Մայրը 17-ամյա դստերը ծեծելով ստիպել է ամուսնանալ 22-ամյա հոգեկան հիվանդի հետ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | March 16, 2012 13:00

Մարինե Նասիբյանն անհաջող ամուսնական կյանքից 30 տարի անց նոր միայն համարձակվել է դիմել ամուսնալուծության: Մինչ այդ նա եւ իր 4 երեխաները ամուսնու կողմից ենթարկվել են ստորացումների, բռնությունների, հայհոյանքների: Ավելին` կինը 2-3 անգամ ներարկումներ է արել, որ արհեստական վիժման ենթարկվի ու հոգեկան հիվանդից երեխաներ չունենա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Մարինե Նասիբյանը (հասկանալի պատճառներով անունը փոխված է):

Նախ նշենք, որ Մարինեի մայրն իրականում նրա մորաքույրն է, ով Մարինեին որդեգրել է, իսկ 17 տարեկան  հասակում որոշել Մարինեին ամուսնացնել իր գործընկերուհու 22-ամյա որդու հետ: Մարինեն ընդվզել է, քանի որ պարի պետական անսամբլում է պարել եւ ցանկացել է ուսումը շարունակել, սակայն մայրը ավելով այնքան է ծեծել եւ այլ ճնշումների ենթարկել, որ նա ստիպված համաձայնել է ամուսնանալ:

Ամուսնությունից հետո պարզվել է, որ ամուսինը հոգեկան շեղումներ ունի: Ամուսնությունից մեկ ամիս անց Մարինեն հղիացել է, սակայն արդեն հղիության ընթացքում ամուսինն սկսել է ծեծի ենթարկել նրան: Առաջին ծեծի պատճառն, ըստ Մարինեի, հետեւյալն էր. «Նրա քրոջ ոտքը կպել էր վառարանին, ինչի արդյունքում վառարանը շրջվել էր: Նա, երբ տեսավ այրված հատակը, հարցրեց, թե ով է արել: Ես էլ ասացի, որ քույրդ: Սակայն վիրավորվեց, երբ քրոջ անունը տվեցի, բաժակով հարվածեց, հետո հարձակվեց վրաս եւ սկսեց ծեծել»: Հետո ծեծը շարունակական բնույթ է կրել, ամեն անգամ տարբեր առիթներով:

«Երեխայի ատամ հանելուց, երբ լնդերը ուռել էին, պատճառաբանեց, թե երեխային լավ չեմ հետեւել: Շատ անգամ նույնիսկ մեծ տարիքում ծեծել գցել է փողոց, նկուղներում եմ գիշերել»,-պատմեց նա:

Իսկ չի ամուսնալուծվել եւ ոստիկանության չի դիմել ամոթից ելնելով, որ չասեն ամուսնալուծված է կամ ամուսնուն դեմ «գործ է տվել»:

Այդ ամենից զատ Մարինեն հասցրել է 4 երեխա ունենալ, որոնցից 19-ամյա որդին սրտի հիվանդություն է ձեռք բերել այդ ապրումներից եւ հոր հարվածներից: «Երբ ուզում էի ամուսնուս հակաճառել, երեխաներս ասում էին մամա, մի պատասխանի, գիտես, որ ինքը գիժ ա, քեզ կծեծի, կանպատվի: Երեխաները վախենում էի իրենց հորից: Այսօր էլ, երբ արդեն առանձին ենք ապրում, ոչ մեկը չի ցանկանում նրա երեսը տեսնել»,- ավելացրեց տիկին Մարինեն:

Ի դեպ,  նրա ամուսինը նաեւ արցախյան ազատամարտի հերոս է եղել եւ երբեք չի աշխատել: Իսկ Մարինեն ամբողջ կյանքն աշխատել եւ աշխատում է, որ ընտանիքը պահի: «Գիտեմ, որ  դա հանցանք է, բայց  մի քանի անգամ էլ  ներարկման միջոցով  արհեստական վիժման եմ ենթարկվել,  որովհետեւ չէի ուզում նրա նմանից երեխա ունենալ, բայց դա էլ չօգնեց»,-նշեց կինը:

Մարինեի համբերության բաժակը լցվել է, երբ ամուսինն արդեն սկսել է սպառնալ, որ կմորթի, կսպանի: «Վերջին անգամ ինձ ստիպում էր, որ 4-րդ հարկի մեր պատուհանից ցած նետվեմ: Երբ պատրաստվում էի նետվել աղջիկս  ինձ քաշեց ներս եւ հարվածները վերցրեց իր վրա»,- հիշեց Մարինեն: Նա նման իրավիճակում հայտնված կանանց խորհուրդ է տալիս դիմել «Կանանց իրավունքների» կենտրոնին, որոնց դիմելուց հետո նոր միայն կարողացել է հաղթահարել վախը,  հեռանալ ամուսնուց եւ սկսել ապրել:

Նրա խոսքով, եթե չգնար այդ քայլին այսօր արդեն հոգեբուժարանում կլիներ: «Իմ հոգեկան աշխարհը խառնվել էր, եթե մի քիչ էլ մնայի, կհայտնվեի հոգեբուժարանում: Կենտրոնի միջոցով, թե առողջական, թե հոգեկան խնդիրներս հաղթահարեցի: Ներկա պահին իմ գլխավոր ձեռքբերումն այն է, որ խաղաղ, հանգիստ ապրում եմ»,- ընդգծեց Մարինե Նասիբյանը:  Ի դեպ, Մարինեն 4 երեխաների հետ 2011թ-ին բաժանվել ամուսնուց, որը հրաժարվում է լքել բնակարանը: Ներկա պահին փորձում են դատարանի միջոցով լուծել  այդ խնդիրը, իսկ մինչ այդ ապրում են առանձին  վարձով բնակարանում:

Երկու աղջիկներն ամուսնացած են, իսկ տղան եւ մյուս աղջիկը Մարինեի հետ են ապրում:

Հ.Գ. Այն բոլոր կանայք, ովքեր ընտանիքում ենթարկվում են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական բռնության եւ ունեն իրավաբանական կամ հոգեբանական անվճար խորհրդատվության կարիք կարող են դիմել «Կանանց իրավունքների» կենտրոնի 24 ժամ գործող թեժ գծի հետեւյալ համարին` 010 54 28 28:

Պատրաստեց`  Տաթեւ Մեսրոպյանը

News.am

Դիտվել է 1521 անգամ:
Print Friendly

Leave a Reply