«2012-ի ընտրություններն անկախ Հայաստանում ամենահաջողվածն էին, 1996-ինը` ամենախայտառակը». Շավարշ Քոչարյան

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 10, 2012 14:36

ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, 1990 թ. սկսած, մասնակցել է խորհրդարանական և նախագահական բոլոր ընտրություններին, բացի վերջին խորհրդարանական ընտրություններից: Սակայն չմասնակցելով` բավականին ակտիվ հետևել է և՛ քարոզարշավին, և՛ քվեարկությանը, և՛ միջազգային դիտորդների գնահատականներին: Նա վստահաբար հայտարարում է, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից տարբերվում էին` դրական իմաստով:

Նա առաջին հերթին ընդգծում է զանգվածային լրատվամիջոցներով հավասար հնարավորությունների տրամադրումը կուսակցություններին. «Այս տեսանկյունից լուրջ առաջընթաց ունենք: Ժամանակին, երբ մենք ընդդիմություն էինք, երազել կարող էինք այսպիսի եթեր ունենալու մասին,- «Անկախի» հետ զրույցում անկեղծացավ Շավարշ Քոչարյանը,- այն ժամանակ, եթե ինչ որ բան էլ ցուցադրում էին, ապա բացասական բան. բազմահազար հանրահավաքն այնպես էին ներկայացնում, կարծես 2-3 հոգի էր հավաքված, և ճիշտ հակառակը: Տեղեկատվության փոխարեն մեկնաբանություններ էին հնչեցնում, ինչն աղավաղում էր իրողությունը և այլն»:

Այս ընտրություններում, ըստ Քոչարյանի, քարոզարշավը նույնպես քաղաքակիրթ էր. անձնավորված չէր, չկային հայհոյանքներ ու փոխադարձ վիրավորանքներ: Նրա կարծիքով` դա առաջին հերթին իշխանությունների շնորհիվ է, բայց նաև քաղաքական ուժերի, որոնք հաճույքով ընդունեցին այս խաղի կանոնները. «Անկախ ընտրությունների արդյունքից` ով հաղթեց կամ ով պարտվեց, իրականությունն այն է, որ մենք լուրջ առաջընթաց ունեցանք»,- ընդգծեց նա:

Շավարշ Քոչարյանն այս տեսակետը հիմնավորեց նաև բազմաթիվ օտարերկրյա ընտրություններին իր մասնակցության հարուստ փորձով. «Շատ երկրներում եմ ընտրություններին որպես դիտորդ մասնակցել և ի վիճակի եմ համեմատություն կատարելու,- ասաց նա:- Այս ընտրությունները չէին զիջում նույնիսկ առաջատար երկրների ընտրություններին»:

Սակայն կար մի թերություն, որը, ըստ Քոչարյանի, չկար 90-ականներին. այս ընտրություններում կուսակցությունների պայքարը գաղափարական չէր. «Այն բոլոր դժվարություններով հանդերձ, որ կային այն ժամանակ, ընտրական պայքարը գաղափարականացված էր,- ասում է նա,- մենք ուրիշ մոտեցում ունեինք` խոսել ոչ թե թերություններից, այլ դրանք ծնող պատճառներից, այսինքն` վերացնել պատճառը, ոչ թե պայքարել հետևանքների դեմ»:

Այս ընտրություններին մասնակցող կուսակցությունները, ըստ Շավարշ Քոչարյանի, ունեին բավականին ծավալուն, անգամ, լուրջ ծրագրեր, սակայն գաղափարական պայքարը կարծես թե հետին պլան էր մղված:

Եթե 2012-ի խորհրդարանական ընտրությունները Շավարշ Քոչարյանի համար ամենաառաջադիմականն էին 1990-ականներից ի վեր, ապա որո՞նք էին նորանկախ Հայաստանի ամենաանհաջող ընտրությունները: Նա  վստահաբար նշում է 1996 թվականի նախագահական ընտրությունները` դրանք որակելով ոչ թե պարզապես անհաջող, այլ խայտառակ ընտրություններ. «Այդ ընտրություններով դրվեց  ամեն գնով իշխանությունը  պահելու ավանդույթի հիմքը, որը  դարձավ վատ օրինաչափություն, սակայն կարծում եմ, որ մենք դրանից շատ դանդաղ ձերբազատվում ենք: Համենայն դեպս, վերջին ընտրությունները հույս տվեցին, որ այդ օրինաչափությունը խախտվել է»,-ասաց նա:

Տհաճությամբ հիշելով 96-ին իշխանությունների կողմից կատարածը` նա այնուամենայնիվ մի քանի համեմատություն արեց. «Այն ժամանակ չէր լինում որևէ հանդիպում, հանրահավաք, որ սադրանք չկազմակերպեին, այդ թվում նաև ուժային,-հիշում է նա:- Լինում էին դեպքեր, երբ հանրահավաքի ժամանակ ուղղակի դանակներով կտրտում էին լարերը, որ չկարողանայինք խոսել, փորձում էին խլել խոսափողը, ջարդել և այլն»:

Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա անգամ համեմատել չի կարելի վերջին ընտրությունների հետ. «Ամեն կեղծիք արվում էր` քվեատուփերի լցոնում, գողացում, քվեաթերթիկների փոխարինում, լույսի անջատում, բազմակի քվեարկություններ, հարյուրհազարավոր քվեաթերթիկների ոչնչացում: մենք Սահմանադրական դատարանում ներկայացնում էինք դեռևս չմոխրացած քվեաթերթիկները,- հիշում է նա,- էլ չեմ խոսում ուժային միջամտության, զինտեխնիկայի, զորքերի առկայության մասին»:

Վերջին խորհրդարանական ընտրություններում գրանցվեցին ընտրախախտումներ, հիմնական մասը` տեխնիկական բնույթի, սակայն ողջ մամուլը րոպեներ անց ողողվեց դրանց վերաբերյալ լուրերով: Այսօրվա երիտասարդ լրագրողները հավանաբար չեն էլ կարող երևակայել, թե 96-ին կատարված կեղծիքներն ու խախտումներն ինչ չափերի ու ձևերի են եղել: Ներկայացնելու համար ընդհանուր պատկերը` կարելի է ընդամենը որոշ օրինակներ բերել այդ ընտրություններից հետո ընդդիմության միասնական թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի` Սահմանադրական դատարան հանձնած փաստաթղթերի ժողովածուից, որով նա պահանջում էր նախագահական ընտրությունների արդյունքների հիման վրա ԿԸՀ հրապարակած որոշումն անվավեր ճանաչել: 127- էջանոց ժողովածու, որում ամփոփված են կեղծիքների վերաբերյալ հազարավոր փաստեր: Ինչպես նշված է գրքի առաջաբանում, 100 տարի հետո էլ դրանք կվկայեն, որ անկախ Հայաստանի Հանրապետությունում 1996 թ. սեպտեմբերի 22-ին իշխող վարչախումբը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, բռնի ուժով փորձել է կեղծել ժողովրդի կամքը, և պատմության մեջ դա իրագործած մարդկանց վարքն ու դերը կքննվի նաև այդ համատեքստում:

Գրքում, օրինակ, առանձնացված է ընտրական հանձնաժողովի անդամների կամ վստահված անձանց նկատմամբ իրականացված կամայականությունների, բռնությունների և լիազորությունների կատարման խափանման 82 դեպք. Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն իր խմբով ծեծի է ենթարկել և ահաբեկել Վ. Մանուկյանի վստահված անձանց և ԱԺՄ-ի կողմից առաջադրված հանձնաժողովի անդամներին, որի պատճառով վերջիններս ստիպված են եղել թողնել ընտրատարածքը և չեն մասնակցել քվեարկությանն ու արդյունքների ամփոփմանը: Մեկ այլ տեղամասում նույնպես ծեծի են ենթարկել Մանուկյանի վստահված անձանց (որոնցից մեկն էլ` կին), քանի որ նրանք փորձել են կանխել կեղծ քվեաթերթիկներ լցնելը քվեատուփի մեջ: Հաջորդ տեղամասում ահաբեկել են անգամ օտարեկրյա դիտորդին, որը փորձել է արձանագրել բաց քվեարկությունը և նման բազմաթիվ դեպքեր:

Վստահված անձանց հաճախ չեն թողել նաև հետևել քվեարկությանը, ստորագրել քվեաթերթիկների վրա, հանձնաժողովների անդամներին թույլ չեն տվել մասնակցել հանձնաժողովների նիստերին, ունենալ քվեարկության ամփոփիչ արձանագրության կրկնօրինակները:

85 արձանագրություն էլ կա ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կատարված կեղծիքների և խախտումների վերաբերյալ. օրինակ` ընտրատեղամասերից մեկում մի քաղաքացի փորձել է մոտ 500 քվեաթերթիկ լցնել քվեատուփի մեջ, ինչը նրան չի հաջողվել, սակայն քվեաթերթիկները հաշվելու ժամանակ ընտրատարածքը զրկվել է էլեկտրաէներգիայից, և հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկներ է գցել քվեատուփի մեջ:

Համատարած բնույթ են կրել Վազգեն Մանուկյանի օգտին քվեարկած բազմաթիվ քվեաթերթիկները Տեր-Պետրոսյանի օգտին տեղափոխելու գործողությունը, հանձնաժողովների անդամների կողմից հարյուրավոր ընտրողների փոխարեն ստորագրելը, անձնագրերի տվյալները կեղծելը, միևնույն թեկնածուի օգտին, միևնույն ձեռագրով կատարած յուրահատուկ նշումով քվեաթերթիկների առկայությունը, ամփոփիչ արձանագրությունների թվերը լիովին հակառակ ներկայացնելը:

Հանձնաժողովի անդամները նաև բազմաթիվ եղանակներով վնասել են Վազգեն Մանուկյանի օգտին եղած քվեաթերթիկները` եղունգով ծակել են, նշումներ են արել և այլն: Նման դեպքերից մեկի ժամանակ, երբ կոմկուսի ներկայացուցիչը փորձել է միջամտել, վնասել են նրա աչքը:

Փաստաթղթերի ժողովածուում ընդգրկված է նաև քվեարկության ժամանակ մեկ անձի կողմից մի քանի անգամ քվեարկելու, մեկից ավելի քվեաթերթիկ քվեատուփ գցելու 47 դեպք, քվեարկության ամփոփման կարգի խախտման 74 դեպք:

Տեղամասի կենտրոնում զանգվածաբար չեն փակցվել նաև քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների պատճենները, բազմաթիվ տեղամասերում դրանք չեն տրամադրվել վստահված անձանց, ԿԸՀ-ն սահմանված կարգով չի հրապարակել ընտրության արդյունքները:

Ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք համառորեն պնդել են իրենց օրինական պահանջները, ենթարկվել են սպառնալիքների, ահաբեկման, ավազակային հարձակման, ծեծի և ջարդի:

Ինչ վերաբերում է քվեարկության լուսաբանմանը, չնայած ԿԸՀ-ի այն որոշմանը, որ սեպտեմբերի 22-ին և 23-ին պետք է ուղիղ եթերով տեղեկատվություն տրվեր ընտրությունների մասնակիցների  թվի մասին, քվեարկության օրը ԿԸՀ-ն չի հայտնել մասնակիցների թիվը ժամը 22:00-ի դրությամբ, իսկ կեսգիշերին մոտ դադարեցրել է ուղիղ եթերը մինչև 23-ի առավոտը` տեղեկություններ չտալով գիշերվա ընթացքում ամփոփվող արդյունքների մասին:  Բանն այն է, որ վերջին կես ժամում մոտ 80 000 «քվեարկող» ավելի է ցույց տրվել, ուստի ԿԸՀ-ն, չնայած որոշ անդամների, լրագրողների և դիտորդների պահանջին, չի հայտնել 22:00-ի դրությամբ ընտրողների քանակը` պահպանելով «խիստ անհրաժեշտ» կեսժամանոց միջանցք:

Նկատենք, որ այս ընտրություններում վերոնշյալ օրինակները հիշեցնող որևէ դեպք  չի արձանագրվել: Իսկ այդ օրինակների  հետևանքով ամբողջովին փոխվել են 1996-ի քվեարկության արդյունքները: Խախտումներն այնքան բացահայտ ու սանձարձակ եղանակով են իրականացել, որ անգամ հնարավոր չի եղել թաքցնել համայնքների հրապարակած արդյունքների և առկա արձանագրությունների միջև առկա մեծ անհամապատասխանությունները. օրինակ` ընդամենը մեկ համայնքի վերաբերյալ ԿԸՀ տվյալով Վազգեն Մանուկյանի օգտին 872 ձայն է եղել, ամոփիչ արձանագրության տվյալով` 1328, և հակառակը` Լ. Տեր-Պետրոսյանի օգտին առաջին դեպքում եղել է 2457 ձայն, երկրորդ դեպքում` 1856: Միայն 14 համայնքների տվյալների համեմատությունից պարզվել է, որ Վազգեն Մանուկյանի ստացած ձայների քանակը կեղծիքներով նվազեցվել է 4347-ով, իսկ Լ. Տեր-Պետրոսյանինը` ավելացվել 5934-ով:

Բնական է, որ այդ ամենը չէր կարող համարժեք արձագանք չստանալ ժողովրդի կողմից, ուստի քվեների հրապարակային ստուգման վերաբերյալ արդարացի պահանջի մերժմանը հետևեց սեպտեմբերի 26-ը, ինչը արդարության վերականգնման ու հաստատման վերջին ճիգն էր:

Այսպիսով, այդ դեպքերից 16 տարի հետո արձանագրել  քաղաքակիրթ ընտրություններ, և՛ ուրախալի է, և ՛ մտահոգիչ. ուրախալի է, որովհետև մեզ, այնուամենայնիվ, հաջողվել է սայլը տեղից շարժել, մտահոգիչ, որովհետև կորցրել ենք 16 տարի:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply