ՕԵԿ-ական գործարար Արայիկ Հայրապետյանը պարզաբանում է, թե ինչու է հրաժարվել ընտրապայքարից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2012 8:51

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն մի տեսակ «վայրի կանոններ» են գործում, որը ՕԵԿ-ական, գործարար Արայիկ Հայրապետյանի (Լավանդայի Արայիկ) համար ընդունելի չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արայիկ Հայրապետյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր թիվ 9 ընտրատարածքում, սակայն հետո հրաժարվել էր ընտրապայքարից:

«Ես տեսնում եմ, թե ինչ տեսակ պայքար պետք է գնա, հետեւաբար չեմ ցանկանում շարունակել ընտրապայքարս»,-ասաց նա եւ սիրով պատասխանեց NEWS.am-ի մի քանի հարցերի:

Պարոն Հայրապետյան ձեր թեկնածությունն ՕԵԿ-ի կողմից թիվ 9 ընտրատարածքում առաջադրելուց հետո անսպասելի հրաժարվեցիք ընտրապայքարից` հեռանալով երկրից: Oգտվելով առիթից, որ վերադարձել եք կխնդրենք հիմնավորել ձեր քայլը:

Կարծում եմ գտնվելուս վայրը էական չի, բայց նաեւ գաղտնիք չէ, որ Եվրոպայում էի: Ես ուղակի արձակուրդ էի գնացել եւ զբաղված էի իմ բիզնեսով:

Իսկ ինչո՞ւ հրաժարվեցիք ընտրապայքարից: Ձեր մրցակիցնե՞րն էին ուժեղ: (այս ընտրատարածքում առաջադրվել են` ՀՀԿ-ից Ռուբեն Սադոյանը, ԲՀԿ-ից Նապալեոն Ազիզյանը, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը)

Չէ չեմ կարծում: Ես ավելի պարզ ասեմ այս տեսակի ընտրապայքարին ես պատրաստ չեմ: Չգիտեմ ինչի է այսպես:

Ինչ նկատի ունեք:

Արդեն մի տեսակ վայրի կանոններ են գործում, որն իմ համար ընդունելի տարբերակ չէ: Ես արդեն տեսնում եմ, թե ինչ տեսակ պայքար է սպասվում, ուստի չեմ ցանկանում շարունակել պայքարը: Մարդիկ մոռանում են, որ պետք է շարունակեն ապրել Երեւան քաղաքում: Հարազատ, բարեկամ, ընկեր, ծանոթ խառնվել է իրար եւ ես չեմ գտնում, որ այդ մանդատն այդ արժեքն ունի:

Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր նկատմամբ սպառնալիքներ են եղել:

Բացարձակապես ոչ: Ի՞նչ սպառնալիք: Ես ուղղակի չեմ ուզում մտնել մի ընտրապայքարի մեջ, որի վերջը մութ է, խոնավ, գորշ: Ես Եղվարդում, օրինակ, ընտրապայքարի մեջ եմ եղել «ՍԱՍ»-ի Արտակի հետ, բայց շատ քաղաքակիրթ ձեւով է ամեն ինչ անցել: Իսկ հիմա սարքել են գազանային երեւույթ` «Бой без правил» (մարտ առանց կանոնների):

Դուք նկատի ունեք թիվ 9 ընտրատարա՞ծքը, թե՞ առհասարակ ամբողջ Հայաստանի տարածքում է այդպես:

Հակառակը` 9-րդ ընտրատարածքը շատ ավելի լավ վիճակում է:

Շարունակո՞ւմ եք մնալ ՕԵԿ-ի շարքերում, թե` ոչ:

Միանշանակ, ես կենտրոն կառույցի ղեկավարն եմ: Շատ ջերմ շատ նորմալ մթնոլորտ է:

Բայց կողքից տպավորությունն այնպիսին է, որ ձեր որոշման հիմքում ՕԵԿ-ի ներսում առաջացած տարաձայնություններն են:

Գիտեք, ես կարծում եմ, որ չկա կուսակցություն, որտեղ ցուցակ կազմելիս խնդիր չառաջանա: Ինչ վերաբերում է իմ անձին, այ, որպեսզի չլինեն նման բաներ, դրա համար դուրս եկա պայքարից: Եթե մնայի, հնարավոր է, ես էլ այդ «Бой без правил»-ին մասնակցեի:Բայց որպես գործարար, ես այդ ամենը հասկանալով դուրս եկա: Ինչքան էլ փորձեմ մտնել քաղաքականություն, ես հոգեբանությամբ բիզնեսմեն եմ:

Հիշում եմ մի անգամ ասել էիք, թե քաղաքականությունը «ատչոտի» դաշտ է:

Հա, երբ ինչ-որ մարդկանց անուն են տալիս, ասում են, փայատեր ունես ասում եմ ոչ, ես մենակ եմ, որովհետեւ մենակ «կայֆ ա»:

Լավ, իսկ թիվ 9 ընտրատարածքի թեկնածուներից ո՞ւմ եք Ձեր ձայնը տալու:

Ճիշտը որ ասեմ, բացի Լեւոն Զուրաբյանից, մնացած բոլորին շատ լավ ճանաչում եմ եւ Սադոյան Ռուբիկին եւ Նապոլեոն Ազիզյանին, որպես ապարանցի ընկերներ ենք եւ այդ առումով ինձ դժվար է ընտրություն կատարել: Դեռ նաեւ նախընտրական ծրագրին պետք է ծանոթանամ: Իսկ քանի որ այս ընտրապայքարն իր բարոյահոգեբանական արժեքներով փոխվել է, դեռ չեմ կարող ասել: Շատ կուզենայի, որ մեր բոլոր ընկերները բարոյական արժեքները պահեն:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

NEWS.am

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply