Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 2, 2012 19:14

Կոտայքի մարզում Հանրապետության ղեկավարը մասնակցել է Մարմարիկի ջրամբարի բացման արարողությանը, ծանոթացել ջրամբարի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Մասնագետների հավաստմամբ, վթարված վիճակում գտնվող Մարմարիկի ջրամբարը մեծ վտանգ էր հանդիսանում հարակից տարածքի շուրջ 142 հազար ազգաբնակչության համար: Ջրամբարի կազմի մեջ մտնող կառուցվածքներից առավել մեծ վտանգ էր ներկայացնում շինարարական թունելը:
Նախագահին զեկուցվել է, որ ջրամբարի վերականգնման շնորհիվ վերացել է ազգաբնակչությանն սպառնացող վերոնշյալ վտանգը: Նշվել է, որ վերականգնված ջրամբարը հնարավորություն է տալիս նաև կարգավորել Մարմարիկ գետի հոսքերը, որոնք գարնանային վարարումների ընթացքում ամեն տարի մեծ վնաս էին առաջացնում: Ըստ պատասխանատուների, իրականացված աշխատանքների արդյունքում Մարմարիկի ջրամբարի գործարկմամբ հնարավոր կլինի լրացուցիչ ոռոգել Կոտայքի մարզի 1055 հա հողատարածք (Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Արտավազ, Հրազդան բնակավայրերում) մոտ 9 մլն մ3 ջրով: Ինքնահոս եղանակով լրացուցիչ ջրաքանակ (շուրջ 14 մլն մ3) կտրվի Արտաշատի ջրանցքին: Նույն ջրաքանակն անցնելով Սևանի ՀէԿ-երի կասկադով՝ կարտադրի տարեկան մոտ 21 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Ջրամբարի լցնումը կսկսվի 2012թ. գարնանը՝ սահմանված գրաֆիկի համաձայն:
Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել են նաև Հրազդան քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքները: Նշվել է, որ 2010-2011թթ. Հրազդան քաղաքում իրականացված 2 ներդրումային ծրագրերի արդյունքում վերակառուցվել են քաղաքի բաշխիչ ցանցը և «Մաքրավան-2» պոմպակայանը: 2012-2016թթ. 2-րդ ծրագրի շրջանակներում կիրականացվեն Հրազդանի բաշխիչ ցանցի մնացած՝ մոտ 35 կմ ջրագծերի և հիմնականում բազմաբնակարան շենքերի մուտքագծերի փոխարինման աշխատանքները, որոնց արդյունքում ակնկալվում է ամբողջ քաղաքն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Գեղարքունիքի մարզում Սերժ Սարգսյանը ծանոթացել է Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսվում է ավարտել 2012թ. օգոստոսի վերջին:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply