«Ապրիլի 23-ին խրախճանքներ անել` կապված գրքի հետ, նույնն է, որ ապրիլի 24-ին հարսանիք անենք». Արմեն Մարտիրոսյան

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 5, 2012 7:22

«Ոչ ոք չի կարող ասել, որ ես ուժերիս ներածին չափով ամեն բան չեմ արել, որ Երևանը արժանի դառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչմանը, սակայն գրքից հասկացող ամեն մարդ շատ լավ տեսնում է, որ այն, ինչ հիմա տիրում է  Հայաստանում այդ ոլորտում, խայտառակություն է»,- ասում է «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Լինելով գրքի հրատարակչության ոլորտի առաջատար ընկերություններից մեկի նախագահը` նա ավելի քան տեղյակ է գրքի խնդիրներից, ուստի չի կարող հանգիստ նայել, թե ինչպես են տոնում 500-ամյա պատմություն ունեցող հայ տպագիր գրքի տոնը` առանց լուծելու գրքի խնդիրները: «Գիրքն այսօր կիսամեռ վիճակում է, որովհետև ընթերցող չունի, և ապրիլի 23-ին խրախճանքներ անել` կապված գրքի հետ, նույնն է, որ ապրիլի 24-ին հարսանիք անենք: Ես հենց այդ տաշի-տուշիից էի վախենում»,- ասում է նա` այս կոշտ համեմատությամբ ցանկանալով սթափեցնել ոլորտի պատասխանատուներին:

Հրատարակչի համար անընդունելի է նաև գրքի տոնի հետ կապված արձան կառուցելը: Նրա կարծիքով, ավելի լավ կլիներ, եթե դրա փոխարեն, օրինակ, 200 գրադարանի մեկական գիրք նվիրվեր: «Ես չեմ ասում, որ չպիտի լինի տոնախմբություն, համերգներ, բայց պետք է նաև մի գործնական բան լինի,- ասում է նա,- որևէ գյուղում այս օրերին մի գիրք ավելացա՞վ, մի ընթերցող ավելացա՞վ, քանի՞ հոգի ավելի մտավ գրադարան, մի գիրք ձևավորող, մի թարգմանիչ, մի խմբագիր ավելի կարողացա՞նք պատրաստել»:

Նա կարծում է, որ այդ օրը պետք է 10 հրատարակչությունում մեկական գրքի շնորհանդես լիներ, ամեն հայ մի գիրք գներ կամ էլ նախագահը, վարչապետը կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բարձրաձայն որևէ բան կարդային, ինչը գեղեցիկ ավանդույթ է շատ երկրներում:

Մարտիրոսյանը չի թերագնահատում մշակույթի նախարարի և նրա թիմի ջանքերը, որպեսզի Հայաստանը դառնա գրքի համաշխարհային մայրաքաղաք: Գիտի նաև, որ այս տիտղոսը հենց այնպես ոչ ոքի չեն տալիս, և այդ աշխատանքի արդյունքում է աշխարհը մեզ հավատացել, բայց նա հիշեցնում է. «Չէ՞ որ մենք մեր մասին ավելին գիտենք, քան աշխարհը…»:

Գրադարաններում գիրք չունենք, բանիմաց աշխատակիցներ չունենք, գրադարանավարները չնչին աշխատավարձ են ստանում, իսկ գրադարանավարի լավ աշխատանքից է կախված տվյալ համայնքի ընթերցանության մակարդակը, մարզային գրադարանները տարեկան ընդամենը 400 հազար դրամ են ստանում գրականություն համալրելու նպատակով, այն էլ սահմանափակում է դրված, որ գիրքը միջինը չպետք է գերազանցի 1500-1800 դրամը, Հայաստանում գրախանութի սահմանում չկա. դրանք կա՛մ գրենական պիտույքների խանութներ են` վատ ներկայացված գրքերի բաժնով, կա՛մ ռուսական լեզվի գրախանութներ` վատ ներկայացված հայ գրքով, կա՛մ էլ ուղղակի ռուսական գրքի խանութներ են: Վերջնականապես մոռացված է գրքի խմբագիր հասկացությունը (և՛ ոճական, և՛ գիտական կամ մասնագիտական), չունենք թարգմանիչներ, առնվազն 80 լեզվի թարգմանության խնդիր ունենք, և այլն և այլն:

