Սերժ Սարգյսյան. «Անհնար է զարգացման բոլոր սցենարների համար մինչև վերջ հաշվարկներ անել»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2009 14:31

Սերժ ՍարգսյանԵրեկ Լոս Անջելեսի «Հիլթոն» հյուրանոցի սրահում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց ԱՄՆ Արևմտյան ափի և Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների, ազգային տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է նախագահի գրասենյակը, հանդիպման ընթացքում Սարգսյանն ասել է, որ ցանկացած բանակցության համար կարևոր է ոչ միայն դրված նպատակներին հետամուտ լինելու կամքը, այլև այն ժամանակային ու իրավիճակային միջավայրը, որում ընթանում են դրանք, իսկ հայկական կողմի համար այդ ժամանակը բարենպաստ է եղել:

«Ես կարծում եմ, որ տվյալ ժամանակի համար մենք կարողացել ենք ստանալ առավելագույնը»,-ամսի 3-ին Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է Սարգսյանը` անդրադառնալով այն մտահոգությանը, թե հնարավոր էր հայ-թուրքական բանակցությունների արդյունքում հանգել առավել հայանպաստ փաստաթղթերի:

Խոսելով նախաստորագրված արձանագրությունների մասին` նա նշել է, որ հավատում է Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալուն և այդ ամենից ոչ միայն չտուժելուն, այլև օգուտներ քաղելուն:

Սարգսյանի խոսքով` իրականում անհնար է զարգացման բոլոր սցենարների համար մինչև վերջ հաշվարկել հնարավոր բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը`օրինակ բերելով հայ ժողովրդի կյանքում մեծ կարևորություն ունեցող 1 այլ իրադարձություն`Հայաստանի անկախության հանրաքվեն:

d5b0d5a1d5b6d5a4d5abd5bad5b8d682d5b4«Երբ մենք քվեարկում էինք Հայաստանի անկախացման օգտին, այդ ժամանակ էլ շատերի մոտ կային մտահոգություններ ապագայի մասին, այդ ժամանակ էլ ոչ ամեն ինչ էր մինչև վերջ ու զարգացման բոլոր սցենարների համար հաշվարկված,-ասել է նա,-Նույն կերպ, երբ Արցախին պարտադրված պատերազմում պայքարում էինք Լեռնային Ղարաբաղի ազատության և ինքնորոշման իրավունքի համար, կարծեք, այդ ժամանակ ևս չկային բոլոր հաշվարկներն ու կրկին կային տարբեր մտահոգություններ: Բայց մենք հավատում էինք մեր նպատակներին ու հաջողության հասանք»:

Սփյուռքահայերին ամենից շատ հետաքրքրող Ցեղասպանության փաստի կապակցությամբ երկրի ղեկավարն ասել է. «Ցեղասպանության հետ կապված միակ խնդիրը կարող է քննարկման առարկա լինել միայն այն դեպքում, թե ինչպես կարող ենք օգնել թուրք ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելիս կամ ավելի ճիշտ` ինչպես հաղթահարել Ցեղասպանության հետևանքներ»:

Տնտեսական էքսպանսիայի մասին մտավախությունները Հանրապետության ղեկավարը համարել է անհիմն` հայտարարելով, որ պետությունն ունի բավարար գործիքներ ու մեխանիզմներ՝ այդ ոլորտի խնդիրներին անգամ օրենսդրական, լուծումներ տալու:

Իսկ ամսի 2-ին Փարիզում նախագահը  մեկ անգամ ևս բացառել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցում որևէ նախապայմանի հնարավորությունը և ընդգծել, որ բանակցություններն ընթացել և ընթանում են բացառապես այդ տրամաբանությամբ:

Խոսելով նախաստորագրված արձանագրությունների մասին` Սարգսյանն ասել է. «Այդ արձանագրությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված սկզբնաքայլեր են լոկ: Դրանք բանակցությունների համար նվազագույն տանելի միջավայր ձևավորելուց բացի, որևէ այլ խնդիր այս պահին չեն լուծում, փոխարենը` մեխանիզմներ են նախատեսում առկա խնդիրները քննարկելու և ժամանակի ընթացքում հանգուցալուծելու համար: Դրանց նպատակն է ճանապարհ հարթել հարաբերությունների կարգավորման բարդ, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ ուղու համար և անել դա արժանապատվորեն, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ երկրներին»:

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply