100 մլն-ի ծրագիրը ձախողվա՞ծ է

ԷՍՍԵ | | March 23, 2012 13:05

Մարտի 15-ին պետք է հատկացվեր գումարի առաջին բաժինը, որը ՀՀ նախագահը անցած տարվա վերջին հատկացրեց երիտասարդ գիտնականներին: Որոշվել էր, որ ընդհանուր 100 մլն դրամ գումարը պետք է հատկացվի 4 մասով` երեք ամիսը մեկ, իսկ այն պետք է տնօրիներ 100 մլն ծրագրի խորհուրդը, որը կազմված է 9 երիտասարդ գիտնականներից:

Գումարը, սակայն, այդպես էլ չհատկացվեց` 100 մլն ծրագրի խորհուրդն անգամ աշխատակարգ դեռևս չունի, ուր մնաց թե գումար տնօրինի, ծրագրեր իրականացնի: Երիտասարդները պարզապես համաձայնության չեն գալիս:

Երբ լսեցի ծրագրի ձախողման մասին, ակամա հիշեցի հայերի խմբակային գործելու անկարողությունը փաստող արտահայտությունը. «Մի հայն արժե 10 բրիտանացի, 2 հայն արժեն 5 բրիտանացի, 3 հայը և ոչ մի բրիտանացի»: Իրականում ազգիս վատաբանելու մտադրություն չունեմ, առանց այդ էլ բարդութավորված հասարակություն ունենք, էլ ուր: Սակայն իրողություն է, որ ծրագիրը չէր ձախողվի և մի բան էլ արդյունավետ կիրականացվեր, եթե օրինակ` 100 մլն ծրագրի խորհրդում ներկայացված 3 կառույցներից յուրաքանչյուրին  հատկացվեր 100 մլն-ի 1/3-ը:

Հիշեցնեմ, որ երիտասարդ գիտնականներին հատկացված 100 մլն գումարը տնօրինելու համար ստեղծվեց  խորհուրդ, որում  ընդգրկված են երեքական երիտասարդներ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունից, ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդից և բուհերի ՈՒԳԸ-ներից: Երիտասարդ գիտնականները համաձայնության չհասան 3 կետերի շուրջ` գործունեության բացարձակ թափանցիկություն, խորհրդի անդամների ռոտացիայի սկզբունք, որոշումների կայացման բացարձակ կոնսենսուս («Անկախը» նախկինում մանրակրկիտ անդրադարձել է խորհրդի ձևավորմանը): ՊԳՖԱ անդամները պնդում են, որ այս երեք սկզբունքները պարտադիր են արդյունավետ գործելու և ծրագրի հետագա շարունակականությունն ապահովելու համար (նշենք, որ ՊԳՖԱ-ն իր գործունեության մեկ տարվա ընթացքում նշված սկզբունքներով է առաջնորդվել ու կարողացել է հաջողությամբ բազմաթիվ ծրագրեր իրականացնել), մինչդեռ ԳԱԱ և բուհական ՈՒԳԸ-ների ներկայացուցիչներն այլ կարծիքի են: Վերջիններս դեմ են հատկապես ռոտացիայի սկզբունքին:

Հարց է առաջանում` ինչո՞ւ: Պարզապես այստեղ բախվում են երկու տարբեր մոտեցումներ` խորհրդային տարիներից մնացած ամեն ինչ գաղտնի անելու սովորույթը և եվրոպական ժողովրդավարական արժեքների թելադրած թափանցիկության սկզբունքը: Հիշում եմ, որ ուսանողական տարիներին պարբերաբար տեղեկատվություն ստանալու գրավոր հարցումներ էինք ուղարկում պետական տարբեր հիմնարկներ, որպեսզի  նրանք վերջապես հասկանան, որ իրենց կատարած ցանկացած քայլի մասին քաղաքացին իրավունք ունի տեղյակ լինելու: Հիմա այլևս որևէ պաշտոնյայի չես գտնի, որը կասի, թե իր կառույցի կայացրած որոշումները կամ գործունեությունը գաղտնիք է: Ցավալի է, որ այս միտումը դեռ պահպանված է երիտասարդ գիտնականների շրջանում, որն, իրականում, պետք է լիներ նոր արժեքների կրողը:

Առավել վիճելի հարց է ռոտացիայի սկզբունքը, ինչից կարելի է ենթադրել, որ 100 մլն-ի ծրագիրը աթոռակռվի պատճառ է դարձել: Իրականում խորհրդի անդամները գործում են հասարակական հիմունքներով և որևէ նյութական ակնկալիք չեն կարող ունենալ: Սակայն ռոտացիային դեմ լինելը թույլ է տալիս ենթադրել, որ հույս ունեն` հետագայում խորհրդի անդամությունը  որոշակի պաշտոնի կվերաճի, ուստի և ոչ մի կերպ բռնածը բաց թողնելու ցանկություն չունեն:

Բացարձակ կոնսենսուսի առումով էլ տեղին է հիշել այն արտահայտությունը, թե ցանկության դեպքում անհնարին ոչինչ չկա: Պարզապես ամեն ոք պետք է կարողանա որոշակի զիջումների գնալ ու ընդունել, որ դիմացինի տեսակետն էլ արժանի է  գոյության: Եթե այս ամենը գիտակցվեր, գուցե ծրագիրն այժմ իրականացման փուլում լիներ, ոչ թե ձախողման եզրին:

Առաջիկայում նախատեսվում է ԿԳՆ-ում նաև խորհրդատուների խորհրդի հավաք կազմակերպել, որի ընթացքում գուցե ավագ սերնդի գիտնականները և ԿԳ նախարարը միասին վերջ կդնեն երիտասարդ գիտնականների տարակարծություններին: Բայց բացառված չէ նաև, որ խնդիրն այդպես էլ չլուծվի: Այսպես թե այնպես, 100 մլն դրամի ծրագրի արդյունավետությունը և նույնիսկ լինել-չլինելն արդեն իսկ հարցականի տակ է, և շատ քիչ  հավանական է, որ այն շարունակական կլինի:

Մի կողմից` գիտնականները պայքարում են գիտության ֆինանսավորման ավելացման համար, մյուս կողմից, սակայն, ձախողված փորձը կարող է դառնալ մատի փաթաթան, որ ամեն ոք հիշեցնի` գիտության ինչի՞ն է պետք ավելացված ֆինանսավորումը, եթե, միևնույն է, չեն կարողանալու արդյունավետ տնօրինել:

Դիտվել է 1926 անգամ:
Print Friendly

Մեկ մեկնաբանություն

  1. Սամվել ասում է՝

    Մեր ազգը խաչագող ազգ ա։ Զարմանալի ա, թե ինչու մինչև հիմա իրար չեն թխկացրել էդ ջահելները փողի համար։

Leave a Reply