Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակի առթիվ հյուրընկալվել է Չարենցի տուն-թանգարանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 13, 2012 22:51

Հանրապետության ղեկավարը թանգարանի հյուրերի հետ միասին շրջել է ցուցասրահներում, ծանոթացել մեծանուն բանաստեղծի հոբելյանի կապակցությամբ բացված «Եղիշե Չարենց. դիմանկարների շարք» ցուցադրությանը, որտեղ ներկայացված են գրողի ժամանակակիցների՝ Մ. Սարյանի, Ռ. Ղազարյանի, Ալ. Բաժբեուկ-Մելիքյանի վրձնած Չարենցի դիմապատկերները: Նախագահը Չարենցի գրասեղանին դրված պատվավոր հյուրերի մատյանում առաջին գրառումն է կատարել. «Եկել եմ Չարենցի այնքան սիրած «Կարմիր տունը»:

Եկել եմ, բերելով իմ հիացումը հանճարի նկատմամբ և հավաստիացնելու, որ այսօր էլ մենք առաջնորդվում ենք մեզ ժառանգած նրա բանաձևով. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Նրա վերջին գիրքը՝ «Գիրք ճանապարհինն» իսկապես դարձավ Հայաստանի ժողովրդի ճանապարհի գիրքը՝ դարձավ խորհուրդ, խրատ, ուղեցույց և հորդոր բոլորիս համար: Եվ ինքն էլ մնաց մեզ համար որպես հնամյա մեր ժողովրդի ազգային ոգուց և հավաքական-ամփոփ պատմությունից սերված առաջնորդ ու մարգարե, որից սովորել ու սովորում ենք, քանի կանք:

Չարենցի ներկայությունը պարտավորեցնող է…»,-գրել է Սերժ Սարգսյանը:

Թանգարանի գիտանձնակազմը Հանրապետության նախագահին նվիրել է Եղիշե Չարենցի ծննդյան 115 և գրական գործունեության 100-ամյակների առթիվ հրատարակված «Չարենց-115» գիրքը:

Այսօր մեծ պոետի անձնական իրերի հավաքածուն տուն-թանգարանում համալրվել է ևս մեկով. թանգարանին է հանձնվել Չարենցին պատկանած շախմատը:

Սերժ Սարգսյանը Չարենցի տուն-թանգարանում այնուհետ ներկա է գտնվել հոբելյանական գրական-երաժշտական երեկոյին:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply