«Ժառանգության» կենտրոնական շտաբը բացված է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 5, 2012 21:12

5 ապրիլի 2012թ., Երեւան: Այսօր բացվեց «Ժառանգության» կենտրոնական շտաբը, որտեղից խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ղեկավարվելու է կուսակցության նախընտրական արշավը:

Բացման կապակցությամբ ասուլիսով հանդես եղավ «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Նա հակիրճ ներկայացրեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ռազմավարությունը, մարտավարությունը եւ ձեւաչափը: «Մենք վստահ ենք, որ կարողանալու ենք տեր կանգնել մեր քվեներին, տեղյակ ենք, թե ինչ կեղծիքներ կարող են լինել եւ բոլորի դիմացն առնելու ենք: Խելքին պատասխանելու ենք խելքով, ուժին՝ ուժով»,- նշեց Քոքոբելյանը: Այնուհետեւ նա պատասխանեց լրագրողների հարցերին: «Ժառանգության» նախընտրական շտաբը, ըստ Քոքոբելյանի, օգտվելու է հեռուստատեսային եւ ռադիո եթերի վճարովի ու անվճար բոլոր հնարավորություններից, տեղադրելու է իր նախընտրական վահանակները (billboard) ամբողջ հանրապետության տարածքով մեկ:

Ասուլիսից հետո լրագրողներին ներկայացվեց «Ժառանգության» www.heritage.am ինտերնետային կայքի նոր, թարմացված տարբերակը, որն ինտերակտիվ է, հարմարեցված է նախընտրական քարոզարշավի ռազմավարությանը: Լրագրողները տեղեկացան նաեւ «Ժառանգության» ընտրապայքարի կարգախոսներին: Հիմնական կարգախոսն է` «Գալի´ս ենք…», իսկ նշանաբանները` «Միասին սարե´ր ենք շարժելու», «Մի´շտ ժողովրդի կողքին» եւ «Աշխատա´նք, ոչ թե ողորմություն»:

«Ժառանգության» կուսակցության կենտրոնական շտաբի հասցեն է` Երեւան 0002, Մոսկովյան 31: Շտաբի լրատվական ծառայության նոր հեռախոսահամարն է` (374) 55052803, հեռապատճեն` (57410) 532697, էլեկտրոնային փոստը` heritage.headquarters@gmail.com:

«Ժառանգության» նախընտրական շտաբ

Դիտվել է 2208 անգամ:
Print Friendly

Leave a Reply