Սփյուռքում հայ գրքով քիչ են հետաքրքրվում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 13, 2012 13:24

Մարտի 16-19-ը Հայաստանը մասնակցել է Փարիզում տեղի ունեցած գրքի միջազգային սալոնին: Միջազգային 32-րդ ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանը մասնակցում էր 4-րդ անգամ: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: Հայաստանյան ընդարձակ տաղավարում ներկայացվել են 400 անուն գրքեր` տարբեր լեզուներով:

Տոնավաճառի օրերին անցկացվել է թումանյանական երկու գրքի շնորհանդես. թարգմանիչ Վարուժան Սիրափյանը ներկայացրել է Հովհաննես Թումանյանի երկերի ֆրանսերեն թարգմանությունը, իսկ Ռիչարդ Գիդաչյանը` Թումանյանի հեքիաթների ֆրանսերեն թարգմանությունը:

Հայկական տաղավար են այցելել Շառլ Ազնավուրը, ինչպես նաև հայ և օտարերկրացի այցելուներ:

Գրքի ցուցահանդես-տոնավաճառին մասնակցել է նաև թուրքագետ Հասմիկ Ստեփանյանը` ներկայացնելով իր աշխատություններից երկուսը` Հայատառ թուրքերեն գրականության նոր լույս տեսած տարբերակը ֆրանսերենով և «Հայերի դերը Օսմանյան կայսրությունում» գիրքը:

Ստեփանյանը  պատմում է, որ Հայաստանյան տաղավարը ներկայանալի է եղել, գեղեցիկ ձևավորված. «Բայց, ցավոք սրտի, չափազանց քիչ այցելուներ ունեցանք, այդ հսկայական աշխատանքը, որ կատարվել էր և այդ ծանրությունը, որ տեղ էինք հասցրել, իր նպատակին լիովին չծառայեց»:

Ստեփանյանն ասում է, որ ավելի շատ սպասում էին ֆրանսահայ մտավորականության ներկայացուցիչներին, բայց քիչ թվով այցելություններ են ունեցել. «Ում որ ակնկալում էինք տեսնել, չտեսանք»:

Փոխարենը բազմաթիվ օտարերկրացի այցելուներ են եղել, որոնք հիմնականում հետաքրքրվել են օտարալեզու գրականությամբ, քարտեզներով: Այցելուների մեջ եղել են նաև ֆրանսուհիներ, որոնք պարզապես ցանկացել են իրենց հայազգի ամուսիններին հաճելի անակնկալ մատուցել` հայերեն գիրք:

«Օտարերկրացիները գալիս էին, նայում, հետաքրքրվում, բայց միշտ ակնկալում ես, որ կգա քո հայրենակիցը քո լեզվով եղած գրականությունը գնելու համար,- ասում է Ստեփանյանը,- Փարիզն այդքան հայաշատ է, եթե պատշաճ կերպով հայտարարվեր, հայկական դպրոցի երեխաները, օրինակ,  ինչո՞ւ պետք է չգային: Հույս ունեմ, որ հաջորդ տարիներին այդ թերությունը կշտկվի, և հայկական տաղավարն ավելի շատ հյուրեր կունենա»:

Սալոնին առաջին անգամ  մասնակցել է նաև «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը շուրջ 100-120 անուն գրքերով: Հրատարակչության գրքերի մոտ 70 տոկոսը հաջողություն է ունեցել: Փարիզում ներկայացրել են մանկապատանեկան գրականություն, հայ դասականներին և ժամանակակից գրողներին` թե՛ հայերեն, թե՛ օտար լեզուներով: Հրատարակչությունը ցուցահանդեսին ներկայացրել է նաև արևմտահայերենով գրքեր` այբբենարանը, ժողովրդական առակներ, առասպելներ և այլն:

«Անկեղծ ասած, ավելի մեծ հետաքրքրություն էի սպասում հայկական համայնքի կողմից, իհարկե, եկան, բայց  կուզենայի, որ տեղի հայկական դպրոցները ևս գային»,- ասում է Էդիթ Պրինտի տնօրեն Մկրտիչ Կարապետյանը` հավելելով, որ գրքերը հետ չի բերել Հայաստան, այլ դեսպանատան միջոցով նվիրել է հայկական  դպրոցներին:

Կարապետյանը նույնպես նշում է, որ հայկական տաղավարը այցելուների պակաս չի ունեցել, բայց գերակշռել են օտարերկրացիները:  Նա ասում է, որ աշխարհի շատ երկրներում է մասնակցել գրքի տոնավաճառների, և ամեն տեղ էլ հայազգի այցելուների ակտիվությունը ակնկալվածից քիչ է եղել:

Նրա կարծիքով` քիչ այցելությունների պատճառները տարբեր են: Նախ` հարկավոր է գրքի նկատմամբ վերաբերմունքը փոխել հենց Հայաստանում, ինչն իր ազդեցությունը կունենա նաև սփյուռքի վրա, բացի այդ, կարծում է, որ շատերն արդեն դժվարանում են հայերեն, հատկապես արևելահայերեն կարդալ, ինչն էլի տոնավաճառ չայցելելու պատճառ է: Կարապետյանը կարծում է նաև, որ իրազեկման առումով էլ գուցե աշխատաոճը պետք է փոխել. հայերը խմբված են ավանդական կուսակցությունների շուրջ, և պետք է նրանց միջոցով մարդկանց իրազեկել:

Կարապետյանը, սակայն, կարծում է, որ տոնավաճառն իր առաքելությունը կատարել է. հայ գիրքը պատշաճ ներկայացվել է միջազգային ասպարեզում:

Հայկական պատվիրակության ներկայացուցիչները զարմացած են ֆրանսիացիների գրքասիրությամբ: Փարիզում, վաղ առավոտից սկսած, մարդիկ ժամերով հերթ են կանգնել, որ ներս մտնեն, ընդ որում, ցուցահանդեսի մուտքը շուրջ 10 եվրո է արժեցել:

«Մեզ մոտ գրքի նկատմամբ  հետաքրքրությունը վերջին 20 տարում նվազել է: Բայց Ֆրանսիայում գրքի նկատմամբ հետաքրքրությունը  այնպիսին է, ինչպիսին էր մեզ մոտ խորհրդային տարիներին: Առավոտյան 10-ից տոնավաճառ մտնելու համար հերթեր էին: Դպրոցներով էին երեխաներին բերում,- ասում է Կարապետյանը:- Եթե 200 էջանոց գիրքը Հայաստանում արժի 1500-2000 դրամ, ինչը մոտ 4 եվրո է կազմում, ապա նույն գիրքը Ֆրանսիայում արժի 50-60 եվրո, և մարդիկ թանկությունից չեն դժգոհում, գնում են»:

Նշենք, որ այս տարի Փարիզի գրքի սալոնը զբաղեցնում էր 40 000 քմ մակերես և բաղկացած էր շուրջ 500 տաղավարներից: Ներկայացված էին շուրջ 1200 մեծ ու փոքր հրատարակչություններ: Այցելուների թիվը սալոնի 4 օրերի ընթացքում հասել է ավելի քան 180 000-ի:

Դիտվել է 1849 անգամ:
Print Friendly

Leave a Reply