ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 6, 2012 14:28

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ:

Հանդիպման ավարտին երկրի ղեկավարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել հայտարարությամբ:
Երկու կողմն էլ բարձր գնահատեցին Հայաստան-ՆԱՏՕ երկխոսությունը՝ նշելով, որ այն նպաստում է տարածաշրջանային և հյուսիսատլանտյան անվտանգության ապահովմանը:

Ողջունելով ՀՀ նախագահին՝ Անդերս ֆոգ Ռասմուսենը նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին: Նրա խոսքով, Հայաստանը և ՆԱՏՕ-ն ընդհանուր մոտեցումներ ունեն քաղաքական առաջնայնությունների ու անվտանգության ոլորտում մարտահրավերների բազմաթիվ հարցերում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը իր երախտագիտությունը հայտնեց Աֆղանստանում միջազգային խաղաղարար ուժերի գործունեությանը Հայաստանի ունեցած ներդրման վերաբերյալ և տեղեկացրեց, որ դրանց հետագա վերակառուցման ու անվտանգության ապահովումը Աֆղանստանի ուժերին թողնելու վերաբերյալ որոշումներ են կայացվելու առաջիկայում Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում, որին մասնակցելու հրավերք ունի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա վստահեցմամբ, Հայաստանը որպես խաղաղարար ուժերի մասնակից կողմ, մասնակցություն է ունենալու նաև այս թեմայով որոշումների կայացմանը:

Իր հերթին ՀՀ նախագահը ևս շնորհակալություն հայտնեց Բրյուսելում ընդունելության համար: Հանրապետության ղեկավարը ևս կարևորելով տարածաշրջանային անվտանգությունը՝ նշեց, որ գիտակցելով այս ոլորտում հավաքական ջանքերը, Հայաստանը եռապատկել է Աֆղանստանում առաքելություն իրականացնող զորակազմը:

Խոսելով երկկողմ համագործակցության մասին՝ նախագահը նշել է, որ համագործակցության անկյունաքարը շարունակում է մնալ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որի 3-րդ փուլի անելիքները համաձայնեցվել են նախորդ տարվա նոյեմբերին և արդեն իսկ իրականացման փուլում են: Նախագահ Սարգսյանը նշեց, որ համագործակցության շրջանակներում բարեփոխումներ են իրականացվում երկրի պաշտպանության, անվտանգության և արտակարգ իրավիճակների ոլորտներում և դրանք իրենց հերթին բաղկացուցիչ մաս են կազմում համակարգային այն փոփոխությունների, որոնք ձեռնարկել և իրականացնում են երկրի իշխանությունները:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply