հնարավոր է` ազգային կերակուրներ մատուցեն, սակայն դա խնդիր չէ: ինքս Շվեդիայից սննդային հավելումներ եմ բերել, որոնք կօգնեն ինձ ուժերը վերականգնելու: Ինչ վերաբերում է մրցակիցներիս, ապա չէի ցանականա, որ սկզբնական շրջանում իռլանդացի և թուրք մարզուհիներին հանդիպեմ: Վերջինիս զիջել եմ Ռոտերդամում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակչում: Իսկ իռլանդացու հետ չեմ մրցել: Հնարավորություն ունեմ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու, նաև մեդալակիր դառնալու համար: Պաշտելի բռնցքամարտիկներ չունեմ, իսկ Մայք Թայսոնին ուղղակի չեմ սիրում: Մարզուհիներից ինձ հիացնում է Սյուզի Կենտիկյանը:

 Աշխեն Սիմոնյան Սկզբում քիգբոքսինգով եմ զբաղվել: Բռնցքամարտի առաջին մարզիչս հայրս` Սարգիսն է եղել: Հետո  «Դինամո» մարզընկերությունում պարապել եմ Սամվել Սողոմոնյանի  ղեկավարությամբ: Դժվար էր քիգբոքսինգից հետո բռնցքամարտով զբաղվելը, սակայն այժմ արդեն ամեն բան կարգավորվել է: Իմ քաշային կարգում հզոր մրցակիցներ ունեմ, շատ բարդ է լինելու, բայց պետք է պայքարել, քանի որ ինքս էլ լավ եմ նախապատրաստվել: Ամեն բան հնարավոր է, քանի որ բռնցքամարտում մեկ ակնթարթում կարելի է շատ  բան շահել, նաև  ձեռքբերածն էլ կորցնել: Վատն  այն է, որ միջազգային քիչ մրցաշարերի եմ մասնակցել: Շվեդիայում, Սոչիում անցկացված միջազգային մրցաշարերում հաղթել եմ, Հունաստանում կայացած ստուգատեսում 3-րդ մրցանակակիր եմ դարձել: Բռնցքամարտիկներից ռինգում  Իսրայել Հակոբկոխյանի մարտաոճն է ինձ հոգեհարազատ: Նա ռինգում  գլխով է աշխատել: Ինձ համար բռնցքամարտի կուռք է Մուհամեդ Ալին: Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ուժեղ է, սակայն այնպես է ստացվել, որ այն օլիմպիական խաղերի միայն մեկ ուղեգիր է նվաճել: Այդ բացը Պեկինում մարզուհիներս կփորձենք լրացնել:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply