Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը 2012-ին դարձավ գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաքը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 26, 2012 11:41

Ապրիլի 22-ին Բուենոս Այրեսը պաշտոնապես Երևանին փոխանցեց գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը: Հայաստանի մայրաքաղաքն այդ պատվավոր տիտղոսը կրելու իրավունքը նվաճեց հայ տպագրության 500-ամյա ժառանգության շնորհիվ: Խնդիր դրվեց տոնը դարձնել ոչ միայն համահայկական, այլև միջազգայնացնել մեր բազմադարյան գրավոր մշակույթը` ողջ տարվա ընթացքում արտերկրում և Հայաստանում կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ:

Ապրիլի 20-23-ը Երևանում տեղի ունեցան տոնական բարձրակետը համարվող միջոցառումներ:  Շատերի համար էլ ամենամեծ նվերն այս առթիվ աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի բացօթյա համերգն էր Երևանի սրտում: Այդ օրն իսկապես մայրաքաղաքի փողոցներում տարածվեց տոնական անկեղծ ու ջերմ մթնոլորտ, և մի պահ մոռացվեցին այն թերություններն ու բացթողումները, որոնք կան գրքի ու գրականության ոլորտում:

Հետաքրքիր է այն փաստը, որ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը 2012 թվականին դարձավ գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաքը:

Գրականության ինստիտուտի փոխտնօրեն,  գրականագետ Վարդան Դևրիկյանը կարևորում է Հայ գրքի 500-ամյակի առթիվ իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, սակայն ընդգծում, որ դրանք պետք է նախ և առաջ ծառայեն իրենց բուն նպատակին. «Այն միջոցառումները, որոնք տեղի ունեցան այդ մի քանի օրերին,  բավականին ճաշակով էին, ամենակարևորը, որ զուգակցվել էին և՛ պատմական, և՛ ժամանակակից կողմերը, այն բոլոր միջոցառումները, որոնց ես ներկա եմ եղել, գրադարանային, գրքի շաբաթներ և այլն, նույնպես շատ ոգևորիչ էին և իմ կարծիքով` յուրօրինակ: Իմ կյանքը այսպես թե այնպես անցնում է գիրք կարդալով, բայց մասնակցելով այդ միջոցառումներին` ավելի եմ ոգևորվել և ցանկացել եմ ևս կես ժամ, մեկ ժամ ավելի կարդալ, սակայն յուրաքանչյուր հոբելյան անիմաստ կլինի, եթե  չվերարժևորի այն, ինչին նվիրված  է»,- կարծում է նա:

Ուստի, նշել հայ գրատպության 500-ամյակը, ըստ գրականագետի, նշանակում է առաջին հերթին արժևորել հայ գրականությունը և գրքի տոնը վերածել հայ գրականության ընթերցանության տոնի. չէ՞ որ գիրքը վերացական, տեխնիկական հասկացություն չէ, գիրքը գիրք է նախ և առաջ իր նյութով ու բովանդակությամբ: «Գրադարակներում դրված գրքերի էջերի գրերը կենդանանում են, երբ մարդկային հայացքը հանդիպում է այդ տառերին»,- մեջբերելով երջանկահիշատակ Գարեգին Առաջինի խոսքերը` Դևրիկյանը ցանկանում է, որ այս հոբելյանական տարին դառնա մեր գրադարակներում նիրհող, իրար վրա կուտակված գրքերի էջերի գրերի վերակենդանացման տարի:

Դևրիկյանն ընդունում է, որ համակարգչային, տեղեկատվական նոր տեխնոլոգիաները, գրքի ինտերնետային տարբերակը այլ մշակույթ են ձևավորել, սակայն համամիտ չէ այն տեսակետին, թե գիրքն աստիճանաբար վերածվում է հուշանվերային հասկացության: Նա համոզված է, որ դա գիտատեխնիկական նոր արտահայտության մի «գլխապտույտ է», որ ժամանակի հետ կանցնի, քանի որ այն, ինչ շոշափելի չէ, իր առարկայական հետքը չի կարող թողնել: «Այս միջոցառումը կարևոր է ոչ միայն գիրն ու գրականությունը վերաարժևորելու տեսանկյունից, այլև իր ազգային համախմբիչ նշանակությամբ, որովհետև հայ գիրքն էլ մեր ժողովրդի նման աստանդական ու թափառական է եղել և հայկական տպագրության հիմնադրումից երկուսուկես դար հետո է միայն հայ հողի վրա հաստատվել»,- ասում է նա:

Ոգևորված հոբելյանական միջոցառումներից` Դևրիկյանը նկատում է. «Մեզ մոտ մի տեսակ հոգեբանական բարդույթ է առաջացել, որ Հայաստանում որևիցե լավ բան չի կարող լինել, միջազգային հնչեղության որևէ նախաձեռնություն չի կարող իրականացվել, սակայն կարծում եմ` այն մարդիկ, որոնք քննադատում, ստվերում և անգամ բոյկոտում էին այս նախաձեռնությունը, պետք է ներքուստ ամաչեն և որպես ապաշխարանք` ավելի եռանդով լծվեն այս մեկ տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումներին»:

Վարդան Դևրիկյանի նշած քննադատողներից մեկն էլ բանասեր, մատենագետ, «Հոգևոր Հայաստան» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանն է, որ անցած տարվա ընթացքում «Անկախի» էջերում պարբերաբար արտահայտել է իր անհանգստությունը: Եվ մեծ էր մեր զարմանքը, որ նրան էլ շատ ուրախ ու ոգևորված տրամադրության մեջ հանդիպեցինք: «Իհարկե, շատ գոհ ու հիացած եմ: Ինչո՞ւ եք կարծում, որ նա, որ հարկադրված շարունակ քննադատական խոսքով է հանդես գալիս ու թերություններն է մատնանշում, իսկապես լավը տեսնելու կարողություն չունի: Հենց միայն այն, որ Ազգային գրադարանից դուրս մղվեցին «օտար մարմինները», և գրադարանի թամանյանական շենքը վերականգնեց իր կերպարը, ինձ համար մեծ ուրախություն է: Չլիներ այս տոնակատարության հետ կապված իրարանցումը, դժվար է ասել, թե այն ամոթալի իրավիճակն ինչքան կշարունակվեր: Այսպիսի խոսք կա. «Թող գովաբանեն թշնամիները, որ քնացնեն, իսկ ես բարեկամ եմ, վատը կնշեմ, որ սթափ լինես ու շտկելու մասին մտածես»:

Տոնակատարությունը  զրուցակիցս հիանալի գնահատեց և նշեց որ մենք` հայերս, մեր մշակութային ժառանգությամբ, արժանի ենք դրան: «Բայց խոստովանենք` այդ ժառանգության հաշվին,- շեշտեց նա:- Շուտով հյուրերը կգնան: Տոնական թմբուկները կլռեն, իսկ գրքին առնչվող ոլորտներում առկա խնդիրները մնացել են, չէ՞: Իմ ձգտումն այն է, որ մի 100-200 տարի հետո մեր սերունդները նաև այս օրերի ձեռքբերումներով հպարտանան: Տոնակատարությունը  չէ, ցուցահանդեսները չէ, այլ ընթացիկ Գրքի տարին ցույց կտա, թե ինչ ազդեցություն թողեց այն մեր մշակույթի զարգացման ճանապարհին: Եթե մեր պաշտոնյաները վերջապես փորձեն լսել քննադատողներին, փորձեն հասկանալ, թե ինչ են ասում, առավել ևս փորձեն շտկելու քայլեր անել, այ դա իսկապես մեծ նվաճում կլինի: Եվ առաջին ուրախացողները, կարծում եմ, հենց ներկայիս քննադատողները կլինեն»:

Հիշեցնենք, որ Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվա հաջողված փորձից հետո (որը նշվում է 1996 թվականից), ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի նախագիծը: Առաջինը գրքի  համաշխարհային մայրաքաղաք դարձավ Մադրիդը` 2001 թ.: Նախագիծը հաջողվեց, և հաստատվեց «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ամենամյա անվանակարգը: Մադրիդից հետո գրքի մայրաքաղաքներ դարձան Ալեքսանդրիան (2002 թ.), Նյու Դելին (2003 թ.), Անտվերպենը (2004 թ.), Մոնրեալը (2005 թ.), Թուրինը (2006 թ), Բոգոտան (2007 թ.), Ամստերդամը (2008 թ.), Բեյրութը (2009 թ.), Լյուբլյանան (2010 թ.), Բուենոս Այրեսը (2011 թ.), Երևանը (2012 թ.): Ի դեպ, արդեն ընտրված է նաև հաջորդ տարվա գրքի մայրաքաղաքը` Բանգկոկը:

Այդ պատվավոր տիտղոսը ձեռք բերելու գործը Հայաստանի համար հեշտ չի եղել: Մշակույթի նախարարությունն այդ հարցում իսկապես լուրջ աշխատանք  է տարել` ներկայացնելով գեղեցիկ ու բովանդակալից ծրագիր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ծանոթանալով 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանի ամբողջական ծրագրին, ասել է. «Ես շնորհավորում եմ Երևան քաղաքին, որը ներկայացրել է չափազանց հետաքրքիր ծրագիր` ներառելով ինքնարտահայտման ազատությանը խթանող բազմաթիվ թեմատիկ նախագծեր: Ծրագիրը նախատեսում է նաև միջոցառումներ երեխաների համար, որոնք ապագայի ընթերցողներն ու գրողներն են:  Գրական աշխարհի համախմբումը` գրողներից մինչև հրատարակիչները,  կդառնա երևանյան ծրագրի հաջողության և շարունակական արդյունավետության գրավականը»:

Նախաձեռնողները հույս ունեն, որ մայրաքաղաքի ու երկրի մշակութային կյանքում «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012-ը» շրջադարձային ու կարևոր իրադարձություն կդառնա: Ծրագրված է իրականացնել մի շարք միջոցառումներ` մեծարելու գրքի կայացման բարդ շղթայի բոլոր մասնակիցներին` գրողին, թարգմանչին, հրատարակչին, գրադարանին, գրավաճառին և գնորդին: Տարվա ընթացքում նախատեսված են նաև մի շարք միջոցառումներ` գրքի միջազգային ցուցահանդեսներ ու տոնավաճառներ Իտալիայում, Գերմանիայում, Չինաստանում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Ռումինիայում, Լեհաստանում և այլուր, որոնց միջոցով հայ գիրքը ներկայանալի ու ճանաչելի կդառնա նաև աշխարհում:

 

Դիտվել է 2567 անգամ:
Print Friendly

Leave a Reply