Դեսպան Կարապետյանի այցը Իտալիայի Պուլիայի տարածաշրջան

Պաշտոնական, Օրվա լուր | | February 24, 2012 11:48


Փետրվարի 17-20-ը ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում էր Իտալիայի Պուլիայի տարածաշրջանում` Նարդոյում  Սրբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնին մասնակցելու, ինչպես նաև Բարիում և այլ քաղաքներում  հայկական պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:

ՀՀ դեսպանի այցի առաջին օրը Նարդոյի քաղաքապետարանում տեղի է ունեցել  պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել  Նարդոյի քաղաքապետ Մարչելո Ռիզին /Marcello Risi/, քաղաքային խորհրդի նախագահ Ա. Տիենեն ու անդամները, ինչպես նաև գիտնականներ Մարիա Ռոսարիա Տամբլեն և Դոնատո Ջիանկարլո դե Պասկալիսը, որոնք ներկայացրեցին իրենց կողմից հեղինակած և նոր հրատարակված գիրքը` «Կապերը Հայաստանի և Նարդոյի միջև. Սրբ.Գրիգոր Լուսավորչի պաշտամունքը»:

Իր հերթին դեսպան Կարապետյանը քաղաքային իշխանություններին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է, որ «ընդհանրապես ժողովուրդների միջև հոգևոր կապերը ամենահզորն են և հարատև: Այդ իմաստով հայ-իտալական առնչությունները բացառիկ  են: Նարդոն էլ դրա վառ ապացույցն է, ուր պաշտում են աշխարհի առաջին քրիստոնյա պետության առաջին հոգևոր առաջնորդին` Սրբ. Գրիգոր Լուսավորչին»: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պաշտպանել է այս քաղաքը 1743թ. երկրաշարժից, նա կպաշտպանի Նարդոն նաև ապագայում` մեզ ներկաներիս ժառանգելով հավերժ ամուր պահել հայ-իտալական բարեկամությունն ու մեր երկու ժողովուրդների միջև առկա այս բացառիկ հոգևոր կապը », –շեշտել է Հայաստանի դեսպանը:

Քաղաքապետի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում Ռուբեն Կարապետյանը խոստացել է աջակցել Նարդոյի և Հայաստանի միջև կապերի զարգացման ուղղությամբ համապարփակ աշխատանքային ծրագրի մշակման և իրականացման գործում` մշակութային, տնտեսական և զբոսաշրջության ոլորտներում:

Նարդոյում ՀՀ դեսպանը հանդիպել է նահանգի հոգևոր առաջնորդին, արքեպիսկոպոս Դոմենիկո Կալիանդրոյին /Mons. Domenico Caliandro/,  մասնակցել է քաղաքի կենտրոնական եկեղեցում Սրբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված պատարագին, ինչպես նաև քաղաքային տարեկան երթին, որի ընթացքում հոգևոր և աշխարհիկ իշխանությունները բնակիչների հետ միասին հանդիսավոր կերպով շրջում են ամբողջ քաղաքով ` Սրբ. Գրիգոր Լուսավորչի  կիսանդրու հետ:

Այցի ընթացքում դեսպան Կարապետյանը հանդիպել է նաև նահանգի գործարարներին, որոնց հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հաստատման հնարավորությունները:

Տեղեկանք: Սրբ. Գրիգոր /San Gregorio/ եկեղեցին 10-12 դարերում ծառայել է որպես հայկական եկեղեցի Բարիում ձևավորված հայկական համայնքի համար:Պուլիայի տարածաշրջանում Սրբ. Գրիգոր Լուսավորչից բացի տարածված է նաև Սեբաստիայից հայազգի Սուրբ Վլասի  /San Biaggio/ պաշտամունքը, որը մինչ օրս հանդիսանում է Պուլիայի երեք քաղաքների, ինչպես նաև Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի հավանավոր/պաշտպան Սուրբը:

 

 

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply