Հայաստանում են «Deep Purple», «Asia», «Black Sabbath» ռոք խմբերի հիմնադիրները

ՄՇԱԿՈՒՅԹ | | October 2, 2009 15:34

Այսօր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ռոք երաժշտության գերաստղեր Իեն Գիլանին («Deep Purple»ռոք- խմբի հիմնադիր անդամ) , Թոնի Այոմին(«Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ), Ջոուֆ Դաունսին( «Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ) և «Do something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դինին պատվո շքաննշաններ շնորհեց:

Նախագահի կողմից հեռակա բարձր պարգևների արժանացան նաև Բրայան Մեյը («Queen» ռոք-խմբի հիմնադիր անդամ) և Դեվիդ Գիլմորը («Pink Floyd» ռոք-խմբի հիմնադիր անդամ):

Նրանք 1989թ.` 20 տարի առաջ, «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծն են իրականացրել` ձայնագրելով ռոք-աստղերի ձայնասկավառակ, որից ստացված ողջ հասույթը տրամադրվել է երկրաշարժի գոտուն: Այժմ ռոք աստղերն այստեղ են «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում`«Հայռուսգազարդ» ընկերության և BMI ավիաընկերության հովանավորության շնորհիվ:

Այսօր ռոք գերաստեղերի հրավիրած ասուլիսը սկսեց նշյալ խմբերի մասնակցությամբ ձայնագրված «Smoke on the Water» երգի ռեմիքս տարբերակով, որը  հոկտեմբերին վաճառքի կհանվի ITunes  ինտերնետային խանութում: Լազերային ձայնասկավառակների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրվի Հայաստանի աղետի գոտուն:

«Do something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դինը լրագրողներին խոստովանեց, որ ինքն էլ դեռ չէր լսել երգի վերաձայնագրված վերջնական տարբերակը: «Երեկ, երբ այցելեցինք Գյումրիի երաժշտական դպրոց, հասկացանք, որ այդ վատ պայմաններում սովորելն ուղղակի հնարավոր չէ,- ասաց Ջոն Դինը,-խոսքս չի հերիքում` նկարագրելու այն պայմանները, որին ականատես եղանք. դրսում ավելի տաք էր, քան ներսում, ու որոշեցինք, որ ձայնասկավառակներից ստացված գումարը կտրամադրենք նաև այդ դպրոցի բարեկարգմանը»:

«Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր-անդամ Իեն Գիլանը, անդրադառնալով ձայնագրված երգին, ասաց, որ իր համար ապշեցուցիչ էր, թե ինչի կարող են հասնել մարդիկ, երբ սիրում են իրենց աշխատանքը: «Ես երբևէ չէի տեսել, որ մեկ սենյակում այդքան տաղանդներ միասին նվագեն,-ասաց նա: «Asia» ռոք-խմբի հիմնադիր-անդամ Ջոուֆ Դաունսինը պատմեց, որ սկզբում թերահավատորեն  է վերաբերել  մեկ երգ ձայնագրելու գաղափարին, բայց աշխատանքի մեջ հասկացել է, որ  ռոքի ողջ հանրագիտարանի մասնակցությամբ արդյունքը հիանալի է լինելու: «4 շաբաթ-կիրակի ծախսեցինք ձայնագրման վրա,-ասաց նա,- Ու հիմա, երբ ձայնագրությունից հետո տեսնում ենք այս արձագանքը, կրկին վերապրում ենք աշխատանքային բոլոր պահերը»:

«Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ Թոնի Այոմիի առաջարկով՝ ռոք աստղերը կվերաձայնագրեն Black Sabbath-ի երգերից մեկը, իսկ աշխարհահռչակ թենիսիստ Ջոն Մաքինրոյի առաջարկով՝ արդեն իսկ ձայնագրել են «Լեդ Զեփելին» խմբի «Ռոք-ն-Ռոլլ» երգը, որը մեկ ամիս հետո ձայնասկավառակով դուրս կգա վաճառքի: Թենիսիստն այսօր «Օրանժ Թենիս» ակումբում վարպետության դասեր է տալու հայ պատանի թենիսիստներին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ «Վարչապետի հուշամեդալ» է շնորհվել նաև 1989թ. «Smoke on the Water» երգի ձայնագրությանը մասնակցած բոլոր երաժիշտներին և երգի համահեղինակներին: Ռոք աստղերի հաջորդ հանդիպումը հայ հանդիսատեսի հետ կլինի մարտ ամսին՝արդեն համերգային ծրագրով:

Դիտվել է 1782 անգամ:
Print Friendly

Leave a Reply