Մենք բազմիցս շեշտել ենք, որ ԼՂ ժողովուրդը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը

Պաշտոնական, Օրվա լուր | | March 7, 2012 8:11

Բրյուսելում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը  հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ հանդիպման ավարտին

Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ և կրկին իմ ուրախությունն եմ հայտնում այսօրվա հանդիպման հետ կապված: Կցանկանայի մեկ անգամ ևս հրապարակայնորեն շնորհավորել Ձեզ Եվրոպական միության խորհրդի նախագահ վերընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ խորհրդի հետ մեր հարաբերություններում:

Այսօրվա մեր քննարկումների օրակարգը բավականին հագեցած էր, ինչը խոսում է մեր դինամիկ հարաբերությունների մասին:

Պարոն Վան Ռոմպոյի հետ  մենք այսօր անդրադարձանք Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերին և քննարկեցինք մեր հետագա անելիքները: Կարևորեցինք Հայաստանի և Եվրոպական միություն հարաբերություններում ներկայումս առկա բավականին լավ զարգացումները և վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը շարունակաբար խորացնել  մեր համագործակցությունն ամենատարբեր  բնագավառներում` տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում բարեփոխումների իրականացման համար:

Մենք նաև քննարկեցինք Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացման ընթացքը: Եվ վերահաստատեցինք, որ բարեփոխումները  կազմում են ԵՄ հետ մեր ընդհանուր օրակարգի  բաղկացուցիչ մասը:

Ընդգծեցինք, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում գրանցված առաջընթացը վկայում է հիմնական խնդիրների շուրջ կողմերի մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին: Գոհունակությամբ նշեցինք, որ մոտ ապագայում ԵՄ-ի հետ  կսկսվեն նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մեր բանակցությունները: Ինչպես նաև կարևորեցինք բոլորովին վերջերս Երևանում մեկնարկած Եվրոպական միության երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Անդրադարձանք նաև ԵՄ Խորհրդի՝ ս.թ. փետրվարի 27-ին ընդունված  Հարավային Կովկասի վերաբերյալ եզրակացություններին: Իմ գոհունակությունը հայտնեցի, որ Հայաստանին վերաբերող մասում ԵՄ դիրքորոշումը համահունչ է մեր մոտեցումներին, այն հստակ արտահայտում է մեր հարաբերություններում գրանցված առաջընթացն օրակարգային բոլոր հիմնական հարցերում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եզրակացություններն առավել ողջունելի են, դրանք ևս մեկ անգամ վերահաստատում են այն փաստը, որ Հայաստանի և միջազգային հանրության, ներառյալ ԵՄ դիրքորոշումները համահունչ են:   Մենք բազմիցս շեշտել ենք, որ ԼՂ ժողովուրդը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը: Հայաստանը մշտապես շեշտել է ԼՂ իշխանությունների հետ ուղիղ շփումների անհրաժեշտությունը:

Անդրադարձանք մարդու իրավունքների բնագավառում մեր համագործակցությանը, որը վերջին տարիներին բավական ակտիվացել է: Արդեն երեք անգամ կայացել են Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության հանդիպումները, որոնք, համատեղ գնահատականի համաձայն, անցել են բաց և կառուցողական մթնոլորտում: Նման մեխանիզմը երկուստեք հնարավորություն է ընձեռնում արծարծել փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպես նաև քննարկել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում  կոնկրետ համագործակցության հեռանկարներ:

Անդրադարձ կատարեցինք Հայաստանում  անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: Նշեցի, որ Հայաստանի իշխանությունները, իրոք, վճռական են 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները  կազմակերպել և անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք հաստատակամ ենք նոր թափ հաղորդելու մեր երկրում ընթացող համապարփակ բարեփոխումներին: Այս համատեքստում ազատ և արդար ընտրությունների անցկացումն առանցքային նշանակություն ունի:

Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, և մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեզ Երևանում:

Շնորհակալ ենք, որ Դուք Ձեր խոստումը կատարում եք: 

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply