10 տարվա կյանքի փոխարեն՝ 5,5 տարի. բուժհաստատության դեմ քրեական գործ է հարուցվել

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 15, 2012 0:08

63-ամյա Հովհաննես Կաթրջյանը 1985 թվականից ապրում է սրտի էլեկտրական խթանիչով և արդեն 7 անգամ սրտի վիրահատության է ենթարկվել: Վերջին անգամ նրա սիրտը վիրահատել և խթանիչը փոխել են 2008 թ. «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ում:

Վիրահատությունը կատարել է կենտրոնի այդ ժամանակվա տնօրեն, վիրաբույժ Սմբատ Ջամալյանը: Վիրահատության արժեքը, ըստ կենտրոնի 2008 թ. ստացիոնար ծառայությունների գնացուցակի, կազմում էր 2 միլիոն 25 000 դրամ, որից 1 միլիոն 9 հարյուր հազարը փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, քանի որ այդ ժամանակ Կաթրջյանի որդին զինծառայող էր: Մնացած 125 000 դրամը սոցիալապես անապահով վիճակում գտնվող հիվանդը վճարել է բարեկամների շնորհիվ:

Այդ գումարով Կաթրջյանի սրտին պետք է տեղադրվեր BIOTRONIK ֆիրմայի «Philos DR» կոչվող երկխոռոչանի խթանիչ սարք, որի գործարանային ծառայության ժամկետը, ըստ հիվանդանոցի, 10 տարի է: Սակայն վիրահատությունից որոշ ժամանակ անց Կաթրջյանը ֆիրմայի պաշտոնական կայքից պատահաբար պարզել է, որ սարքի ժամկետը ոչ թե 10 տարի է, այլ 5,5, արժեքն էլ, բնականաբար, ավելի ցածր` 1 միլիոն 2 հարյուր հազար դրամ: Հիվանդը նաև պարզել է, որ  տվյալ խթանիչները բարեգործական ճանապարհով են եկել Հայաստան: «Այսինքն` 2014 թ. հունվար-փետրվար ամիսներին խթանիչը կանգնելու է, որի հետևանքով դադարելու է իմ սրտի աշխատանքը, և ես մահանալու եմ,- ասում է հիվանդը,- կամ լավագույն դեպքում, եթե չմահանամ, նորից պետք է ենթարկվեմ վիրահատության և նոր խթանիչ կրեմ: Ես որտեղի՞ց վիրահատության գումարը գտնեմ: Այն ժամանակ որդիս զինծառայող էր, պաշտպանության նախարարությունն աջակցեց, իսկ հիմա՞»:

Իր եզրակացությունները հիմնավորելու համար Կաթրջյանը էլեկտրոնային փոստի միջոցով հարցում է կատարել անգամ գերմանական BIOTRONIK ֆիրմայի մարքեթինգի ավագ մենեջերին և համոզվել, որ իր սրտին տեղադրված խթանիչի ժամկետը 5,5 տարի է: Նա անհամապատասխանություն է գտել նաև բուժհաստատության ստացիոնար ծառայությունների 2008 և 2010 թթ. գնացուցակների միջև:

Կասկածի տեղիք է տվել նաև այն հանգամանքը, որ հիվանդի հետ կնքված պայմանագրում նշված չի եղել, թե ինչ սարք է դրվելու նրա սրտին, որքան է դրա ծառայության ժամկետը և այլն: «Բուժհաստատության կողմից տրված էպիկրիզում նույնպես պետք է գրված լինեին այդ տեղեկությունները, բացի այդ, ինձ պարտավոր էին տալ սարքի տեխնիկական անձնագիրը, որում գրված են բոլոր պարամետրերը, բայց այդ ամենը չի արվել»,- ասում է նա:

Կաթրջյանը վիրահատությունից հետո 2-3 անգամ ստուգվել է, սակայն բուժող սրտաբանը` Լ. Խաչատրյանը, ստուգման արդյունքները չի տվել նրան, որի մեջ պետք է լիներ իր սրտին տեղադրված սարքի գործարանային ժամկետը: Նրա խոսքով,  գոյություն ունի նաև «ծրագրավորիչ» կոչվող ստուգման սարք, որի միջոցով ստուգում են սրտի խթանիչով ապրող հիվանդներին և պարզում, թե ինչպես է աշխատում խթանիչը, ժամկետը որքան է և այլն: Կաթրջյանն ասում է, որ տվյալ բուժհաստատությունում նույնպես այդ սարքից գոյություն ունի, սակայն այդ մասին ոչինչ չեն ասում:

Կաթրջյանի ձեռքի տակ է նաև 2010 թ. իր և  բուժհաստատության նախկին հաշվապահ և ներկայիս տնօրեն Մարինե Դանիելյանի հետ հեռախոսային զրույցի ձայնագրությունը, որի ընթացքում նա, չներկայանալով իբրև նախկին հիվանդ, տնօրենից պարզել է, որ այդ խթանիչ սարքի ծառայության ժամկետը 6-7 տարի է:

2011 թ. հոկտեմբերի 6-ին Կաթրջյանը դիմել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Հ. Սուքիասյանին, որը նրա դիմումն ուղարկել է նույն շրջանի ոստիկանություն: Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հիվանդի առողջությանն անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը:

Հիվանդը չի վստահում նաև դատական համակարգին: Նրա խոսքով, գործը քննող Էրեբունու քննչական բաժնի քննիչը մինչ օրս միայն պարզել և որոշման մեջ գրել է, որ տվյալ բժշկական կենտրոնում իրեն վիրահատել և խաբեությամբ գումարներ են յուրացրել: «Չգիտես ինչու, Էրեբունու քննչական բաժնում դեռ չեն պարզել, որ իմ նկատմամբ կենտրոնի տնօրեն և վիրաբույժ Ս. Ջամալյանը դիտավորյալ, կանխամտածված սպանություն է ծրագրել, լավագույն դեպքում` առողջական, նյութական և բարոյական մեծ վնաս, ինչպես նաև խարդախությամբ պետության գումարներն է յուրացրել»,- ասում է նա:

Նա  դիմում է գրել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանին, որպեսզի վերջինս իր անմիջական հսկողության տակ վերցնի գործը: «Պետք է բացահայտվեն այդ բուժհաստատության կողմից կատարված այս և նմանատիպ այլ հանցանքները, հարուցված քրեական գործում ես ճանաչվեմ որպես տուժող, պարզվի ինձ հասցված առողջական, նյութական և բարոյական վնասի չափը,  և հանցագործները պատժվեն օրենքի ողջ խստությամբ, քանի որ նրանք տարիներ շարունակ տասնյակ հիվանդների խաբել և հաշմանդամ են դարձրել` չարաշահելով իրենց դիրքն ու պաշտոնը»,- գրված է դիմումի մեջ:

Բուժհաստատության նախկին տնօրեն, վիրաբույժ Սմբատ Ջամալյանն այս պահին Դանիայում է: Սրտաբանական կենտրոնից ասացին, որ ստույգ չեն կարող ասել` երբ կվերադառնա:

Կենտրոնի տնօրեն Մարինե Դանիելյանը հրաժարվեց որևէ պարզաբանում տալ այս ամենի վերաբերյալ: Նա ասաց, որ գործը դատարանում է, և թող դատարանն էլ որոշի` ով է մեղավոր, ով` ճիշտ: Կենտրոնի իրավաբան Մուրադ Ասրյանը հայտնեց, որ Ջամալյանի դեմ մեղադրանք չի առաջադրվել, նա գործի մեջ ներգրավված է ընդամենը որպես վկա: «Ծանուցագիրը նրան ուղարկվել է, նա առաջիկա օրերին քաղաքում կլինի և կներկայանա, խնդիր չկա»,- ասաց նա:

ՀՀ պաշտպանության նախարարությունն այս դատական գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: ՊՆ մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտնեց, որ գործը գտնվում է նախարարության իրավաբանական վարչության խիստ հսկողության ներքո, և իրենք ամեն ինչ անելու են, որ Հովհաննես Կաթրջյանի խախտված իրավունքները վերականգնվեն:

Ի դեպ, Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի դեմ այս պահին նույն հայցով ևս երկու քրեական գործ է քննվում:

Դիտվել է 1927 անգամ:
Print Friendly

Leave a Reply