Ցույցեր համահայկական ուղևորության կանգառներում. նախագահ Սարգսյանը պատճառ դարձավ՝ սփյուռքահայերի ու ոստիկանության բախման

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2009 13:42

«Asbarez.com» թերթը հաղորդում է, որ Փարիզում՝ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորության առաջին կանգառում, հայ համայնքը նախագահին դիմավորել է «Մոռնալը համազօր է դաւաճանութեան» քառալեզու պաստառներով եւ «Ոչ՛» վանկարկումներով: Իրենց կտրուկ դիրքորոշումն արտաhայտող ցուցարարները տեղավորվել են Կոմիտասի արձանի(խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունը) շրջակայքում՝ փակելու նախագահի ճանապարհը, ով պետք է ծաղկեպսակ դներ:

Ֆրանսիայի ոստիկանությունը, սակայն, բռնի ուժով ու տարբեր միջոցների գործադրմամբ ցրել է հավաքված ժողովրդին, ովքեր փորձել են իրենց՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ընդդիմադիր կեցվածքը արտահայտել:

Սարգսյանին հաջողվել է թիկնազորի օգնությամբ անխափան մոտենալ արձանին, ծաղկեպսակ դնել ու առանց խոսք իսկ փոխանակելու հավաքվածների հետ անտարբեր հեռանալ: Նախագահին մոտենալ  հաջողվեց միայն ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանին, ով հազիվ էր բարկությունն ու հուզմունքը զսպում, որ չբռնի նախագահի օձիքից:

«Եթե չստորագրեք այս արձանագրությունների տակ, կդառնաք հերոս, իսկ եթե ստորագրեք, կլինեք դավաճան»,-անձամբ իր խոսքը փոխանցեց Փափազյանը, ում խստահայաց հսկում էին նախագահի թիկնապահները՝ թույլ չտալով դիպչել Սարգսյանին:

«Երկիր» թերթի հաղորդմամբ՝ Փարիզում բողոքի ակցիային մասնակցել են 3 հայկական քաղաքական կուսակցությունների՝ ՀՅ Դաշնակցության, Ռամկավար Ազատական եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունների, ինչպես նաև հասարարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։

« Նախքան Սերժ Սարգսյանի ժամանումը հուշարձանին հարող բոլոր փողոցները փակ են եղել, իսկ ոստիկանությունը ցուցարարներին պահել է հուշարձանից ավելի քան 100 մ հեռավորության վրա եւ թույլատրել է մոտենալ միայն կանանց ու սևամորթներին». տեղեկացնում է «Երկիրը»։

ՀՅԴ լրատվամիջոցը հաղորդում է, որ «նախագահին հաջողվել է մնալ հուշարձանի մոտ 3 րոպեից ոչ ավելի, քանի որ ցուցարարների մի խումբ ճեղքել է ոստիկանական պատնեշը եւ փտած ձվեր ու պաստառներ նետել հայաստանյան պատվիրակության վրա։ Ցուցարարները նաև Ֆրանսիայից են պահանջել Սերժ Սարգսյանին անհապաղ դուրս հրավիրել Ֆրանսիայի սահմաններից»:

Թերթը նշում է, որ  ոստիկանությունը սկսել է ծեծել ցուցարարներին` հաշվի չառնելով տարիք ու սեռ. ցուցարարների դեմ կիրառված արցունքաբեր գազը քամին փչել է նաև ոստիկանության կողմը։ «Այդ ամենը այնքան հանկարծակի է կատարվել, որ օրինապահները չեն հասցրել հագնել հակագազերը, ինչից էլ օգտվել են ցուցարարները՝ նետվելով Հայաստանի նախագահի կողմը։ ՀՀ նախագահին և հայկական պատվիրակության մյուս անդամներին արագ հեռացրել են դեպքի վայրից». գրում է թերթը:

Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ առանձին հանդիպման ժամանակ Սարգսյանն ասել է, թե ավելի լավ կլիներ, եթե մի 500-1000 հոգի հավաքվեին արձանի մոտ ու լռությամբ հարգեին թե Ցեղասպանության զոհերի հիշատակը, թե այդկերպ արտահայտեին իրենց կեցվածքը` արձանագրությունների նկատմամբ:

Փարիզահայ լրագրող Ժան Էսքճյանի փոխանցմամբ՝ ցուցարարները եղել են ավելի քան 1000-ը:

Բողոքի ցույց է եղել նաև Նյու Յորքում, որտեղ նախագահ Սարգսյանի երկրորդ կանգառն էր՝ հանդիպելու համայնքի ղեկավարներին: Ամերիկահայերը հավաքվել են Նյու Յորք Պալաս հյուրանոցի մոտ, որտեղ և նախատեսված էր նախագահի հանդիպումը:

Ավելի քան 10 քաղաքներից ժամանած ցուցարարները հավաքվել են՝ արտահայտելու իրենց բողոքի ձայնը:

«Մի զիջեք Հայաստանի ապագան», «Հայերն արդարություն են ուզում» և այլ ցուցապաստառներով ցուցարարները գոչում էին «Սերժ, դավաճան», «Դու չես կարող վաճառել մեր ժառանգությունը»:

Սարգսյանն ու համայնքի ներկայացուցիչները հյուրանոցում էին, երբ սկսել է ցուցարարների պիկետը:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ «Սերժը չի կարողանում թաքցնել իր ատելությունը այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուղիղ հարցեր են տալիս և պահանջում են իրատեսական անկեղծ պատասխաններ»:

Ամերիկահայ մտահոգ երիտասարդների ասոցիացիայի փոքրիկ խմբին հաջողվել է մտնել հյուրանոց. հանդիպելով ոստիկանության դիմադրությանը՝ փորձել են բացատրել, որ ընդամենը ուզում են նամակ փոխանցել նախագահին: Երիտասարդներին են մոտեցել նաև նախագահի թիկնազորի անդամները, ովքեր թույլատրել են նամակը փոխանցել այն դեպքում միայն, եթե մոտեցողը լինի մեկ հոգի: Մի քանի ժամ սպասելուց հետո, սակայն, նամակագիրները ստիպված են եղել հեռանալ. նրանց այդպես էլ չի հաջողվել հանդիպել նախագահին:

Ցուցարարները պատմում են, որ ոստիկանությունը փորձել է բռնի ուժով ցրել հավաքվածներին, երբ ժողովուրդը ջանք է թափել՝ զրուցելու Սարգսյանի հետ:

«Նրանք ոստիկանությանը ուղարկեցին, երբ մենք փորձեցինք Սերժի հետ զրույցի բռնվել և սպառնացին, որ կձերբակալեն,-պատմում է ցուցարարներից մեկը,-Նրանք շատ կոպիտ էին վերաբերում նվիրյալ հայերին:

Բողոքի ցույցեր են կազմակերպվել նաև նախագահ Սարգսյանի երրորդ կանգառում՝ Լոս Անջելեսում. ցուցարարները եղել են ավելի քան 12 000-ը: Stoptheprotocols.com կայքը հաղորդում է, որ «Կալիֆորնիայից ժամանած ցուցարարները մեկտեղվել են Բեվերլի Հիլս հյուրանոցի մոտ, որտեղ նախագահ Սարգսյանը հանդիպում էր հայ-ամերիկյան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համոզելու ներկաներին, որ պետք է ստորագրվի այդ թերի արձանագրությունները»:

Բողոքի ակցիան կազմակերպել է «Դադարեցնել արձանագրությունների արշավը» (Stop The Protocols Campaign / stoptheprotocols.com) նախաձեռնությունը:

«Սերժ, մի դավաճանի հայ ժողովրդին», «Թուրքիա, ճանաչի Ցեղասպանությունը», «Ոչ՝ արձանագրություններին» պաստառներով ու վանկարկումներով ցուցարարները հավաքվել են հյուրանոցի շրջակայքում՝ ցուցադրելով Հայաստանի ու Թուրքիայի նախագահներ Սարգսյանի ու Գյուլի նկարները՝միատեղ:

Նախքան նախագահի համայնքային հանդիպումը Սարգսյանն իր պատվիրակության հետ կանգնել է հյուրանոցի 12-րդ հարկի պատշգամբում և դիտել բողոքավորներին, ովքեր հույս ունեին, որ նախագահն անձամբ կխոսի իրենց հետ, ինչն այդպես էլ տեղի չունեցավ:

ՀՅԴ Արևմտյան կենտրոնական կոմիտեի անդամ Հովան Տաշջյանը նախագահի հետ սփյուռքահայերի հանդիպումը բնութագրել է լարված: Նա ընդգծել է, որ բողոքավորները հատկապես դեմ են պատմական հանձնաժողովի ստեղծմանը և շետում են, որ արձանագրությունները չեն նպաստի Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը:

Թեև նախագահը չէր այցելելու Արգենտինա, այդուհանդերձ մայրաքաղաք Բուենոս Այրեսում էլ ցույցեր ընթացան. Հայոց զոհերի հիշատակի հուշարձանի մոտ հավաքվել են ավելի քան 1500 արգենտինահայեր՝ իրենց ձայնն արտահայտելու՝ ընդդեմ արձանագրությունների:

Նախագահ Սարգսյանին նույնատիպ «հյուրընկալությամբ» են պատրաստվում դիմավորել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ու Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Դոնի Ռոստով քաղաքում:

Դիտվել է 1973 անգամ:
Print Friendly

Leave a Reply