Սոֆյա Արղության-Երկայնաբազուկ. «Մի՞թե գնահատական չէ, որ իմ սաները բարձր են պահում իմ դրոշը»

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | April 7, 2012 7:00

Այս երևելի տիկնոջը հիշելու առիթը բնավ ընթացիկ կանանց միամսյակը չէ (ցավոք, մեզանում հայ մշակույթի պատմության մեջ նշանակալի հետք թողած կանանց հիշում են միայն այս առիթով, այն էլ ոչ միշտ և ոչ բոլորին): Ապրիլի 2-ին մարդկությունը հերթական անգամ նշեց Մանկական գրականության միջազգային օրը: Սոֆյա ԱրղությանԵրկայնաբազուկին ամեն տարի պետք է  արժանին մատուցել նախ այս կապակցությամբ: Նա արևելահայ իրականության մեջ առաջին մանկական գրադարանի հիմնադիրն է, մինչդեռ երբևէ չենք տեսել ու լսել, որ մանկական գրականության հետ կապված միջոցառումների ժամանակ հիշատակվի  նրա անունը: Այս ցավալի բացթողումը կարելի է շտկել գոնե այս տարի, երբ Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ տարին բոլոր գրքի հետ կապված զանազան ձեռնարկումներ են լինելու: Բացի այդ, վերջերս կորստից փրկվեց Թբիլիսիի հայկական մշակութային օջախների վերջին փշրանքներից մեկը` Թումանյանի տունը, և փրկվեց գյումրեցիների բարեհաճությամբ: Պատմությունը ցույց է տալիս, որ այս քաղաքը ժամանակին առիթներ ունեցել է երախտապարտ լինելու թիֆլիսահայ մտավորականներին և կարողանում է արժանիորեն հատուցել իր պարտքերը, նույնիսկ` մոտ մեկուկես դար անց:

Սոֆյան Արղության-Երկայնաբազուկների նշանավոր իշխանական տոհմից էր` սերած Զաքարյաններից: Արղության-Երկայնաբազուկների ժառանգական սեփականությունն է եղել Լոռվա նախկին թագավորության տարածքը, սակայն XIX դարում մնացել էր միայն Սանահին գյուղը: Ծնվել է Թիֆլիսում 1860 թ.: Երեք տարեկան հասակում զրկվել է հորից: 1880 թ. ավարտել է Անդրկովկասի իգական ինստիտուտը, անցել ուսուցչական աշխատանքի: 1882 թ. Սոլոլակում (Սերգիևսկայա փողոցում) գտնվող իր տանը  բացել է առաջին մանկական գրադարանը, հետագայում նաև ընթերցարանը, որը դարձավ ոչ միայն երեխաների, այլև մտավորականության (Ղ. Աղայան, Րաֆֆի, Պ. Պռոշյան, Ա. Երիցյան, Վ. Փափազյան, Հ. Առաքելյան և ուրիշներ) հավաքատեղի: Այն ծառայում էր նաև իբրև «Աղբյուր» մանկական հանդեսի խմբագրատուն:  Ժամանակի ընթացքում  գրադարանը, շարունակ հարստանալով, ունեցավ հարյուրավոր հայերեն, ռուսերեն, վրացերեն գրականություն: Այստեղ շատ չնչին վճարով ընթերցողները կարողանում էին կարդալ թե՛ տեղում, թե՛ արտերկրի խոշոր քաղաքներում հրատարակվող լրագրեր ու հանդեսներ: Գրադարանի ծախսերը, որոնք տարեկան կազմում էին 700-800 ռուբլի, Սոֆյա Արղությանը ծածկում էր իր անձնական խնայողություններով:

1884 թ. Արղությանը մեկնում է Պետերբուրգ` ընդունվելու բժշկական ինստիտուտ, սակայն այդ տարի կանանց բժշկական դասընթացները փակվել էին: Նա ընդունվում է Պետերբուրգի ֆրեոբելյան դասընթացները, նաև հաճախում Բեստուժևյան դասախոսություններին, բուժքույրական, բեմական արվեստի դասընթացների: 1886 թ. նա ավարտում է  դասընթացները և վերադառնում Թիֆլիս: Նույն թվականին արդեն մամուլում զետեղված ազդագրերը տեղեկացնում էին, որ Ս. Վ. Արղությանը բացել է երկսեռ մանկական պարտեզ և օրիորդաց գիշերօթիկ ուսումնարան:

Սոֆյա Վասիլևնայի մանկապարտեզում  դաստիարակվում էին հայ, ռուս, վրացի, հրեա, լեհ, հույն և ուրիշ ազգերի երեխաներ: Այստեղ  հաճախ երեկոներն էին անցկացնում Ղ. Աղայանը, Հովհ. Թումանյանը, Պերճ Պռոշյանը:

1892 թ.` գրադարանի հիմնադրումից տասը տարի անց,  Ս. Արղությանը  ցանկանում է այն նվիրել Թիֆլիս քաղաքին, պայմանով, սակայն, քանի դեռ ինքը կենդանի է, շարունակի անկախ կառավարել գրադարանը` պարբերաբար հաշիվ ներկայացնելով քաղաքի ղեկավարությանը: Բացի դրանից, նա խնդրում է Երևանյան հրապարակում գտնվող շինության մի հատված ձրի տրամադրել գրադարան-ընթերցարանին: Այս առաջարկը  քաղաքի վարչության կողմից չի ընդունվում: Եվ Արղությանը 1892 թ. հունիսի 4-ին, ճիշտ այն օրը, երբ լրացավ գրադարանի տասնամյակը, փակեց այն  և նվիրեց Ալեքսանդրապոլ քաղաքին` Կովկասյան հայոց բարեգործական ընկերության տեղի մասնաճյուղի հսկողության ներքո:  Բարեգործական ընկերությունը երախտագիտությամբ է ընդունում այդ նվերը և Արղությանին ընդունում որպես ընկերության իսկական անդամ («Տարազ», 1892, թիվ 41, էջ 501):

1907 թ. Սոֆյա Վասիլևնան Թիֆլիսում բացում է Ֆրեոբելյան դասընթացներ, որտեղ դասախոսում էին նշանավոր գործիչներ: Իշխանուհին  Սանահինի իր կալվածքում դպրոց բացեց և տոհմակիցների աջակցությամբ ձեռնամուխ եղավ դպրոցի շենքի կառուցմանը, սակայն զգալով, որ այլևս չի կարողանալու հոգալ դպրոցի պահպանության գործը, որոշեց ամբողջ կալվածքը` դպրոցով հանդերձ, նվիրել Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը: 1908 թ. ընկերության նախագահ Ս. Հարությունյանին հղած նամակում նա նշում էր նաև իր պայմանները.  ընկերությունը պարտավոր էր նվիրաբերված երկհարկանի շինությունը ծառայեցնել միայն Սանահնի դպրոցի համար, իսկ հողերից ստացված եկամուտը հատկացնել նույն դպրոցի պահպանությանը, ընկերությունը լուծարվելու դեպքում պարտավոր էր նվիրաբերված հողերը և շենքը հատկացնել գյուղի  համայնքին, իշխանուհին ձայնի իրավունքով պետք է մասնակցեր դպրոցի կառավարմանը, դպրոցը պետք է կոչվեր «Արղության», և ամեն ամառ իշխանուհուն պետք է իրավունք վերապահվեր զբաղեցնելու շենքի մեկ կամ երկու սենյակ: Իր հերթին իշխանուհին  պարտավորվում էր նվիրատվություններ հավաքել դպրոցի շենքը ավարտելու և կահ-կարասիի համար, ամեն տարի 300 ռուբլի վճարել ուսուցչուհու աշխատավարձի համար և հոգալ դպրոցի պիտույքների ձեռքբերումը: 1909 թ. հունիսին ընկերությունը երախտագիտությամբ ընդունեց իշխանուհու նվիրատվությունը (Լեո, Երեսնամյակ հայոց բարեգործական ընկերության Կովկասում, Թիֆլիս, 1911, էջ 309-311):

1913 թ.  Սոֆյա Վասիլևնան վերստին դասընթացներ է սկսում մանկական պարտիզպանուհիներ պատրաստելու համար: 1915 թ. նրա դպրոցը վերափոխվեց յոթնամյա գիմնազիայի, 1921 թ.` թիվ 41 աշխատանքային դպրոցի: Խորհրդային տարիներին նա նշանակվեց այդ դպրոցի տնօրեն:

Իր 40-ամյա մանկավարժական գործունեությունից հետո արցունքն աչքերին, ինչպես ինքն է ասում, Սոֆյա Վասիլևնան ստիպված է լինում անցնել թոշակի: Պատճառը լուսժողկոմի տեղակալ Մ. Պ. Օրեխաշվիլու հետապնդումներն էին: Մ. Պ. Օրեխաշվիլին` նախկին իշխանուհի Միքելաձեն` ժանդարմական գնդապետի դուստրը, առիթը բաց չէր թողնում վրեժխնդիր լինելու վաստակաշատ մանկավարժին, որը ժամանակին մերժել էր դպրոցում աշխատելու իր խնդրանքը:   Մ. Պ. Օրեխաշվիլին էլ խանգարել է Սոֆյա Արղությանին Աշխատանքային հերոսի կոչում շնորհելուն:  «Իմ անկեղծ խոստովանությունը» հուշագրության մեջ` գրված 88 տարեկան հասակում, Արղությանը փորձում է պատասխանել բազմիցս տրված այն հարցին, թե ինչու ինքը ոչնչով և ոչ մեկի կողմից չի նկատվել: «Ինձ վաղուց են նկատել իմ նախկին սաները, որոնք աշխատում են խորհրդային երկրով մեկ: 1924 թ., երբ լրացավ իմ մանկավարժական գործունեության 40 տարին, իմ նախկին սաները` դոկտորներ, մանկավարժներ, պատասխանատու կուսակցական և խորհրդային աշխատողներ, իմ սաների ծնողների ներկայացուցիչները, իմ աշխատակիցները  տոնեցին իմ հոբելյանը: Դա հոբելյան չէր, այլ հեքիաթ: Այդպիսի հոբելյան չի եղել և չի էլ լինի: Անակնկալ կերպով ես «շքանշան» ստացա` համալսարանական նշանի նման, մակագրությամբ. «Հոգևոր մորը` զավակներից»: Դրանք իմ նախկին սաներն էին բոլոր ազգություններից. վրացիներ, հայեր, ռուսներ և այլք: Մի՞թե գնահատական չէ, որ իմ սաները բարձր են պահում իմ դրոշը…»:

Ս. Արղությանը եղել է ուսուցիչների ընկերության անդամ, Թիֆլիսի հայ վարժուհիների և դաստիարակչուհիների ընկերության նախագահ, «Մանկական աշխարհ» ակումբի հիմնադիրներից: Նա մինչև կյանքի վերջը շարունակում էր գրել և հանդես էր գալիս դասախոսություններով: Մահացել է 1954 թ.:

Ի դեպ, Սոֆյային հայերեն է սովորեցրել Ղազարոս Աղայանը:   Նրանք ծանոթացել էին 1883 թ. Հայ ուսուցիչների առաջին համաժողովում: Աղայանին գրավում է Սոֆյայի սերն ու նվիրվածությունը երեխաներին, տեսնում է նրա եռանդը և առաջարկում. «Աղջի, ինչ լավ կլիներ, եթե մենք միասին աշխատեինք տիկ. Սոֆյա Բաբայանի նորաբաց մանկապարտեզում, հը՞, ի՞նչ կասես առաջարկիս»:  Սոֆյա Արղությանը չէր տիրապետում գրական հայերենին: Աղայանը սիրով ստանձնում է նրան արագորեն մայրենի լեզուն սովորեցնելու գործը, և  շուտով տիկին Բաբայանը հրավիրում է Սոֆյային իր մանկական պարտեզ` զբաղեցնելու ռուսաց լեզվի ուսուցչուհու պաշտոնը:

Սոֆյա Արղության-Երկայնաբազուկի ավանդը նշանակալից է նաև Ֆրեոբելյան  մանկապարտեզների տարածման ու արմատավորման գործում: Նա ոչ միայն ֆրեոբելյան   դասընթացներ բացեց, որոնք համեմատաբար տևական կյանք ունեցան և ընդգրկեցին  ժամանակի նշանավոր մտավորականներին, այլև հրատարակեց ձեռնարկներ, որոնք այսօր էլ կարող են գործնական հետաքրքրություն ներկայացնել: Առաջին` «Մանկական պարտեզ» ձեռնարկը  նախատեսված էր մայրերի և դաստիարակչուհիների համար:  Խոսելով ձեռնարկի մտահղացման հանգամանքների մասին` հեղինակը առաջաբանում պարզաբանում է. «Քանի-քանի նամակներ եմ ստացել և ստանում եմ մայրերից և դաստիարակչուհիներից, որոնք վերին աստիճանի հետաքրքրվում են մանկական պարտեզների կազմակերպությամբ, բայց չգիտեն` ինչպես դիմել  այս խնդրի լուծման: Նրանցից  մի քանիսը խնդրում են ինձանից ուղարկել իրանց մոտ ծառայության լավ, պատրաստված պարտիզպանուհի: Վերջիններին ակամայից ստիպված եմ մերժել, որովհետև շատ սակավ են պատրաստված պարտիզպանուհիներ, այսինքն` այնպիսի կանայք, որոնք կարող էին հիմնել պարտեզը մանկավարժական հիմքերի վրա: Ահա այսպիսի  հարցերի և դիմումների շնորհիվ էր, որ իմ մեջ մի միտք ծագեց` կազմել մայրերի և դաստիարակչուհիների համար մի այնպիսի ձեռնարկ, որը նրանց տար գործնական ցուցմունքներ, թե ինչպես վարել պարապմունքները նախադպրոցական հասակի մանուկների հետ ընտանիքում և մանկական պարտեզում»:

Գրքի արժեքներից մեկն այն է, որ նա տվեց  Ֆրեոբելի համակարգի քննական գնահատականը` համոզիչ փաստարկներով ցույց տալով, որ չի կարելի կուրորեն ընդօրինակել նրա մեթոդները, այլ հարկ է զարգացնել դրանք գիտության վերջին ձեռքբերումների և տվյալ իրականության ավանդույթների հիման վրա: «Ֆրեոբելին կուրորեն հետևողները չեն նկատում այն բոլոր սխալները, որ նրանք ստիպված են անել` խստիվ գործադրելով նրա սիստեմը, առանց ի նկատի առնելու ո՛չ Ֆրեոբելի ժամանակը, ո՛չ մանուկի բնավորությունը, ո՛չ տեղի կլիմայական պայմանները: Նրանք անգիտակցաբար սպանում են մանուկի մեջ նրա ինքնասիրությունը, ճնշում են նրա լավագույն թռիչքները և զարգացնում մանուկների մեջ ապաթիա և անտարբերություն դեպի ամբողջ շրջապատը»,- նշում է նա:   «Մանկական պարտեզ» ձեռնարկում ամփոփված են երեխաների դաստիարակության, նրանց ազատ ժամանակի կազմակերպման ու զարգացման հետ կապված բոլոր ձևերն ու մեթոդները` սկսած խաղերից, ձեռքի աշխատանքի պարապմունքներից մինչև ճանաչողական պատմությունները, երգերն ու պարերը: Իսկ իր մյուս` «Մանկական պարտեզի գրագիտություն» ձեռնարկով Ս. Արղությանը, հիմնվելով Մ. Մոնտեսորիի մեթոդի վրա,   ցույց է տալիս, թե ինչպես կարելի է խաղերի միջոցով` նկարելով, ծեփելով, ծալծլելով ու կտրատելով, երեխաներին գրել ու կարդալ սովորեցնել:

Դիտվել է 4837 անգամ:
Print Friendly

Leave a Reply