Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 4, 2012 16:19


Ողջունելով Կիպրոսի արտգործնախարարին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում կարևորել է պարբերական դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության ղեկավարը նշել է, թե մեծ հաճույքով է հիշում անցյալ տարի Կիպրոս կատարած իր պետական, այնուհետ աշխատանքային այցերը և դրանց շրջանակներում Նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ ունեցած հանդիպումներն ու բովանդակալից քննարկումները: «Մենք Կիպրոսը դիտում ենք որպես բարեկամ պետություն, կիպրացիներին՝ որպես մեր եղբայր: Եվ դա պատմականորեն ձևավորված մոտեցում է, որի վրա էլ այսօր մենք խորացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները: Հայաստանը խորապես շահագրգռված է այդ հարաբերություններն օր-օրի ամրապնդել: Ոչ միայն անցյալում, այլ նաև ներկայում մենք ունենք բազմաթիվ հետաքրքրություններ և մեծ աշխատանք ունենք կատարելու: Մենք պատրաստ ենք այդ աշխատանքն իրականացնելու»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը և Կիպրոսի արտգործնախարարն ընդգծել են, որ հայ-կիպրական բարեկամությունը խարսխված է շատ ընդհանրություններ ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա. «Սա իմ առաջին այցն է Հայաստան, և ես շատ տպավորված եմ: Այս ընթացքում ունեցած հանդիպումներից բացի, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Շատ հուզված եմ այն ամենով, ինչ տեսա և լսեցի: Մեր երկու ժողովուրդներն էլ պատմության ընթացքում անցել են մեծ ողբերգությունների ու փորձությունների միջով»,-ասել է Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը՝ ընդգծելով, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործությունն ստանա միջազգային ճանաչում:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ կիպրահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը և Կիպրոսի արտգործնախարարը Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունները կարևորել են ոչ միայն երկկողմ, այլև եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից:

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply