«Եթե իմանամ այդպես կլինի, համաձայն եմ ցանկացած մահի». Վ. Մանուկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 28, 2012 15:09

ՀՀ հանրային խորհդուրդն այսօր ամփոփեց 2011 թվականի գործունեության արդյունքները` միաժամանակ ներկայացնելով իր գործունեության երկուսուկես տարվա ընթացքում հասարակության ուշադրության կենտրոնում եղած խնդիրների վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկները:

Հանրային խորհուրդն այս տարիներին եկել է այն եզրահանգման, որ չնայած դատական համակարգում իրականացված որոշ բարեփոխումներին` այդ համակարգի նկատմամբ  հասարակության վստահությունը գրեթե բացակայում է, ուստի պետք են արմատական փոփոխություններ: «Մի երկիր, որտեղ դատական համակարգի նկատմամբ հավատ չկա, չի կարող զարգագնալ ոչ բիզնեսը, ոչ քաղաքականությունը, ոչ էլ որևէ այլ բան»,-նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը,-նախ, պետք է վերանայել կադրերին. մարդիկ, որոնք այդ համակարգում աշխատում են, պետք է լինեն ազնիվ, պարկեշտ և պրոֆեսիոնալ: Բացի այդ, դատավորները հնարավորինս պետք է անկախ և ազատ լինեն»:

Երկրորդ խնդիրը, որը Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում է եղել, Հայաստանի հանքերի վիճակն է. հանքերը վաճառվել են ոչ ճիշտ ձևով և արդյունավետ չեն շահագործվել: Հանրային խորհրդի որոշ անդամներ, անգամ, եկել են այն համոզման, որ պետք է վերանայել հանքերի սեփականաշնորհման կարգը` ընդունելով օրենք հանքերն ազգայնացնելու մասին:

Հանրային խորհուրդը ակտիվ զբաղվել է նաև գյուղատնտեսության հարցերով` բավականին արդյունավետ համագործակցելով գյուղատնտեսության նոր նախարարի հետ և որոշակի դրական արդյունք արձանագրելով: Հիմնական գաղափարը, որ այս ոլորտում ՀԽ-ն առաջ է տանում, հետևյալն է. գյուղատնտեսությունը պետք է լինի ոչ թե մի քանի հարուստների, այլ գյուղացիության ձեռքում: Այստեղ էլ առաջ է գալիս նաև կոոպերացիայի գաղափարը, որը տարածված է Եվրոպայի շատ երկրներում: Սակայն Հանրային խորհդրի նախագահը հողի մասնավոր սեփականության դրական օրինակ էլ մատնանշեց` սփյուռքահայ գործարար Էռնեկյանի կողմից հսկայական չոր տարածքները խաղողի այգիների վերածելու մեծ և արդյունավետ աշխատանքը: Մանուկյանը նաև նկատեց, որ Էռնեկյանի խաղողի այգիների կողքին հսկայական տարածքներ են գնել նաև շատ այլ հարուստներր, որոնք հողը չեն էլ օգտագործում: «Ես կարծում եմ` պետք է օրենք ընդունել, որ եթե մարդը 10-20 հեկտարից ավելի հող է գնել և չի օգտագործում, պետք է նրանից հետ վերցնել, որովհետև չի կարելի թողնել, որ մեկը հողը գնի և սպասի, մինչև գները բարձրանան, վաճառի»,-ասաց նա:

Հանրային խորհուրդը հետևել է նաև գիտության ոլորտում իրականացվող տեղաշարժերին` մասնավորապես գիտության ֆինանսավորման հետ կապված, սակայն եզրակացրել, որ պետք են կտրուկ փոփոխություններ ոչ միայն գումարի չափի, այլև ֆինանսավորման ձևի առումով: Ինչ վերաբերում է կրթությանը, ապա բարձրացվել են դասագրքերի վերանայման հարցը, բուհական համակարգի բարեփոխումների ընթացքը, հետբուհական կրթության կազմակերպման հարցերը: «Կարծում ենք, որ շատ ու շատ դասագրքեր պետք է փոխվեն,-ասաց Մանուկյանը,-օրինակ, Հայ ժողովրդի պատմության դասագիրքը երեխային պետք է տա ճշգրիտ գիտելիքներ, բայց միևնույն ժամանակ սեր և հպարտություն արթնացնի իր երկրի, ժողովրդի և պատմության հանդեպ, սակայն այսօր դասագրքերն այդ դերը չեն կատարում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությանը, ապա Հանրային խորհրդին ամենաշատը մտահոգել է տնտեսության մենաշնորհային դիրքը, պաշտոնյաների` բիզնես ոլորտում ներգրավված լինելը: «4-5 հոգի վերցրել են տնտեսության տասնյակ ոլորտներ, չկա մրցակցություն, կա գների աճ, չինովնիկներն ունեն հսկայական սեփականություն և բիզնես,-թվարկեց Հանրային խորհդրի նախագահը,-եթե մենք դա չվերացնենք, առողջ մրցակցություն չմտցնենք, ապա որևէ բանի չենք հասնի, իսկ մեր առջև ճգնաժամն է և Ղարաբաղի չլուծված  հարցը»:

Ըստ Մանուկյանի, մեր ռազմաճակատը հիմա ոչ թե Ղարաբաղում է, այլև տնտեսության, գիտության, մշակույթի, երեխաների դաստիարակության մեջ:

Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկն էլ քաղաքացիական հասարակության կայացումն է:  Ինչպես նշեց Մանուկյանը, վաղուց անցել են այն ժամանակները, որ մի բարի և խելոք թագավոր պետք է գա և երկիրը ձևափոխի: «Եթե հասարակությունը չի մտնում գործի մեջ, չի պայքարում իր շահերի համար, ապա որևէ առաջխաղացում չի կարող լինել»,-համոզված է նա:

Այս բոլոր խնդիրնեը քննարկվում, վերլուծվում և բարձրաձայնվում են Հանրային խորհրդում, սակայն դրանք հաճախ չեն գտնում ճիշտ լուծումներ կամ մեծ արդյունք չեն տալիս, քանի որ Հանրային խորհուրդը չունի համապատասխան կարգավիճակ և լծակներ: Ուստի Հանրային խորհուրդը կարևորում է Ազգային ժողովի կողմից «Հանրային խորհրդի մասին» օրենքի ընդունումը: «Մենք կառավարության հետ համաձայնության եկանք, որ մեր ներկայացուցիչներն իրավունք ունենան մասնակցելու կառավարության կոմիտեների նիստերին, ինչը մեծ հնարավորություն կտա առավել տեղյակ լինել, միջամտել և հասարակական փորձաքննության ենթարկել այն փաստաթղթերը, որոնք մտնում են կառավարություն,-ասաց Մանուկյանը,-սակայն Ազգային ժողովում այդ հնարավորությունը չունենք: Ամենասկզբից պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի միջոցով ԱԺ-ի կանոնադրության մեջ փոփոխություն մտցնելու առաջարկ ենք ներկայացրել, որպեսզի հնարավորություն ստանանք մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին, սակայն առաջարկը բոյկոտվել է»:

Ամփոփելով` Վազգեն Մանուկյանն ասաց, որ լրագրողներն իրեն հաճախ են հարցնում. «Եթե Հայաստանը դառնա դեմոկրատական երկիր, բոլոր ինստիտուները լավ աշխատեն, դա Հանրային խորհդրի մահը չի՞ նշանակի»: Մանուկյանը մեկ անգամ ևս հավաստեց. «Եթե իմանամ այդպես կլինի, համաձայն եմ ցանկացած մահի, սակայն անգամ ամենազարգացած ժողովրդավարություն ունեցող  երկրներում էլ կան Հանրային խորհուրդներ, քանի որ լավ իշխանություններ ունենալը դեռևս չի նշանակում, որ պայքարն ավարտված է: «Նման բան չկա,-ասաց նա,-պարզապես այն հարցերի մակարդակը, որի համար մենք վիճելու ենք սրանից 10-15 տարի հետո, ավելի բարձր է լինելու, քան այն հարցերինը, որոնց համար մենք հիմա ենք վիճում»:

Հանրային խորհրդի 2011 թ. գործունեության վերաբերյալ ամբողջական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ  այստեղ :

http://www.shanttv.com/am/news/political/2012_02_28/10374/

Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply