Ինտերակտիվ թատրոն. երբ դերասանի փոխարեն «խաղում է» հանդիսատեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 1, 2009 17:49
img_6574

«Պատվի կանոններով»

Երբ դերասանուհին կավիճով իր շուրջը սահման գծեց ու գրատախտակին սկսեց գրել, ցույց տալով, որ ինքը ուսուցչուհի է դարձել, բեմ բարձրացավ մի մարդ ու հայտարարեց.- «Սա մեր հողն է, թուրքերն էլ հյուր են էստեղ, մեր սահմանը պիտի բացվի, չի կարելի փակ թողնել, հիմա էստեղ ընտանիք եք բեմադրում, բա սահմանի մասին ո՞վ պիտի մտածի»: Տարեց հանդիսատեսի «առաջարկը» ոչ թե անկարգություն էր, այլ ներկայացման գաղափարի մաս էր կազմում:

Թուրքական «ԴարԱլան» բեմադրությունն ինտերակտիվ արվեստի փառատոնի մասնակիցներից էր: Ինտերակտիվության գաղափարն այն է, որ ներկայացումից հետո հանդիսատեսն իրավիճակից դուրս գալու իր տարբերակն է առաջարկում: Փառատոնը կայացավ տիկինիկային թատրոնում սեպտեմբերի 22-26-ը: Կազմակերպել էր «Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպությունը:

«ԴարԱլան» («Ընկճվածը») 22 րոպեանոց ներկայացման հերոսուհին` Զեհրան, ավարտելով համալսարանի գրականության բաժինը, ցանկանում է աշխատել որպես լրագրող, սակայն հոգեբանական ճնշումների է ենթարկվում ընտանիքի անդամներիընկերների կողմից, քանի որ նրանք ցանկանում են, որ դառնա ուսուցչուհի: Զեհրան ընդդիմանում է հարազատներին ու գնում աշխատանքի ընդունվելու, սակայն իր երազած աշխատանքը բաժին է ընկնում մի անպատրաստ մասնագետի, միայն այն պատճառով, որ նա տղամարդ է:

Հուսահատ աղջիկը ստիպված հնազանդվում է հարազատների կամքին ու դառնում ուսուցչուհի: Հանդիսատեսը պետք է քննարկեր ընտանիքի հետ Զեհրայի ունեցած վեճը: Հայթուրքական սահմանը բացելով, աղջկա ճակատագիրը լուծելու առաջարկ անողը 73-ամյա Տիգրան Գեղամյանն է, որը դարձավ ինտերակտիվ արվեստի փառատոնի ամենակտիվ հանդիսատեսը:

Սակայն նրա առաջարկությունները հանդիսատեսը, երբեմն, ծափերով ողջունում էր ու, երբեմն էլ, փորձում` լռեցնել: Ի վերջո, կազմակերպիչները հեռացնում էին նրան բեմից` խախտելով իրենց իսկ հռչակած ինտերակտիվ սկզբունքը (երբ հանդիսատեսն ինքն է առաջարկում ճնշված դերակատարի` իրավիճակից դուրս գալու տարբերակը):

«Ինտերակտիվ ֆորում թատրոն» ժանրը, որը ժամանակին կոչվել է «Ճնշվածների թատրոն», ստեղծել է 60-ական թվականների բրազիլացի ռեժիսոր եւ քաղաքական գործիչ Ավգուստո Բոալը: Ըստ Բոալի, ներկայացումից հետո հանդիսատեսը, փոխարինելով ճնշված պերսոնաժի դերատակատարին, պետք է բեմում գործողության կամ խոսքի միջոցով ներկայացնի իրավիճակից դուրս գալու իր տարբերակը:

Վրացական «Տնակը`ընդհանուր կովկասյան բակում» ներկայացումը պրեմիերա էր, որը պատրաստված էր հատուկ հայաստանյան փառատոնում ցուցադրելու համար. Հայ, ադրբեջանցի եւ վրացի ընտանիքները միմյանց հետ կիսում են մեկ ընդհանուր բակ, այն անվանելով` «կովկասյան բակ»: Նրանց բարեկամական հարաբերությունները վտանգվում են, երբ օտարերկրացի ներդնողը ցանկանում է սեփականացնել բակն ու բնակիչներից գնում է նրանց բնակարանները:

Գեղամյանն առաջինն արտահայտվեց, առաջարկելով իր լուծումը. «Հայերը հին ազգ են, չպիտի ուտեն էն կուտը, որ տալիս են վրացիք ու ադրբեջանցիք: Թբիլիսին ու Բաքուն հայկական քաղաքներ են եղել, իսկ էդ ժողովուրդները քարը քարին չեն դրել, լրիվ հայերն են սարքել, հիմա էլ եկել են` ուզում են հայերին իրենց տանից քշեն»:

Այս անգամ էլ կազմակերպիչները միջամտեցին ինտերակտիվությանը եւ հեռացրին նրան բեմից:img_6513

Փառատոնը բացվեց «Պատվի կանոններով» ներկայացումով, որի հիմքում Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսն էր:

Պիեսի ավարտից հետո բեմում հայտնվեց Ջոկերն ու սկսվեց ինտերակտիվ քննարկումը` հոր եւ աղջկա ու Մարգարիտի եւ Օթարյանի վեճերի շուրջ: Այստեղ առաջին անգամ փայլեց դեռ անծանոթ հանդիսատես Տիգրան Գեղամյանը, որ առաջինն իր տարբերակն առաջարկեց, որից ոգեւորված մեկը մյուսի հետեւից սկսեցին խոսել երիտասարդները:

Ինտերակտիվ արվեստի փառատոնի հիմնադիր վրացուհի Լալի Մեսխին էլ, ով Վրաստանում նմանատիպ թատրոն ստեղծելու գաղափարի հեղինակն ու իրականացնողն է, «Անկախ»-ին ասաց, որ նմանատիպ բոլոր փառատոնների նպատակը թատրոնհասարակություն ակտիվ կապի ստեղծումն է:

«Ցանկացած հանդիսատես փառատոնի ներկայացումները նայելիս, պիտի հարց տա իրեն` ով է ինքը, ով ենք մենք, եւ ինչ ենք ուզում փոխել, արդյոք, արժե՞ որեւէ բան փոխել, – ասում է Մեսխին, – ցանկացած հանդիսատես հնարավոր է` ապրում է բեմադրված պիեսում առկա նմանատիպ իրավիճակներ ու համարձակություն չունի ինքնուրույն որոշում կայացնելու: Ֆորում քննարկումն օգնում է, որ մարդիկ ակտիվ մտածեն իրենց հետ կատարվածի մասին ու խնդրի լուծման իրենց տարբերակներն ունենան»:

Փառատոնը եզրափակվեց հայկական «Փոփոխությունների թատրոն»-ի «Բաց ծովի փակուղում» ներկայացումով: Պիեսը նավաբեկությունից մազապուրծ եղած հայ եւ թուրք երիտասարդների մասին է, ովքեր մակույկով հայտնվում են բաց ծովում: Երիտասարդները սկսում են կռվել, թե որ ուղղությամբ թիավարեն, ապա թելով սահման են գծում, իսկ վերջում որպես միմյանցից ազատվելու տարբերակ` սղոցով կիսում են մակույկն ու խորտակվում:

Դահլիճն ավելի ակտիվ էր, բայց այս անգամ պասիվ էր Տիգրան Գեղամյանը, ով «Անկախի»-ն ասաց, որ ցանկություն չունի այլեւս բեմից խոսելու, քանի որ իր ճիշտ տեսակետը չեն ուզում ընդունել:

Դիտվել է 2302 անգամ:
Print Friendly

Leave a Reply