Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին՝ հայ-թուրքական հարաբերություններում նրա դերակատարման համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 14, 2009 12:24

naxagahՄոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` այս տարվա ընթացքում արդեն յոթերորդ հանդիպմանը երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային ու հայ-ռուսական համագործակցության խնդիրներին, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայթուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Նախագահներն անդրադարձել են նաև առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը, միջտարածաշրջանային համագործակցության խորացմանը, էներգետիկայի և ռազմատեխնիկական ոլորտում խոշոր նախագծերի իրականացմանը, տարածաշրջանային կազմակերպություններում` ԱՊՀում, ՀԱՊԿում և ԵվրԱզԵսում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

«Ինչպես և պայմանավորվել էինք, շարունակում ենք պարբերական և ինտենսիվ երկխոսությունը, հանդիպում և շփվում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Վերջերս հանդիպեցինք Քիշնևում, քննարկեցինք ԱՊՀի հեռանկարները և առկա դժվարությունները, հետո ԼՂ հակամարտության կարգավորման շատ բարդ խնդրի շուրջ հանդիպում ունեցանք` Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ»,-ասել է Մեդվեդևը ՝ ըստ էության ընդգծելով, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում Ռուսաստանը նշանակալի դեր ունի:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ ԼՂ խնդրում և Թուրքիայի հետ հարաբերություների զարգացման հարցում աջակցության համար: «Ռուսաստանի արտգործնախարարի ներկայությունը ստորագրման արարողությանը մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ձգտում է խաղաղության և ամուր անվտանգության»,-նշել է Սարգսյանը:

Նախագահները հատուկ անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿի շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներին և Արագ արձագանքման հավաքական ուժերին` օրերս Ղազախստանում մեկնարկելիք «Փոխգործակցություն-2009» զորավարժությունների համատեքստում:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply