Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես բանակցում են, բայց դասագրքերում խաղաղության հասնելու ուղիներ չեն մատնանշում

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 6, 2012 12:00

21-ամյա Աննան վիրտուալ աշխարհում շատ ընկերներ ունի տարբեր երկրներից: Թուրքերի և ադրբեջանցիների հետ շփումներից, սակայն, խուսափում է. «Նրանց հետ առանց վիճաբանության հնարավոր չէ: Զուր տեղը պատմական բանավեճի ենք բռնվում, մեկս մյուսին մեղադրում, փորձում համոզել, բայց ապարդյուն, ամեն մեկս մեր նախկին կարծիքին ենք մնում»:

Աննան պատմում է, որ առաջին անգամ պատմական հարցերի շուրջ բանավեճի բռնվել է տարիներ առաջ: «Մի ադրբեջանցի դպրոցական հանկարծ գրեց ու սկսեց մեղադրանքներ տեղալ, հերքել Ցեղասպանությունը, հայերին որպես զավթիչներ ներկայացնել: Միամտորեն  ասացի, թե դասդ լավ չես սովորել, գնա նորից կարդա»:  Զայրացած «հակառակորդն» էլ դասագրքից է մեջբերումներ արել` ցույց տալով, որ Աննան  դասը չի սովորել:

Հայաստանում և Ադրբեջանում դպրոցներում ներկայացվող պատմական փաստերի անհամապատասխանության մասին վկայում են նրանք, ովքեր առիթ ունեցել են հարևան երկրի ներկայացուցչի հետ պատմական թեմաներով զրուցել:

Հայաստանում դպրոցական դասագրքերի հրատարակությամբ զբաղվում է Դասագրքերի շրջանառու հիմնադրամը: Վերջինս 4-5 տարին մեկ մրցույթ է հայտարարում հրատարակչությունների միջև: Հիմնադրամի փոխտնօրեն Գարեգին Գարեգինյանն ասում է, որ դասագրքի հեղինակն ու հրատարակիչն են միմյանց գտնում, ԿԳՆ կողմից հաստատված կրթական չափորոշիչներին և առարկայական ծրագրին համապատասխան դասագիրք կազում ու ներկայացնում մրցույթին: Առավելագույն միավորներ վաստակած փաթեթն էլ համարվում է հաղթող ու որպես դասագիրք դպրոց մտնում:

Դասագրքերի մասին պատկերացում կազմելու համար «Անկախը» դիտարկել է հայոց պատմության երկու առանցքային դրվագների` Հայոց ցեղասպանության և Արցախյան ազատամարտի  մատուցումը դասագրքերում:

Հայոց ցեղասպանությանն անդրադարձ է կատարվում 8-րդ դասարանի դասագրքում: Առաջին աշխարհամարտը, Հայոց ցեղասպանությունը, ինքնապաշտպանական մարտերը, միջազգային արձագանքը և վկայությունները ամփոփված են մեկ գլխում (3 դաս): Շարադրանքը հնարավորինս չեզոք է, զերծ երանգավորող ածականներից. «1914 թ.  աշնանից և հատկապես 1915 թ. գարնանից սկսվում է արևմտահայ բնակչության բռնագաղթն ու կոտորածը: Թուրքական իշխանությունները հայ բնակչությանն աքսորում են Միջագետքի անապատային շրջանները: Աքսորից առաջ կամ դրա ընթացքում  բռնագրավվում կամ թալանվում էր հայերի գույքը: …1915-1916 թթ. ընթացքում հայության նկատմամբ իրականացված երիտթուրքերի քաղաքականությունը որակվում է որպես ցեղասպանություն, քանի որ այն նպատակ ուներ ամբողջությամբ բնաջնջել հայ ժողովրդին: …Ընդհանուր հաշվով Օսմանյան Թուրքիայում բնակվող 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը զոհ գնաց թուրքական յաթաղանին: Ավելին, արևմտահայությանը հասցվեց հսկայական նյութական վնաս, ավերվեցին հայկական եկեղեցիները, կրթության ու մշակույթի օջախները, յուրացվեցին հայերի կալվածքները, տները, նյութական միջոցները»:

Արմեն Աղայան

Պատմաբան Ռուբեն Սահակյանը նշում է, որ դասագիրքը կոչված է աշակերտին տալու ընդհանուր կրթություն, և հարկ չկա այն ծանրաբեռնել փաստերով, տարեթվերով ու անուններով, ամեն ինչ մանրամասն կուսումնասիրեն մասնագիտական համապատասխան կողմնորոշման դեպքում:

Ցեղասպանության թեման դասագրքում հեղինակել է Սահակյանը: Նշում է, որ աշխատել է հնարավորինս առանց զգացմունքայնության ներկայացնել պատմական փաստերը, իսկ առավել հավաստիության  համար մեծ մասամբ օգտվել է օտար աղբյուրներից. «Փաստը տալիս ես, որ երեխան ինքը վերլուծի, եթե զգացմունք մտցրեցիր, արդեն  օբյեկտիվ չէ»:

Պատմաբանը նշում է, որ  ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում նոր սերնդին սեփական կարծիքն ունենալու, ինքնուրույն վերլուծելու հնարավորություն չեն տալիս. «Ասում են` սա այսպես է, և վերջ»: Պատմության կեղծարարության սկիզբը դրվել է խորհրդային տարիներին, երբ կովկասյան երեք ժողովուրդների միջև հավասարության նշան դրվեց. «Հավասարեցման նշանը մինչև հին դարեր հասցրեցին.  եթե հայերը մ. թ. հարյուրամյակներ առաջ պետականություն են ունեցել, ուրեմն ադրբեջանցիները նույնպես :  Արդյունքում ունեցանք կեղծ պատմություն, որն այսօր ադրբեջանցիները  շրջանառության մեջ են դրել ու զարգացնում են»:

Անկախության առաջին իսկ տարիներից ԳԱԱ պատմության ինստիտուտը ձեռնամուխ է եղել հայոց պատմությունը կեղծիքներից մաքրելու գործին:  «Ներկայացնում ենք իրական պատմությունը` առանց չափազանցությունների,- ասում է Սահակյանը: – Իսկ ադրբեջանցիների մոտ ամբողջությամբ ավելացված է, իրենց հասցնում են մինչև  Ք.ա. 3-րդ հազարամյակ, մինչև շումերներ, այն պարագայում, որ իրենք գոյություն չեն ունեցել այդ ժամանակ: Նրանց առաջին ներհոսքը տարածաշրջան դիտվել է XI դարում»:

Ցեղասպանության թեման Ադրբեջանում սարսափելի ձևերով է կեղծվում.   «Անգամ մարտական գործողությունների ընթացքը, բոլորին հայտնի փաստերը  գլխիվայր են  շարադրված»: Թուրքերի և ադրբեջանցիների կողմից շրջանառվող հայերի ապստամբության վարկածը մեկնաբանելով` Սահակյանը նշում է. «Ցավոք,  թուրքերի ասած ապստամբություններն իրականությանը չեն հապապատասխանում: Եթե այդ ապստամբությունները լինեին, Թուրքիան հիմա որպես պետություն չէր լինի»:

Շարադրանքի չեզոքությունը և ժամանակագրական սկզբունքը   պահպանված է նաև Արցախյան ազատամարտի պարագայում: Դասագրքերի տեքստերում բացակայում է ադրբեջանական ժողովրդի վերաբերյալ բացասական քարոզչությունը, քննադատությունն ուղղված է Ադրբեջանի իշխանություններին:

Զուսպ է նաև հայերի կոտորածների մասին շարադրանքը: Օրինակ`  Սումգայիթի կոտորածներն այսպես են ներկայացված. «Հայերի կոտորածը նախապատրաստված էր ադրբեջանական տեղական իշխանությունների կողմից: Իրավապահ մարմինները մի քանի օր մատնված են եղել անգործության: Երեք օր ուշացումով միութենական կենտրոնական իշխանությունը զորք մտցրեց Սումգայիթ: Զինվորները մեծ դժվարությամբ կարողացան դադարեցնել ջարդը և քաղաքից դուրս բերել հայ բնակչությանը: Երկրի ղեկավարությունը ջանում էր կատարվածը ներկայացնել որպես մի խումբ խուլիգանների արարք»:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Աղայանի կարծիքով` դասագրքերում ներկայացված է Արցախի ազատագրման միայն «պաշտոնական» պատմությունը, որը շարադրված է ինքնագրաքննության ռեժիմով, որպեսզի խնդիրներ չծագեն «միջազգային հանրության» հետ: «Թեմայի ծավալը հանրակրթական դասագրքերում ու ծրագրերում գուցե բավարար է, սակայն որոշ դեպքերում այն խեղաթյուրված պատկերացում կարող է ձևավորել, այլ դեպքերում ընդհանրապես ոչ մի պատկերացում չձևավորել,- ասում է Աղայանը:- Մի քանի կարևոր իրադարձությունների, փաստերի դատարկ շարադրանքը չպրպտող աշակերտի աչքում Արցախի ազատագրման պատմությունը դարձնում է շարքային ու անկարևոր մի պատմություն»:

Աղայանի համոզմամբ` դասագրքերի հեղինակները «վախենում են ճշգրիտ ձևակերպել հիմնախնդրի էությունը, խոսում են անցած, ավարտված պատմության մասին», մինչդեռ առանց ազգային մոտիվացիան, խնդրի իմաստը հասկանալու, միայն փաստերը իմանալով` հնարավոր չէ կողմնորոշվել:

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դասագրքերում պատմության մատուցման սկզբունքին   համաձայն չէ նաև  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով` պատմությունը սովորեցնելու հիմնական նպատակը տրամաբանող քաղաքացի ունենալն է, որ մարդն իմանա իր պատմական անցյալը, արժևորի այն, որպես քաղաքացի պատրաստ լինի ապագային:  Հետևաբար պատմությունն այնպես պետք է ներկայացվի, որ աշակերտը հասկանա, թե ինչն է պատճառը, որ հսկայական երկրից այժմ մնացել է մի փոքրիկ պետություն, ինչն է պատճառը, որ  իր մշակութային ժառանգությունն է ոչնչացվել, որ ոչ թե թշնամանք առաջանա հակառակորդի նկատմամբ, այլ իրականությունը ճիշտ հասկանալու և գնահատելու կարողություն:

«Նյութը պետք է ոչ թե զոհի հոգեբանություն քարոզի, այլ սխալները  և դրանցից խուսափելու ճանապարհները ցույց տա»,- ասում է Մելիք-Շահնազարյանը հավելելով, որ դասագրքերում  ներկայացվածը պարզ թվագրություն է, երեխաներից պահանջվածն էլ այլ բան չէ:- Ստացվում է, որ  մարդը մի շարք փաստեր է իմանում, բայց չի կարողանում դրանք կապակցել»:

Պատմության ոչ ճիշտ մատուցումը  փաստում է նաև ԵՊՀ ասպիրանտ Մարիամ Կարապետյանը. «Ավելի շատ մատուցում են լրիվ անիմաստ փաստական տվյալներ` առանց բացատրելու դրանց բովանդակությունն ու արժեքը: Մեր պատմությունը մեծ մասամբ առանց իմաստավորումների է, բայց փոխարենը բանակների,  զինվորների քանակի ու անունների պակաս չկա: Առանց փաստերի  պատմություն չկա, բայց աշխարհում արդեն վաղուց առանց իմաստավորումների պատմությունը բանի պետք չէ»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը որոշ չափով ծանոթ է նաև ադրբեջանական պատմության դասագրքերին և այդ ամենը գիտություն չի համարում, այլ ընդամենը ատելության քարոզչություն. «Իրենց ներկայիս  պրոբլեմները, թշնամությունը ժառանգություն են թողնում հետագա սերունդներին:  Թշնամությունը պետք է հաղթահարվի, և ինչ-որ լուծում գտնվի: Իսկ դա երեխաներին  թողնելը լուծում չէ:  Գիտնականը գիտի, թե որտեղ կեղծեց, խեղաթյուրեց փաստը, բայց այդ կեղծիքը  վաղը իրենց երեխաների մահվան պատճառ կարող է դառնալ»:

Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նշում է, որ Ադրբեջանում դասագրքերը հակահայկական քարոզչության հիմնական միջոցն են, այստեղ հայերը ներկայացվում են բացասական երանգներով, փորձ է արվում «ապացուցելու» ադրբեջանական քարոզչամեքենայի այն թեզերը, թե «իրենք տարածաշրջանի բնիկ ժողովուրդն են», թե «հայերն ու Հայաստանը հայտնվել են այստեղ միայն XIX դարից հետո» և այլն:

«Ադրբեջանցի դպրոցականը, դեռևս օժտված չլինելով վերլուծական մտածողությամբ, հայերի և Հայաստանի մասին ինֆորմացիան ընկալում է որպես բացարձակ ճշմարտություն և ակամա դառնում ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախ,- ասում է Գեղամյանը:- Երիտասարդ ադրբեջանցիների մեջ ձևավորված  բացասական վերաբերմունքը հայերի նկատմամբ նվազեցնում է ապագայում երկու հասարակությունների միջև համակեցության և համագործակցության  թեկուզ աղոտ  հնարավորությունը»: Ի տարբերություն ադրբեջանականի, հայկական դասագրքերը չեն պարունակում բացասական պիտակներ ու նկարագրություններ, որոնք կարող են առաջացնել ատելություն և հիմք դառնալ հարևանի նկատմամբ ագրեսիվ տրամադրված հասարակության ստեղծման համար:

Դպրոցականների շրջանում  «Անկախի» իրականացրած հարցումից պարզվեց, որ թուրքերին ու ադրբեջանցիներին համարում են թշնամի, որին, սակայն, չեն ատում, ո՛չ էլ վախենում են. «Մեր պատմական հայրենիքի տարածքներում ապրում են` քիչ չէ, սահմաններն էլ փակ են պահում», «Ադրբեջանը մեր հողերն է ուզում, խախտում է հրադադարը», «Քանի հայերին սպառնում են, թշնամի են»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` ադրբեջանական քարոզչությունը կհանգեցնի աղետի. «Նրանց մատուցած պատմությունը սովորող աշակերտի մեջ  վաղը հարցեր կառաջանան, որոնց պատասխանը չի գտնելու  ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ համաշխարհային պատմագրության մեջ: Նույնը կլինի, ինչ որ հասուն մարդը մի օր բացահայտի, որ իր հայրն ու մայրը իրականում իր ծնողները չեն: Նման հոգեկան տրավմա ունեցող հասարակություն են ստեղծում, ինչը վտանգավոր է  թե՛ իրենց, թե՛ հարևանների համար»:

Դիտվել է 1851 անգամ:
Print Friendly

Leave a Reply