Ս. Սաֆարյանը «Ժառանգության» վերաբերյալ Ծառուկյանի հայտարարությունը տղայական մակարդակի է համարում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 14, 2012 14:59

«Ժառանգության» խմբակցության ղեկավար, պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը «Ժառանգության» վերաբերյալ տղայական մակարդակի է համարում:

Հիշեցնենք, որ երեկ Արմավիրում լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է ԲՀԿ նախագահը մեկնաբանում «Ժառանգության» պահանջը, որպեսզի միասնական շտաբի ձևավորման փաստաթղթի տակ ստորագրությունը դրվի անպայման կուսակցության ղեկավարների մակարդակով, Գ. Ծառուկյանը պատասխանել է. «Եթե համապատասխան խաղեր ունի, թող կատարի, բայց «Ժառանգությունը» շատ փոքր է, որ ինչ-որ պահանջներ ներկայացնի»:

«Ես ճիշտն ասած զարմացած եմ, որ քաղաքական կուսակցության առաջնորդը կարող է իրեն թույլ տալ ոչ քաղաքական պատասխան տալ քաղաքական առաջարկին: Եթե ուզում են ապացուցել, որ իրենք քաղաքական ուժ են և ունեն գաղափարախոսություն, գոնե այդ գաղափարախոսության շրջանակում պատասխանը տան: Պատասխանը լինի քաղաքական, որպեսզի մարդիկ էլ հասկանան գործ ունեն քաղաքական առաջնորդի, թե սովորական մի քաղաքացու հետ, ով իր պատասխանները տալիս է տղայական մակարդակում: Ցավում եմ, բայց այդ տպավորությունն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասել է Ս. Սաֆարյանը:

Նրա խոսքով, քաղաքականության մեջ փոքր ու մեծի խնդիր չկա: «Եթե իրենց կառուցած երկրում հալածանքներին, հետպանդումներին, ճնշումներին, բոլոր տեսակի ռեսուրսներից զրկված ընդդիմությունը փոքրն է, ապա ես խորհուրդ կտայի, որ «Բարգավաճ Հայաստան»-ը կոալիցիայից դուրս գար և ընդդիմություն դառնար, և կտեսնենք, թե ինչ է մնում «Բարգավաճ Հայաստան»-ից` փոքր է մնում, թե՞ մեծ»:

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply