Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Աջափնյակ վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2012 19:14

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է քաղաքապետարանի 2012 թվականի շինբարեկարգման ծրագրով Աջափնյակ վարչական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Քաղաքապետին ներկայացնելով հանգստի գոտիներում և բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը, վարչական շրջանի պատասխանատուները զեկուցել են, որ բարեկարգման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:
Գ3 թաղամասի բակում քաղաքապետի այցելության պահին բակի բարեկարգման աշխատանքներ էին ընթանում: Փոխվում էին եզրաքարերը, սալապատվում էին ճեմուղիները: Զեկուցվել է, որ բարեկարգման աշխատանքներին կհաջորդեն նստարանների, զրուցարանների, ժամանակակից խաղային ատրակցիոնների տեղադրման ու կանաչապատման աշխատանքները:
Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բակային տարածքներում, մինչ բարեկարգման աշխատանքների մեկնարկը, բոլորի համար տեսանելի վայրում փակցնել նախատեսվող աշխատանքների մասին իրազեկող ցուցանակ, որտեղ պատկերված կլինի նաև բարեկարգումից հետո բակի ավարտուն տեսքը:
Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից Երևանի քաղաքապետարանի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել էր Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման պիլոտային ծրագիրը, որի շրջանակում այս տարվա մարտին գազիֆիկացվեցին թաղամասի 14 և 15 շենքերը: Հաշվի առնելով այս հանգամանքը` թաղամասի մյուս շենքերի բնակիչները շրջայցի շրջանակում 16-րդ թաղամաս այցելած Երևանի քաղաքապետին իրենց մտահոգությունն են հայտնել գազիֆիկացման ընթացքի ժամկետների հետ կապված: Ի պատասխան Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ, քաղաքապետարանը շարունակելու է թաղամասի գազիֆիկացման ծրագիրը և հավաստիացրել, որ աշխատանքները կկատարվեն հնարավորին սեղմ ժամկետում:
Քաղաքապետը, շրջայցի շրջանակում, ծանոթացել է նաև Մազմանյան փողոցից Սիլիկյան թաղամաս տանող նոր ճանապարհի շինարարության ընթացքին: Շինարարները տեղում Տարոն Մարգարյանին են ներկայացրել կառուցվող նոր ճանապարհի նախագիծն ու ընթացող աշխատանքների մանրամասները: 820 մ երկարություն ունեցող ճանապարհն, ըստ էության, զգալիորեն կթեթևացնի ու առավել հարմարավետ կդարձնի թաղամասի բնակչության երթևեկը: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել ճանապարհի կառուցման աշխատանքների կատարման ընթացքին ու որակին:
Քաղաքապետը ծանոթացել է նաև վարչական շրջանի միջբակային ճանապարհների ասֆալտապատման, ինչպես նաև բակային տարածքներում ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցման աշխատանքների ընթացքին:
Շրջայցից հետո Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մեկ անգամ ևս շեշտել է, որ լուրջ ուշադրություն պետք է դարձվի բակերի բարեկարգման, կանաչապատման և կանաչ տարածքների պահպանման, արտաքին լուսավության, ինչպես նաև նոր հանգստի գոտիների ստեղծման խնդիրներին. <>,-ընդգծել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով առավել հետևողական լինել իրականացվող ծրագրերին, և այդ համատեքստում մշտապես հաշվի առնել նաև բնակիչների առաջարկները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply