Փաթեթա-պատում

ԷՍՍԵ | | April 30, 2012 17:38

Գիտաշխատողը ննջեց… Չնայած որ խռովահույզ էին մտքերը՝ դրսում ցրտաշունչ եղանակին կանգնած սպասելուց հետո ներսի ջերմությունը մի հաճելի թմբիր իջեցրեց նրա վրա:

…Իբր կարգին փող են ստանում՝ հիմա էլ էդ սոցիալական փաթեթ կոչվածից, չգիտես ինչու՞, գիտական հաստատությունների աշխատողները չեն կարող օգտվել: Ախր սեւով սպիտակի վրա գրված է, որ «Այս տարվա հունվարի 1-ից կառավարության որոշմամբ բոլոր պետական ծառայողներին կտրամադրվի սոցիալական փաթեթ՝ 132 հազար դրամի չափով»: Մի ուրիշ տեղ էլ` էլի սեւով սպիտակի վրա, գրված է, որ Ակադեմիայի ինստիտուտները Պետական ՈԱԿ (ՊՈԱԿ) են: Ջոգողությու՞ն են անում…

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ փաստաթղթում էլ ասվում է՝ 1.Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում՝ սոցիալական փաթեթում ներառված ծառայություններից օգտվելու ընթացակարգը:

Ա-հա՜… Կրթության ոլորտը ներառված է: Ախր ես շուտվանից էի ասում, որ Կրթության և գիտության նախարարությունը բացառապես կրթության գործերով է զբաղվում: Լավ, լավ, բացառապես չէ՝ մի 90 տոկոսով… Դե բոլորն են էդ հասկացել ու նախարարությունում մի բաժին են բացել, անունը դրել Գիտպետկոմ, որ գիտության հարցերով զբաղվի: Ավելի ազնիվ չէ՞ր լինի, եթե նախարարության մնացած բոլոր ստորաբաժանումներն էլ՝ միասին վերցրած, անվանեին Կրթպետկոմ…

– Լավ, վերջ հոգեբանական էքսցեսներին՝ կրթությունն ու մշակույթն էլ մի լավ օրի չեն: Թվեր են պետք: Հարկավոր է դրանց տրամաբանությունը հասկանալ: Խորասուզվեց մտքերի մեջ ու հերթականությամբ աչքի դեմն ելան 3 մտահոգիչ փաստեր՝ իրենց հղումներով.

1. Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 114 հազ. դրամ (http://www.panarmenian.net/arm/news/99614/)

2. Հայաստանում գիտության ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը մոտ 60 հազ. դրամ է (երիտասարդ գիտաշխատողների աշխատավարձը՝ 30-40 հազ. դրամ) (http://nt.am/am/news/3085/)

3. Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով մոտ 63 հազ. դրամ է (http://www.1in.am/arm/a_a_18151.html)…

Տրամաբանությունը չհասկացավ: Էս թվերը տեսնելուց հետո նույնիսկ մանկապարտեզի երեխան էլ կհասկանար, որ գիտության ոլորտից սոցիալապես ավելի խոցելի խավ հազիվ թե գտնվի: Կրկին հոգեբանական էքսցեսները պարուրեցին նրան…Դիտավորությու՛ն է…

-Ձեր էդ փաթեթի անունն ինչ ուզում էիք՝ դնեիք, միայն ոչ սոցիալական…

Կոլեգաների բարձր ձայներից ցնցվելով գլուխը բարձրացրեց, անջատված հայացքով ու հիմար կիսաժպիտով շուրջը նայեց՝ լիովին չգիտակցելով, թե որտեղ է գտնվում: Բայց դե գլուխը ծանր էր, կոպերն էլ ծանրացան ու էդ ծանրության ուժերի համազորի ուղղությամբ գլուխը կրկին աստիճանաբար կախվեց առաջ ու մի քիչ աջ (աջ կոպը մինչեւ վերջ էր փակել աչքը, իսկ ձախ աչքը դեռ կիսաբաց էր մնացել (կամ կիսափակ)):

…Մի մեծ սրահ էր՝ մեջտեղը ձվածիրաձեւ դասավորված սեղաններ, դրանց մեջտեղն էլ չինական վարդերով-բաներով խոշոր ծաղկամաններ, սեղանների շուրջն էլ փողկապավոր մարդիկ էին նստած ու քննարկում էին, թե ո՞վ կարող է օգտվել սոցիալական փաթեթից: Ու գիտաշխատողը շրջում էր սեղանների ու ծաղկամանների արանքներով՝ լսելով ներկաների խոսակցությունները, իսկ իր ներկայությունը ոչ ոք չէր նկատում: Նա անտեսանելի էր…

-Բա գիտության ոլորտը չե՞նք ներառում ցուցակի մեջ, ասաց կարմիր փողկապով մի պաշտոնյա:

-Չէ, չէ, ի՞նչ գիտություն.-նրան ընդդիմացավ կողքի սեւ փողկապավորը,-դրանք բժիշկների հոգին կհանեն: Էդ 132 հազարից 52 հազարը պարտադիր բժշկական ապահովագրություն է:

-Բայց ի՞նչ տարբերություն կրթության, մշակույթի…-փորձեց հասկանալ կարմիր փողկապավորը:

-Շատ մեծ. – ընդհատեց սեւ փողկապավորը. – գիտության ոլորտի աշխատողների միջին տարիքը համարյա 60 է, հասկանու՞մ եք: Դա նշանակում է, որ ամեն 20 տարեկան աշխատողի հետ պիտի լինի մեկ 100 տարեկան, կամ 30 տարեկանի հետ՝ 90 տարեկան, 40 տարեկանի հետ՝ 80 տարեկան:

-Բայց, չէ՞ որ առանց գիտության երկրում զարգացում ակնկալելն անիմաստ է դառնում…

Հանկարծ սրահի լույսերը մարեցին եւ ծաղկամանների վերեւում օդում կախվեց կանաչավուն գույնով առկայծող, դանդաղ պտտվող մի տեքստ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԵՐԿԻՐ՝ 1 ՄԼՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՄԲ…Այնուհետեւ մի փոքր լուսավորվեց սրահը եւ տիրեց դեղնա-դարչնագույն կիսախավար: Սեւ փողկապավորը բռնեց կարմիր փողկապավորի ձեռքը: Որոշ դադարից հետո առաստաղից լսվեց սարսափազդու մի ձայն՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԾԵՐԱՆՈՒՄ Է… ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԵՌՆԻ… ՊԵ՛ՏՔ Է ՄԵՌՆԻ… ԹՈՂԵ՛Ք ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌՆԻ…

-Զարթնի՛ր.- գիտաշխատողի ուսը ցնցեցին.-քնա՞ծ ես, զարթնի՛ր:

Աչքերը դժվարությամբ բացեց: Սառը քրտինքով էր պատել մարմինը: «Ի՜նչ լավ է, որ երազ էր ու «ջոգողություն» բառը երազում եմ ասել…».-թեթեւացած շունչ քաշեց գիտաշխատողը:

Ծառայողական ավտոբուսը հասել էր աշխատավայր…

Ստեփան Գյոզալյան

Դիտվել է 2268 անգամ:
Print Friendly

Leave a Reply