ԱՐԱՄԵ. «Իմ սրտում դեռ ոչ ոք չկա»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 5, 2009 20:23

shapik Գյումրիում վերջին նախագահական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներից մեկի վրա երկրպագուներից մեկը ջնջել է բոլորի անուններն ու գրել` Արամե:

Նա երգելիս շարժում է երկար ու նուրբ մատներն այնպես, ինչպես պրոֆեսիոնալ դաշնակահարն է սահուն անցնում ստեղների վրայով:

Նրա դիսկո շարժումները ռիթմ են հաղորդում հանդիսատեսին, էկրանից այն կողմ նստած հանդիսականին, որ մերթընդմերթ կրկնում են նրա շարժումները:

Հայկական շոուբիզնեսի «ամենաանկեղծ աստղը». Արամեին այսպես են կնքել նրա «odnoklassniki» խմբի ֆանատները:

Նա բոլոր տարիքի կանանց ամենասիրելի աստղն է, ու տատս էլ նրան տեսնելուն պես ամեն անգամ բղավում է` «Էս են քաղցր ձենով, բոյով տղեն ա»:

26-ամյա Արամեի անունը հայկական շոուբիզնեսում հնչեց 2004-ին:

Ծնվել է Արմավիրում, սովորել Քասախի միջնակարգ դպրոցում, իսկ տասը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով: Հիմա ընտանիքն ապրում է այնտեղ, իսկ ինքը վերադարձից հետո բնակվում է մորաքրոջ տանը: Եղբայրը` Կորյունը, երկու տարի նրանից մեծ է, իսկ քույրը` Անին, չորս տարի փոքր:

Հարազատներից խոսեցինք, չե՞ս կարոտում տանեցիներին. «Վայ, կարոտում եմ, եթե նրանք լինեին իմ կողքին, ես ավելի հանգիստ, ավելի ճիշտ քայլերով առաջ կգնայի, չնայած մինչեւ հիմա ամեն ինչ նորմալ է, բայց հոգեկան հանգստությունը` ընտանիքի առումով, շատ կարեւոր է: Կողիքդ, երբ լինում է ընտանիքդ, դու տագնապի մեջ չես, դու քո տանը հանգստանում ես, կիսվում նրանց հետ»:

Տասնհինգ տարեկան հասակում սկսել է հաճախել «Արեւիկ» մանկական անսամբլ, իսկ մինչ այդ երգել է դպրոցի երգչախմբում:

Ասում է, որ երաժտության հանդեպ սերն է տարել դեպի երգը:

«Ես երազում էի երգելու մասին, ժամերով մենակ պարապում էի, անգամ ինքնուրույն կիթառ նվագել սովորեցի, հարվածային գործիքներ, ամեն ինչին ինքնուրույն եմ սովորել տիրապետել, որովհետեւ սերը այդ ամենի հանդեպ չափազանց մեծ էր: Կիթառ այնքան էի նվագում, որ մատաներիս ծայրերը ցավում էին ու վնասվում»:

Դպրոցում ուսանելու տարիներին է ապրել սերն առաջին, կամ ինչպես ինքն է սիրում կրկնել. «սեր չէր դա, չափից ավելի ուշադրություն»: Դպրոցի ամենից սիրուն աղջիկն է եղել նա` իր դասընկերուհին, ում կողքին նստելու համար Արամեն մեծ ջանքեր է գործադրել:

Հազարավոր նրա երկրպագուներին հիմա մի հարց է մտատանջում.արդյոք որեւէ մեկը կա Արամեի սրտում: «Անկախ»-ի հետ զրույցում Արամեն ասում է, որ իր սիրտը բաց է, այնտեղ ոչ ոք չկա:

«Ինչո՞ւ հարցրեցի, թե ով կա այս պահին քո սրտում, որովհետեւ լուրեր կան, որ դու Գերմանիայում ապրող ընկերուհի ունես, ով հաճախ լինում է Երեւանում եւ որ Ձեր հանդիպման վայրը Ծիծեռնակաբերդ տանող ծառուղին է»:

«Շատ հետաքրքիր լուրեր են, ես չգիտեմ` ով է ասել, բայց ես, իրոք, ունեմ ընկերուհի Գերմանիայից, բայց ոչ թե իմ ընկերուհին է, այլ պարզապես մենք ընկերներ ենք, հիմա նա տեղափոխվել է այստեղ եւ այս պահին հաճախ չենք շփվում: Մենք մի քանի անգամ եղել ենք Ծիծեռնակաբերդում, գիշերը ու ամենավերեւը, բայց մարդ չի եղել, ուրեմն` փաստորեն մարդ եղել է»:

Իրեն ռեալիստ է համարում, չի սիրում երազներով տարվել, քանի որ անիմաստ է այն համարում. «Ես նպատակասլաց մարդ եմ, որոշեցի, պիտի հասնեմ»…

Արամեն իրեն նաեւ շոուբիզնեսի մարդ չի համարում:

«Ես իմ էությամբ, բնավորությամբ շոուբիզնեսի մարդ չեմ: Ես զբաղում եմ իմ սիրած գործով, թե ինչու է այդ բնագավառը այդքան կեղտոտ, ես մենակ կարող եմ ցավով փաստել դա»:

«Այսինքն` անընդհատ բախվո՞ւմ ես դրան (նկատի ունեմ կեղտոտությունը):

«Երբ նոր ներխուժեցի շոուբիզնես, կարծես բոլորն իմ հանդեպ դրական էին տրամադրված: Լուրջ հաջողությունից հետո ոմանք սկսեցին շրջվել ինձնից, չար լեզուներ, բամբասանքներ: Մեջքից հարվածներ էլ են լինում: Եթե դու տղամարդ ես, եթե ասելու բան ունես` ինչու՞ ես հետեւից խոսում, չարախոսում, մարդկանց կարծիքը փորձում փոխել, ինչու՞, չեմ հասկանում, չեմ ընդունում: Կան մարդիկ, որոնք հատուկ ծնված են դրա համար` չարախոսելու: Եթե ես հիմա փորձեմ քո կարծիքը փոխել ԻննայիԱնկախի» ֆոտոլրագրող Իննա Մխիթայանին նկատի ունի) նկատմամբ` չեմ կարող, ես տենց մարդ չեմ: Մեր բնագավառում կարծում են թե, մեկը մյուսի պատիվը գցելով` իրանց կարճ խելքով, իրենց պատիվը կբարձրանա: Քո պատիվը պետք է բարձրացնես քո գործով»:

Արամեն նաեւ երգեր է գրում: Բայց ինչպես ասում է «մի բան պետք է էն չլինի, որ երգ գրեմ»: Ուրախ ժամանակ երգ գրելու ցանկություն չունի, գրում է երբ ընկճված է, բայց երգը ուրախ է ստացվում:

Երգիչը նախընտրում է գրել սիրո, անկեղծության, հեքիաթից ծնված աշխարհի մասին, ու երբեմ կյանքում ռեալիստը կոչ է անում ապրել հենց այդ հեքիաթային աշխարհում:

Արամեի երգերն ու հիթերը` «Առավոտ», «Ապրենք խաղաղ», «Կապույտ երկինք», «Երկինք մի լաց», «Լե լե», «Դու չես գնա», «Մեկմեկ» երգերի տեքստերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը եւ Ռիչարդ Մադլենյանը, որը նաեւ մի քանիսի երաժշտության հեղինակն է: Արամեն նախընտրում է համագործակցել նաեւ ոչ այդքան հայտնի երգահանների հետ, ինչպես օրինակ վերջին ձայնասկավառակում երգում է դեռ անհայտ երաժիշտ Արտակ Քանքանյանի երգը:

Վերջին շրջանում երգիչը նաեւ շատ գործնական է, «քիթ քորելու ժամանակ չունեմ»: Օրական երկուերեք ժամ հիփհոփ պարի դասերի է հաճախում, մենահամերգի փորձերի գնում: Մենահամերգը ամենասպասված իրադարձությունն է նրա կյանքում: Հոկտեմբերի տասին` հենց նրա ծննդյան օրը, Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Իմ կյանքի 27-րդ առավոտը» մենահամերգը:

Մինչ համերգը հասցրել է թողարկել նաեւ երրորդ ձայնասկավառակը` «Մի քիչ սեր» անվանումով: Առաջին ձայնասկավառակը լույս է տեսել 2007-ին` «UNձայն», իսկ 2-րդը` 2008-ին` «Յարիս բոյը»:

Նոր ձայնասկավառակը պարունակում է 13 նոր երգ: Հանդիսատեսն ծանոթ է Angels եւ «Մի քիչ սեր» երգերը, 11-ը նոր են: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ ավարտել եւս 2 տոսահոլովակ: Արդեն եթերում են «ՄԻ քիչ սեր», «Լե լե» երգերի տեսահոլովակները: Երգիչը նաեւ մեկ անակնկալ էլ կմատուցի ժողովրդական երգեր նախընտրողներին:

Նախատեսում է թողարկել ժողովրդական երգերի ձայնասկավառակ` լսված եւ չլսված երգերով: Երգերը համեմված կլինեն ժամանակակից տարրերով: Արամեի համակարգող պրոդյուսեր Արտավազդ Ամիրյանն ասում է (գլխավոր պրոդյուսերն է Արմեն Ամիրյանը), որ շատ չեն հեռանալու ժողովրդականի արմատներից:

«Անկեղծությունն է նրա գրավականը: Ես միշտ ասել եմ, որ պետք է լինել անկեղծ, այս պարագայում Արամեն յուրովի է մատուցում, զգացմունքային եւ անկեղծ», – ասում է Արտավազդը:

Դրայվ, էներգիա, նոն ստոպ վիճակ ու պարային շարժումբեմադրություններ. Արամեի համերգի բանաձեւն են սրանք: Մենահամերգին նախապատրաստվում են անցած տարվանից:Arame

Երգիչը կմասնակցի պարային բոլոր բեմադրություններում, կներկայանա նոր պարային ոճերում:

Համերգը կբացի «Արամե» երգը, կփակի հիթը` «Առավոտը»: Հնարավոր է նաեւ, որ բեմահարթակին հայտնվի տեսահոլովակի սպիտակ զգեստով փոքրիկը: Արամեի հետ դուետով հանդես կգան նաեւ Նունե Եսայանը, Հայկոն, Անի Ամիրյանը:

«Մեկմեկ, երբ փորձերից դուրս եմ գալիս, մեքենայի ղեկին պատկերացնում եմ այդ օրը ու ասում եմ, այ հենց այս պահին սկսեր համերգը` ես ի՞նչ կանեի, հետո անցնում է ինչ որ ժամանակ` սկսում եմ վախենալ, բայց ավելի շատ ես մտածում եմ, որ համերգի եկած հանդիսատեսը եկել է տեսնելու իր սիրած արտիստին եւ ես ամեն ինչ պիտի անեմ, որ նրանց բավականություն պարգեւեմ: Մենահամերգին հանդիսականը կտեսնի իսկական Արամեին», –ասում է Արամեն:

Կենդանի երգեելու հետ կապված խնդիրներ չունի, իսկ ֆոնոգրամայով երգելու արգելքի որոշումը տեղին էր, միայն, նա նշում է, որ մի այլ որոշմամբ էլ բոլոր համերգասրահների տնօրեններին պետք է պարտադրել, որ գնեն որակյալ տեխնիկա:

Բեմում երկնքից Արամեն չի իջնի ու տորթ էլ երկնքից չեն իջեցնի: Բայց հանդիսականներին հնարավորություն կընձեռվի համտեսել համեղ տորթ մարզահամերգայինի նախասրահում` համերգից հետո: Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլը կերգի Huppy birthday երգը, որի ընթաքում բեմում մի քանի հարկանի տորթից դուրս կգա աղջիկը ու կերգի «Happy birthday Արամե»:

Նվագախմբի հիմնական կազմը «Ասպարեզ» ստուդիայի երաժիշտներն են: Կնվագեն նաեւ թառ, սազ, բլուլ:

Արամեն կկատարի նաեւ Կոնստանտին Օրբելյանի իրեն նվիրած երգը: Այդ օրը մաեստրոն Հայաստանում կլինի եւ ներկա կգտնվի Արամեի մենահամերգին:

«Իմ հանդիստեսը ինձ ցուցաբերել է այնքան ջերմություն, ուշադրություն, որ արժանի է լավ համերգի»-ասում է Արամեն, – իմ երկրպագուներն ամենալավն են, չեն նեղացնում, նյարդայնացնում, սակայն միշտ չէ, որ ես լավ տրամադրություն ունեմ, միշտ չէ, որ ես պատրաստ եմ լսել յուրաքանչյուրին: Հենց ետ եմ նայում, հասկանում եմ, որ ախր ես երազում էի սրա մասին»:

Համակարգող Արտավազդ Ամիրյանը հերքում է անցած տարվանից շրջանառվող այն լուրերը, թե որոշված է, որ Արամեն մեկնելու է «Եվրատեսիլ 2010»:

«Չկա այդպիսի բան, թե որոշված է, որ Արամեն է մեկնելու «Եվրատեսիլ-2010-ին»: Պարզապես լուրեր են: Այս տարի ոչինչ չեմ կարող ասել, դեռ ոչ մի առաջարկ չի եղել, ոչ մի կոնկրետ քայլեր չեն արվել, իսկ եթե պարզվի, որ Հանրայինը ընտրել է Արամեին` մենք կպատրաստվենք ամենաբարձր մակարդակով»:

Եվ վերջում.

«Ես ուրախ եմ, որ սիրածս գործը գնահատվում է: Ձեր ընթերցողներին մաղթում եմ անկախ Ձեր շաբաթաթերթը կարդալուց` առողջ լինեն, ժպտան, լավատես լինեն: Հավատացեք, լինելով այս կարգավիճակում` ես ունեմ շատ ու շատ մեծ պրոբլեմներ, որոնք փորձում եմ լուծել, թող բոլորը լավատես լինեն»:


Բլից հարցաթերթիկ

Եղիազարյան Արամ Մարատի

Ծննդյան օր, ամիս, տարի – 10.10.1982

Աստղակերպը`կշեռք

Հասակը`2 մետր

Քաշը`106 կգ, նիհարել է 8 կգ

Աչքերի գույնը` դարչնագույն

Նախընտրած գույները`սեւ, սպիտակ, կարմիր

Վերջին կարդացած գիրքը`Լարի Քինգ:

Ֆիլմը`պարային ֆիլմեր

Մեքենան, որ վարում է`նախկինը Nissan Altima, հիմա` BMW

Ուտեստը`սիրում է մոժոժ, բարեկամներով ստերլյադ (սիբիրյան թառափ), փարթիներ է կազմակերպում:

Սիրում է նաեւ մսեղեն:

Ռելաքս`քնում եմ: Թալիսման չունի, իր հետ է իր միտքը` ամեն առավոտ տանից դուրս գալուց, եւ մեքենան կանգառելուց` Աստծուն է դիմում, շնորհակալություն հայտնում:

Դիտվել է 11225 անգամ:
Print Friendly

Leave a Reply