«Մեր դիտարկումները ցույց են տվել, որ Հայաստանում գրական վերելք է տեղի ունեցել միայն այն ժամանակ, երբ դրան նախորդել է թարգմանչական լուրջ աշխատանք, ինչն էլ ստեղծել է գրական մթնոլորտ»,- ասում է նա,- այսօր գրական մթնոլորտ չունենք»:

Մարտիրոսյանը թվարկում է գրքի ոլորտի մյուս ոչ պակաս կարևոր խնդիրները. Հայաստանում տարիներ շարունակ առանց  հեղինակային իրավունքի գրքեր հրատարակելու վատ ավանդույթը, ինչը միջազգային շրջանակներում վարկաբեկել է պետությանը, գրախանութների կողմից հրատարակչական գործառույթ կատարելը (նա համոզված է, որ գրախանութը պետք է զբաղվի գրքի վաճառքով և միջնորդ հանդիսանա հրատարակչի և գնորդի միջև` հրատարակչին տալով այն տեղեկատվությունը, թե ինչ գրքի կարիք ունի հասարակությունը), պետության կողմից գրախանութները շրջանցելու և գիրքը հրատարակչից գնելու վատ սովորույթը և այլն:

Մի խոսքով, նա համոզված է, որ բոլոր հարցերը միմյանց փոխկապակցված են, և մինչև ոլորտի բոլոր պատասխանատուները մի սեղանի շուրջ չնստեն և համատեղ չքննարկեն այս խնդիրները, ոչինչ չի փոխվի:

Քննարկելուց և խնդիրները մատնացույց անելուց բացի, որպես հրատարակիչ, Մարտիրոսյանը բազմիցս է հանդես եկել ոլորտը բարեփոխելու ծրագրերով, սակայն դրանք հաճախ ապարդյուն են եղել. «Մոտ երկու տարի առաջ մշակույթի նախարարին մի ծրագիր առաջարկեցի, որն անգամ հանրապետության նախագահին էր ներկայացվել,- ասում է նա,- գտել էի ներդրող, ինչն այսօր ամենադժվար խնդիրն է, որը պատարստ էր Հայաստանի 48 քաղաքներում կառուցել մեկական գրախանութ` տիպային, գեղեցիկ, թափանցիկ, որը ծառայելու էր ոչ միայն որպես գրախանութ, այլև ունենալու էր փոքրիկ կինոդահլիճ ու ցուցասրահ` փաստորեն լուծելով նաև տվյալ քաղաքի մշակութային այլ խնդիրներ: Մեր առաջարկն այն էր, որ քաղաքապետարանները գրախանութի համար հատկացվող տարածքից սկզբնական շրջանում հողի հարկ չվերցնեին: Բոլորը ողջունեցին ծրագիրը, սակայն մինչ օրս ոչ մի քաղաքապետ համագործակցության  որոշակի քայլ չի արել»:

Այս և մյուս բոլոր խնդիրների լուծման բանալին Մարտիրոսյանը տեսնում է գրքի նկատմամբ իշխանությունների որդեգրած վերաբերմունքի ու քաղաքականության մեջ: Նա գիտի մի պարզ բան. ցանկացած հասարակության 10 տոկոսը չի կարդալու, եթե անգամ ծեծես կամ պարգևատրես, մյուս 10 տոկոսը կարդալու է, եթե անգամ բանտ նստեցնես կամ աչքերը հանես: Մնացած 80 տոկոսի` դեպի գիրքը թեքվելը կամ գրքից երես թեքելը, ըստ Մարտիրոսյանի, կախված է նրանից, թե ինչ իշխանություններ ունի տվյալ հասարակությունը:

Մարիտիրոսյանը հիշում է նաև, որ 2007 թ., երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցրել են, թե գիրք գրելո՞ւ է, նա պատասխանել է. «Ո՛չ, ես գիրք գրել չեմ սիրում»: Հաջորդ հարցին, թե գիրք կարդալո՞ւ է, պատասխանել է. «Ո՛չ, ես գիրք կարդալ չեմ սիրում»: «Ամենավատ բանը, որ երբևէ հեռուստատեսությամբ լսել եմ, դա էր»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը ու նաև հիշում, թե ինչպես է այդ ժամանակ իր 6 տարեկան դուստրը մոտեցել իրեն ու ասել. «Հայրիկ, առավոտից իրիկուն հետևիցս ես ընկնում, որ գիրք կարդամ, տեսնու՞մ ես, նախագահն էլ գիրք կարդալ չի սիրում, է՛լ ինձ չասես գիրք կարդա…»:

 

Դիտվել է 1482 անգամ:
Print Friendly

Leave a Reply