Խոհեր ցեղասպանության մասին

ԷՍՍԵ | | April 19, 2012 13:48

 Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է:

Դեռ հարյուրամյակներ առաջ եվրոպական մեծ տերությունները հայկական հարցը շահարկում էին լոկ իրենց մեծապետական շահերից ելնելով: Օսմանյան կառավարությանը պարտադրվող բարեփոխումների ծրագրերն էլ իրենց մեծապետական ծրագրերի իրականացման արդյունք էին: Նման քաղաքականություն վարեցին Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան:

Այդ պետություններն ուղղակի կամ անուղղակի պատասխանատու էին Հայոց ցեղասպանության համար: Մասնավորապես, Գերմանիան իր անթաքույց համակրանքով խրախուսեց Թուրքիային` իրականացնելու մեծ ոճիրը: Անգլիան միայն սադրիչ գործողություններ էր իրականացնում և հայկական շահերը պաշտպանելիս բանաձևից այն կողմ չէր անցնում: Ավելին` անգլիական կառավարությունը երբեմն խրախուսում էր թուրքերի գործունեությունը:

Առավել անազնիվ խաղ էին խաղում Ռուսաստանն ու Ֆրանսիան: Վերջինս անուղղակի մեղավոր է Կիլիկիայի հայաթափման ու կոտորածների համար, այն դեպքում, երբ ֆրանսիական բանակի կազմում կռվող Արևելյան (հայկական) լեգեոնը պատվով կատարեց իր առաքելությունն ու պաշտպանեց Ֆրանսիայի շահերը Պաղեստինում ու Սիրիայում: Ֆրանսիայի կառավարությունը, գործարքի մեջ մտնելով թուրքերի հետ, զինաթափեց հայկական զինված ուժերը և ուղղակի վաճառեց հայկական Կիլիկիան թուրքերին:

Պատմությունը մեզ իր դասերն է ավանդում, ինչն այսօր բավական հիմք է տալիս կասկածելու մերօրյա Ֆրանսիայի իշխանությունների անկեղծությանը:

Մինչդեռ բոլորը մոռացան այն թատրոնը, որ խաղում էին ֆրանսիական սենատորները նիստերի ժամանակ: Մոռացվեց անգամ, երբ մեկը, հօգուտ թուրքերի փաստարկ բերելով, նշեց, որ հայերը կոտորվել են ոչ հրեաների պես, այլ շատ ավելի տանելի և քաղաքակիրթ պայմաններում… Ահա քեզ Ֆրանսիայի ազնվությունը:

Այսօր աշխարհի խոշոր քաղաքական խաղացողներից է Իսրայելը,  որն այսօր մերթ ընդ մերթ շահարկում է Հայոց ցեղասպանությունը` Թուրքիային սանձահարելու և իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Այսինքն` Իսրայելը նույնպես հայերի արյունն ու հիշատակը շահարկման զենք է դարձրել:

Սկսած XVIII դարից` ռուս-թուրքական բոլոր պատերազմներում Ռուսաստանը, ձգտելով ստանալ հայության աջակցությունը, սին ու սուտ խոսքերով գրավում էր հայ ժողովրդին: Հայերը, լծվելով ռուսական ռազմակառքին, աջակցում էին ռուսական զենքի հաղթանակին: Բայց, որպես կանոն, ռուսները հայկական շահերը ստորադասում էին իրենց բալկանյան շահերին և Հայաստանի հաշվին փոխզիջումներ անում: Այդպես եղավ XVIII-XIX դարերում բոլոր ռուս-թուրքական պատերազմների ընթացքում: Իսկ Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ փաստացի ազատագրած էր Արևմտյան Հայաստանի տարածքը, ռուսական կաբինետը ոչինչ չձեռնարկեց այնտեղ հայկական ինքնավարության հաստատման համար, ավելին` Ռուսաստանին պետք էր Հայաստանն առանց հայերի, և ահա կազմակերպվեց Վանի անհասկանալի, անիմաստ, ռազմավարական և այլ տեսանկյուններից ոչ մի կերպ չարդարացված նահանջը, որի հետևանքով հայաթափվեց հաղթական Վասպուրականը:

Առհասարակ Առաջին աշխարհամարտը ամենաողբերգականն է հայոց պատմության մեջ: Ողջ պատերազմի ընթացքում շուրջ 10 միլիոն զոհեր եղան, որոնց մեկ վեցերորդ մասը հայեր էին, թեպետ պետություն և պետականություն չունեին ու որպես կողմ չէին մասնակցում պատերազմին:

Միաժամանակ Առաջին աշխարհամարտը լավագույն առիթն էր հայության իղձերի իրականացման համար:  Բայց ավաղ,  եվրոպական տերությունների նենգ դիվանագիտությանը զոհ գնաց ոչ միայն հայության երազանքը, այլև հայությունն ինքը:

Ռուսաստանը հետագայում էլ շարունակեց իր «եղբայրական ու հայանպաստ» կեցվածքը և թուրքի հետ դաշնակցելով` արյան մեջ խեղդեց Հայաստանի անկախության երազը: 1920 թ. թուրք-հայկական պատերազմից առաջ ռուսները, Հայաստանի դիվանագիտական մեկուսացումից զատ, էական նյութական օգնություն ցույց տվեցին Թուրքիային: Խորհրդային Ռուսաստանը Թուրքիային մատակարարեց 400 հրանոթ, 100.000 հրացան, 500 գնդացիր, 200 դաշտային հեռախոս, ռադիոկայաններ, ինքնաթիռներ, վառելիք, 100.000 զինվորական համազգեստ, 5 միլիոն ռուբլի` ոսկով: Այդ ամենը` Հայաստանի վրա հարձակվելու և Հայաստանին ծնկի բերելու համար: Սա էլ` «եղբայրական ռուս մեծ ժողովուրդը»…

Պատմությունը դաս է տվել, որ հողային հարցերը լուծվում են միայն պատերազմի միջոցով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զենքի կոչվեց մոտ 650.000 հայ ամբողջ աշխարհից: Երբևէ պատմության ընթացքում Հայաստանը և հայ ժողովուրդը նման բանակ չի հանել: Եթե հայությունը համախմբված Առաջին աշխարհամարտի ժամանակ մարտի դաշտ դուրս բերեր այդ թվի 10% չափով զինվոր, ցեղասպանությունը չէր լինի: Եթե այսօր հաջողվի նման մեծաքանակ բանակ հանել Թուրքիայի դեմ, պատմական արդարությունը կվերականգնվի:

Այդ 650.000 զինվորներից մարտի դաշտում զոհվեցին 350.000-ը: Հարյուրհազարավոր զոհեր տվեցինք հանուն սովետական ժողովուրդների եղբայրության սին գաղափարի: Որքան էլ ընդդիմախոսները պնդեն, թե դա պատերազմ էր ընդհանուր հայրենիքի համար, միևնույն է, այդ պատերազմում շահեցին միայն ռուսը, ուկրաինացին և բելառուսը, իսկ Խորհրդային Միության մյուս ժողովուրդները միայն կորցնողի դերում էին: Եվ եղբայրական ռուս ժողովուրդը ոչինչ չարեց հայությանն իր պարտքը վերադարձնելու համար, մինչդեռ պատեհ առիթ կար ոչ հեռավոր 1945 թվականին: Սակայն Խորհրդային Միության կառավարությունն ի լուր աշխարհի հայտարարեց, թե հողային պահանջներ չունի Թուրքիայի Հանրապետության նկատմամբ:

Մեր պապերը Հայրենական պատերազմում զոհվեցին հանուն Ռուսաստանի մեծապետության, հանուն նրա, որ հետագայում ռուս զինվորը հայ կնոջն ու երեխային սպաներ, Գետաշենն ու Մարտունաշենը հայաթափեր: Այսօր հիմքեր ունե՞նք հավատալու և վստահելու նման նենգ «եղբորը»:

Հայոց ցեղասպանությունը, որքան էլ լավ լուսաբանված, այնուամենայնիվ շատ հարցերի առաջ է կանգնեցնում: Ինչպե՞ս պատահեց, որ հայությունը, բացառությամբ առանձին դեպքերի, զենք չբարձրացրեց: Ինչպե՞ս պատահեց, որ մեկ-երկու տասնյակ թուրք ենիչերի կարողացան հարյուրավոր հայերի քաղաքից դուրս հանել ու կոտորել: Ինչպե՞ս պատահեց, որ ընդամենը մեկ տասնամյակ առաջ ողջ թուրքական կայսրությունը ցնցող հայ հեղափոխականներն անկարող եղան կազմակերպելու հայության դիմադրությունը:

Ինչպե՞ս պատահեց, որ Զեյթունը, որ ողջ պատմության ընթացքում տասնյակ անգամ ապստամբել ու թոթափել էր թուրքի ստորացուցիչ լուծը, առանց գնդակ իսկ արձակելու հայաթափվեց: Ինչպե՞ս հայաթափվեց անառիկ ու խրոխտ Սասունը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չպետք է միայն որոնել թուրքերի կամ եվրոպական դիվանագիտության կեղտոտ խաղերի մեջ: Մինչդեռ պայքարն արդարացված էր ամեն դեպքում: Շապինգարահիսարցին ու ուրֆացին պայքարեցին ու մեռան պատվով` զենքը ձեռքին: Վանեցին ու մուսալեռցին պայքարեցին ու հաղթանակած դուրս եկան: Իսկ մյուսնե՞րը: Ու՞ր էր հայ քաղաքական միտքը, ու՞ր էր հայ զինվորականությունը:

Առաջինները կենտրոնացած էին Թիֆլիսում, իսկ հայ զինվորականությունը լծվել էր ռուսական ռազմական կառքին: Արևմտյան Հայաստանն անտերության էր մատնված, լքված իր զավակների կողմից:

Ու՞ր էր հայ հոգևորականությունը, ու՞ր էր հայոց եկեղեցին, որ պայքարի ու ըմբոստության կոչ էր անում, երբ թշնամին քրիստոնյա հավատքին ու եկեղեցու սոցիալական կարողությանն էր սպառնում: Ու՞ր էր եկեղեցին, երբ հայն ինքն էր կործանվում, ազգն էր կործանվում:

Դեռևս պատերազմից առաջ թուրքերը բազմիցս առաջարկեցին հայ քաղաքական ամենակազմակերպված ու ամենառեալ ուժը ներկայացնող կառույցին` Հայ հեղափոխական դաշնակցությանը, միանալու և Արևելյան Հայաստանում հակառուսական ապստամբություն բարձրացնելու առաջարկով: ՀՅԴ-ն, բնականաբար, մերժեց երիտթուրքերին ու ընդունեց ամենաանիմաստ, ամենասխալ որոշումը, որ երբևէ իրականացրել է. Ռուսահայաստանի հայը պետք է հավատարիմ ծառայի ռուսական կայսրությանը, Թուրքահայաստանի հայը` Թուրքիային: Սրանով ՀՅԴ-ն դե ֆակտո և դե յուրե փաստեց, որ առաջիկա պատերազմի ժամանակ ձեռնպահ է մնալու որևէ ուժի սատարելուց, ձեռնպահ է մնալու Արևմտյան Հայաստանի հայության պաշտպանության գործից: Արդյունքը տպավորիչ էր. ոչ միայն հայը հայի դեմ ելավ, այլև Սարիղամիշի օպերացիայի օրերին նույն Թուրքահայաստանի հավատարիմ հպատակ հայը փրկեց իր իսկ դահիճ Էնվերին: Չապստամբած հայը միլիոններով յաթաղանի զոհ դարձավ, թուրքերին տրվեց լավագույն հնարավորությունը իրագործելու իրենց սև նախճիրը: Մինչդեռ դաշնակցության մեջ կային սթափ մարդիկ, որոնք կոչ էին անում չընդունել նման որոշում: Ավելի համարձակ ու ճիշտ առաջարկ եղավ. առերես պետք էր համաձայնել թուրքերի առաջարկին, թուրքական զենքով զինել ողջ հայությանն ու ապստամբել Թուրքիայի դեմ: Բայց… Եղավ այն, ինչ եղավ:

Ցեղասպանությունից գրեթե մեկ դար է անցել: Բայց ցեղասպանությունը 1915-ին չի ավարտվել: Այսօր էլ այն շարունակվում է, շարունակվում է 1915 թվականը վերապրած հայերի սերունդների հոգում: Վախը, պատմական հիշողությունը միշտ էլ արթուն են սերունդների հոգում:

Ես չեմ կարող ընկալել քրիստոնեական «սիրիր թշնամուդ»-ը: Ես չեմ կարող ընկալել անիմաստ նահատակության խորհուրդը: Վերջին հաշվով, «Հայրենիքը պաշտպանում են ոչ թե նրա համար մեռնելով, այլ թշնամուն ստիպելով մեռնել»:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 2134 անգամ:
Print Friendly

Մեկ մեկնաբանություն

  1. Tigran ասում է՝

    Hargum em dzer karcig@,bayc dashnakcutyan kayacrac voroshum@ ev dra aylntranki harc@ enkan bard e,vor mi kani naxadasutymb hnaravor che parzel.Hayer@ crvac ein voghj kaysrutyunov ev dzer arajark@ aniragorceli er…

Leave a Reply