«Կրթություն և կարիերա Expo 2009» ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 14, 2009 16:54

Հոկտեմբերի 14-16-ն անցկացվում է «Կրթություն և կարիերա Expo 2009» 10-րդ հոբելյանական միջազգային ցուցահանեսը, որի ժամանակ 50-ից ավելի տեղական ու միջազգային ընկերություններ կառաջարկեն կրթական ծրագրեր ու աշխատատեղեր:

Ցուցահանդեսը բազմամարդ էր, այցելուները հիմնականում դպրոցականներ էին և ուսանողներ: 13-ամյա Դիանային  հետաքրքրում էր  Հայաստանում ֆրանսիական  և Երևանի պետական համալսարաններում կրթության պայմանները:

Լիանան մասնագիտությամբ թատերագետ է և աշխատանք է փնտրում որևէ ոլորտում: «Սակայն այստեղ քիչ են գործատուները, դեռ ոչ մի բան չեմ կարողացել գտնել»,-ասում է նա:

«Logos Expo Center»-ի տնօրենի օգնական Նարեկ Պետրոսյանի խոսքով` ցուցահանդեսին մասնակցում են մոտ 6 աշխատանք առաջարկող ընկերություններ, իսկ կրթական ծրագրեր առաջարկողները 40-ից ավել են:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կշարունակվի նաև վաղն ու մյուս օրը: Փակման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին` ժամը 17:00-ին:

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են սեմինարներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ կրթութան ոլորտում առկա բարեփոխումների վերաբերյալ:

«Logos-Expo Center»-ի պաշտոնական կայքում` www.expo.am, բոլոր հետաքրքվողները կարող են ստանալ ցուցահանդեսի մասնակից ընկերությունների մասին տեղեկություններ:

Լիլիթը մասնագիտությամբ հոգեբան է, «Կրթություն և կարիերա Expo 2009» ցուցահանդեսում հույս ունի գտնել որևէ աշխատանք: «Կցանկանայի կրթություն ստանալ արտասահմանում կամ գործ գտնել պետական մարմիններում՝ իմ մասնագիտության գծով»,-ասում է Լիլիթը:

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքն ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. «Այս միջոցառումը բոլոր ուսումնական հաստատությունների համար ապահովում է ազատ և հավասար մրցակցային պայմաններ, հիմքեր է ստեղծում առաջավոր փորձի ու ձեռքբերումների տարածման համար»:

Ցուցահանդեսի տեղեկատվական գլխավոր հովանավոր «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անդրադարձ կատարեց կրթության ոլորտում մրցունակության ապահովման կարևորությանը, ինչպես նաև կոչ արեց տնտեսական ոլորտի ներկայացուցիչներին` անմիջական մասնակցություն ունենալ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման գործընթացին:

«Logos-Expo Center» ցուցահանդեսային ընկերությունն ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ: 10 տարիների գործունեության ընթացքում տեղական և օտարերկրյա ցուցահանդեսների  թիվը հասել է 100-ի:

Դիտվել է 1990 անգամ:
Print Friendly

Leave a Reply