Սերժ Սարգսյանը Բելգիայում հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 7, 2012 19:16

Նախագահ Սերժ Սարգսյանի Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցն ավարտվել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմամբ
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակին, եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ԵՄ օժանդակությամբ իրականացվող և հեռանկարային ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանում ձեռնարկված լայնածավալ բարեփոխումների գործընթացին, որը մեր երկիրը, Նախագահի հավաստմամբ, վճռական է զարգացնելու ԵՄ չափանիշներին համապատասխան:
Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ չափազանց տպավորված է այն առաջընթացով, որը Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է Արևելյան գործընկերության ծրագրի ներքո իրականացված բարեփոխումներով:
ՀՀ նախագահը և ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը մանրամասն քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարը՝ նկատի առնելով ԵՄ Արևելյան գործընկերության նոր գաղափարախոսության հիմքում ընկած «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, որը նախատեսում է Եվրամիության կողմից գործընկեր երկրներին ավելի շատ աջակցության տրամադրում՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց:
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն, վերադառնում է Երևան:

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply