Թիվ 10 ԸԸՀ-ն չի գրանցել Խաչատուր Սուքիասյանին որպես պատգամավորի թեկնածու (ֆոտո)

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 28, 2012 19:09

Երեւանի թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը այսօր` մարտի 28-ին, միաձայն մերժեց ՀԱԿ անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանի դիմումը` իրեն  որպես պատգամավորության թեկնածու գրանցելու պահանջով: Դրանից առաջ հանձնաժողովի նախագահ Սամվել Յազերյանը հանձնաժողովին առաջարկել էր մերժել գրանցումը` նշելով, որ ստացել են գրություն Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից, որ Խաչատուր Սուքիասյանը վերջին 5 տարվա ընթացքում մշտապես չի բնակվել Հայաստանում, մասնավորապես` բացակայել է 10 ամիս եւ 20 օր: Հանձնաժողովի նախագահի այդ արտահայտությանը արձագանքեց Խաչատուր Սուքիասյանի լիազոր ներկայացուցիչ փաստաբան Արարատ Զոհրաբյանը` մեջբերելով օրենքից դրույթներ եւ նշելով, որ Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը չեն կարող չգրանցել, մասնավորապես`   «Ընտրական օրենսգրքով» սահմանվում է, որ թեկնածությունը կարող են մերժել երկու պայմանով, եթե պարզվի, որ չունի ընտրվելու իրավունք կամ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

Ըստ փաստաբանի` փաստաթղթերը բավարար են եղել` նրան` որպես թեկնածու գրանցելու համար: Պարզվեց նաեւ, որ Անձնագրերի եւ վիզաների վարչության ուղարկած գրությունն առանց կնիքի է: Հանձնաժողովի նախագահը պնդեց եւ ասաց, որ իրենք չէ, որ պետք է թելադրեն  եւ ընթերցեց գրանցումը մեժելու մասին որոշման նախագիծը:

Հանձնաժողովը 7 կողմ ձայնով մերժեց գրանցումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արարատ Զոհրաբյանը նշեց, որ հանձնաժողովը ապօրինի որոշում է կայացրել եւ իրենք անպայման դատական կարգով երեք օրվա ընթացքում բողոքարկելու են այդ որոշումը: Այսօրվա թիվ 10 ԸԸՀ-ում գրանցեցին երեք թեկնածուներին` ՀՀԿ ներկայացնող Գարեգին Նուշիկյանին, անկուսակցական Գագիկ Շահնազարյանին եւ Խաչատուր Սուքիասյանի եղբորը` Սարիբեկ Սուքիասյանին: Ըստ հանձնաժողովի նախագահի` նրանց ներկայացրած փաստաթղթային փաթեթը որեւէ խնդիր չէ առաջացրել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Խաչատուր Սուքիասյանը դիմել է թիվ 10 ԸԸՀ եւ խնդրել իր առաջադրման հարցով որոշումը հնարավորինս շուտ կայացնել:

Դիմումում, մասնավորապես, ասվում է. «2012թ. մարտի 17-ին դիմել եմ Ձեզ խնդրելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնել եւ սահմանված կարգով գրանցել ինձ, որպես պատգամավորի թեկնածու: Առ այսօր, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից որոշում չի կայացվել:

Կանխատեսելով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման ելքը, ինչն ակնհայտ է դառնում իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից միակողմանիորեն տարածած տեղեկություններից,
հաշվի առնելով այն, որ իմ համոզմամբ բացասական որոշումը կայացվելու է որքան հնարավոր է ուշ, որպեսզի փորձեք ինձ զրկել իմ իրավունքներից օգտվելու հնարավորությունից, նաեւ ժամկետի իմաստով (իսկ մենք լավ գիտենք, որ քարոզչությունն իրականացվում է որոշակի ժամկետում), խնդրում եմ իմ հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ»:

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply