Հայկ Դեմոյան. «Սահմանների բացմամբ Ցեղասպանության մասին քննարկումները կտեղափոխվեն Թուրքիա»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2009 15:06

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում, ըստ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի, կարող էր ընդգրկված լինել նաև ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթը, քանի որ դա հավասարապես ձեռնտու է երկու կողմերին էլ: Դեմոյանն ասում է, որ Թուրքիան, օրինակ, ձգտում է ամեն կերպ ամրագրել Կիպրոսի թուրքերի ինքնորոշման իրավունքը, բայց հայերի դեպքում  այն ինչ-ինչ պատճառով անտեսվում է:

Անդրադառնալով արձանագրություններում 3-րդ կողմի տարածքային ամբողջականությունը ճանաչելու դրույթին` Դեմոյանն ասում է, որ այդտեղ վտանգ տեսնել պետք չէ, քանի նշված չէ, որ կողմերը ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Դեմոյանի խոսքերով` պատմական հանձնաժողովի ձևավորմամբ վտանգ կա, որ կարող է շահարկվել Ցեղասպանության լինել-չլինելու հարցը: Սակայն «իրեն հարգող որևէ հայ պատմաբան քննարկման առարկա չի դարձնի Ցեղասպանության եղելությունը, ինչին էլ կձգտի հասնել թուրքական կողմը»:

Տնօրենն ասում է, որ Ցեղասպանությունը դարձել է քաղաքական և կուսակցական ուժերի կողմից շահարկման և գումար վաստակելու միջոց:

Ցեղասպանության թանգարանը տարեկան ունենում է 100 հազար այցելու, և, ըստ Դեմոյանի, միջազգային հանրությանը Ցեղասպանության փաստերը ներկայացնելու գործում հավասարը չունի ողջ աշխարհում: «Թանգարանի ղեկավարման 3 տարիների ընթացքում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատող որևէ կազմակերպությունից համագործակցության առաջարկ չեմ ստացել, ամերիկյան ապահովագրական ընկերությունում մնացած Ցեղասպանության զոհերի անանուն գումարները որոշվեց, որ պիտի բաշխվի Ցեղասպանության ճանաչման գործով զբաղվող կազմակերպություններին, Ցեղասպանության թանգարանի մասին խոսք անգամ չեղավ»,- խոսքի մեջ իր մտահոգությունը հայտնեց Դեմոյանը:

Ցեղասպանության թանգարանի տնօրենը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը և արձանագրությունների ստորագրմանը, քանի որ, ըստ նրա, «վերջապես Ցեղասպանության հետևանքները վերացնելու հնարավորություն է ստեղծվել»:

Դեմոյանի կարծիքով` սահմանների բացմամբ Ցեղասպանության մասին քննարկումները կարող են տեղափոխվել Թուրքիա: Բացի այդ, Թուրքիայում ապրում է մի սերունդ, որը դեռ հիշում է իր հայկական արմատները: «Բաց սահմանների դեպքում կարող ենք նրանց ներառել հայկականության գործընթացի մեջ, փորձել դարձի բերել»,- ասում է Դեմոյանը:

Դեմոյանը նաև նշում է, որ սահմանները բացելով՝ կկարողանանք փրկել Արևմտյան Հայաստանում դեռևս պահպանված հայկական հուշարձանները, այլապես 20-30 տարի հետո դրանք բոլորովին կկորսվեն:

Նրա խոսքերով` վախեր ունի նաև Թուրքիան. օրինակ, որ սահմանների բացումից հետո հայերը կհաստատվեն Արևմտյան Հայաստանում, որ սահմանամերձ գոտու տնտեսական վակուումը կլցնեն հայկական արտադրության ապրանքները, որ սահմանների բացմամբ շատ քրդեր կկարողանան բիզնես սկսել և մեծ կապիտալ կուտակել:

«Սահմանների բացումը 2 կողմում էլ կբերի հոգեբանական լանդշաֆտի փոփոխություն»,- ասում է Դեմոյանը:

Դիտվել է 1626 անգամ:
Print Friendly

Leave a Reply