Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով երեկ երեկոյան ժամանել է Սինգապուրի Հանրապետություն,լուսանկարներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | March 28, 2012 17:51


Այսօր Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սինգապուրի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Թոնի Տան Քեն Յամի, վարչապետ Լի Սյան Լունի հետ, ինչպես նաև մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին ներկա են եղել այդ երկրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների ղեկավարները:
Սինգապուրի և Հայաստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, հայ-սինգապուրյան քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը: Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի խոսքով, չնայած երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին քսան տարի առաջ, հայ-սինգապուրյան կապերը գոյություն ունեն 150 տարուց ավելի. հայերն են Սինգապուրում տպագրել առաջին թերթը, հիմնել առաջին քրիստոնեական եկեղեցին: Սերժ Սարգսյանի դիտարկմամբ, Սինգապուրն արագ զարգացած հաջողված պետության լավ օրինակ է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Նախագահները երկուստեք ցանկություն են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական այս տարին նշանավորվի նաև որպես Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության ընդլայնման ու ամրապնդման տարի: Երկու երկրների նախագահները խոսել են կրթության, գիտության, քաղաքացիական ծառայության ոլորտներում համագործակցության, սինգապուրյան փորձը Հայաստանում ներդնելու մասին ևս:
Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանն անդրադարձ է եղել հատկապես երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը:
Վարչապետ Լի Սյան Լունի խոսքով, փոքր երկրները միջազգային հարաբերությունների ուղեգիծը չեն որոշում, բայց հետևում են միջազգային կանոններին: Երկրի չափերը, վարչապետի համոզմամբ, զարգացման խոչընդոտ լինել չեն կարող: Այդ իմաստով, ըստ նրա, պատահական չէ, որ երկու երկրներն էլ մասնակցել են Սեուլի միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
Հայաստանի նախագահի և Սինգապուրի վարչապետի հանդիպմանը ևս երկուստեք ընդգծվել է Սինգապուրի պատմության ընթացքում հայ համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը: Հատկապես հիշելով հայ գործարարների բարի համբավը և Սինգապուրում 19-րդ դարի վերջին առևտրային հարաբերությունները զարգացնելու գործում նրանց ունեցած յուրահատուկ առաքելությունը՝ Լի Սյան Լունը ցանկություն է հայտնել վերականգնված տեսնել հայ-սինգապուրյան տնտեսական սերտ կապերը:
Սինգապուրի «Իստանա» նստավայրում պաշտոնական բանակցությունները եզրափակվել են փաստաթղթերի ստորագրմամբ: Մասնավորապես, ստորագրվել են Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին և Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին:
Պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև Սինգապուրի բուսաբանական այգի, որտեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» անվանակոչության արարողությունը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի և անվանի գործիչների: Վերոնշյալ արարողակարգին Հայաստանի նախագահի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ ևս ուներ. «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է` ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը: Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան) ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում` Բարսեղ և Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում:
Նախագահ Սերժ Սարգսյանը պատվո հյուրերի գրքում իր գրառման մեջ այս կապակցությամբ նշել է. «Բնության այս հրաշքը` «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձը, իր մեջ ամփոփում է նույնքան ներդաշնակություն և գեղեցկություն, որքան հատուկ է Սինգապուրին և նրա ժողովրդին: Հպարտ եմ, որ Սինգապուրի ազգային ծաղիկը կրում է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի անունը: Չէ որ գեղեցիկի հանդեպ իր քնքուշ սիրով Ագնեսը հայերիս անունը առհավետ միահյուսեց Սինգապուրի ժողովրդի պատմությանը: Թող որ այս չքնաղ ծաղիկը նաև հայ-սինգապուրյան բարեկամության հարատևության խորհրդանիշը լինի»:
Հանրապետության ղեկավարը Սինգապուրի ամենաազդեցիկ կորպորացիաների և երկրի խոշոր բիզնես ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարները: Սինգապուրի գործարար շրջանակների ներկայացուցիչները հետաքրքրվել են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության, քաղաքաշինության և քաղաքաշինական ծրագրավորման, ՀԷԿ-երի շինարարության, աղբահանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Սինգապուր կայցելեն նաև հայ գործարարները` բանակցություններն ու մտադրություններն ավելի որոշակի ծրագրերի վերածելու նպատակով:
Սինգապուրի Հանրապետություն Հայաստանի նախագահի պետական այցի առաջին օրվա ավարտին նախատեսված է նաև Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի անունից պետական ընթրիք:

Դիտվել է 1351 անգամ:
Print Friendly

Leave a Reply