Մաշտոցի այգու պաշտպանները չեն պատրաստվում դադարեցնել պայքարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 24, 2012 11:00

Քաղաքապետի` Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները Մաշտոցի պողոտայի հարակից այգում տեղադրելու որոշման դեմ բարձրացված բողոքի ալիքը, որը սկսվեց 10 օր առաջ, դեռ շարունակվում է: Հիշեցնենք, որ քննարկումներն ու դժգոհությունները թեժացան հատկապես փետրվարի 20-ի ուշ երեկոյան, երբ բնապահպաններն այգուց հեռացել էին, և այգում գաղտնի շինարարություն էր սկսվել:

Չնայած փետրվարի 21-ի երեկոյան ոստիկանների բանավոր հայտարարությանը, որ այգում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվում է, բնապահպանները չեն պատարստվում դիրքերը զիջել, քանի դեռ իրենց գլխավոր պահանջները բավարարված չեն, այսինքն` արդեն կառուցված կրպակներն ապամոնտաժված չեն, այգում կրպակներ տեղադրելու որոշումն էլ չեղյալ չի հայտարարվել:

Փետրվարի 22-ի դրությամբ Մաշտոցի այգում իրավիճակը համեմատաբար խաղաղ էր: Ոստիկանը բնապահպան ակտիվիստներին ներկայացնում էր քաղաքապետարանի բանավոր որոշումը, ըստ որի` այգում ժամանակավորապես դադարեցված է շինարարությունը: Հարցին, թե որքան ժամանակով է շինարարությունը դադարեցվելու, ոստիկանը պատասխանեց. «Հաստատ չգիտեմ, երևի մինչև շաբաթ»:

Այգու ակտիվ պաշտպաններից մեկը` Ռուզաննա Գրիգորյանը, «Անկախի» հետ զրույցում շինարարության դադարեցումը բացատրեց հետևյալ կերպ. «Երբ քննարկումներն ու քննադատությունը մամուլում բավականին թեժացան, մեզ միացան բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ, արվեստագետներ, և երբ  երեկ մեր ընկերներից մեկը` Բայանդուրը, հայտարարեց հացադուլի մասին, այդ ամբողջ ճնշումների արդյունքում տեղի ունեցավ դադարեցումը,- ասաց նա,- փաստորեն, նրանք ի վերջո տեսան, որ մենք ուժ ենք: Առաջին օրերին, երբ մենք մի յոթ հոգով էինք էստեղ կանգնում, մեզ արհամարհում էին, չտեսնելու էին տալիս: Հետո, որ տեսան շատանում ենք, իսկապես խանգարում ենք շինարարությանը, բռնի ուժի դիմեցին. մեզ հանեցին, դուրս շպրտեցին: Հետո, որ տեսան` ժողովուրդը շարունակում է գալ, մեզ են միանում հարյուրավոր քաղաքացիներ, հանրահայտ դեմքեր, սկսեցին մտածել: Հասկացան, որ հնարավոր չէ այս աստիճանի արհամարհել ժողովրդի ձայնը, ուստի դադարեցման որոշում կայացրին»:

Միաժամանակ բնապահպան ակտիվիստը կարծում է, որ այս ամենն ընդամենը իրավիճակը հանդարտեցնելու նպատակ ունի: «Մեզ ուզում են համոզելով էստեղից հանել: Ասում են` գնացեք դատարան, բայց մենք դատարանի ուժն էլ գիտենք, մինչ այս իրականացված իրավական գործողություններն էլ գիտենք,- շարունակեց նա,- մեր այստեղ գալը իրավիճակի հաջորդ քայլն էր, եթե հարցը լուծվելու լիներ դատական ճանապարհով, մենք էստեղ 12 օր սառույցի վրա չէինք կանգնի: Մինչ այստեղ գալը մենք քայլեր արել ենք, բայց արձագանք չենք ստացել, իսկ սա եղել է վերջին քայլը»:

Ռուզաննա Գրիգորյանի խոսքով` իրենք չեն պատրաստվում ստեղծված ուժեղ պայքարը շինարարության ժամանակավոր դադարեցման որոշման պատճառով կասեցնել, որովհետև իրենց վերջնական պահանջները կատարված չեն: Ուստի այգու պաշտպանները որոշել են, որ գործողություններ, միջոցառումներ և ակցիաներ կլինեն ամեն օր: «Դրանով այս այգին նաև  կենդանի շունչ կստանա` դառնալով կենդանի հավաքատեղի այն երևանցիների համար, որոնք դիրքորոշում ունեն և համարում են, որ այս տարածքն իրենցն է,- նշեց բնապահպանը,- մեզ չի հետաքրքրում` օրենքո՞վ է այս ամենը, թե՞ օրենքն այնպես կսարքեն, որ հարմարեցնեն շինարարությանը: Խնդիրն այն է, որ երևանցին չի ուզում հանձնել հանրային տարածքը: Թող ընդունեն այս պարզ ճշմարտությունը: Մենք տեր ենք այս տարածքին»:

«Քաղաքապետն ուղղակի զոհ է գնում կողքինների խորհրդին». Կ. Դանիելյան

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը, որ նույնպես դեմ է ապամոնտաժված կրպակներն այդ վայրում տեղադրելուն, «Անկախի» հետ զրույցում նշեց. «Ընտրված տեղն ակնհայտորեն լավը չէ թե՛ էկոլոգիական առումով (մի փոքր այգի է մնացել) և թե՛ այն առումով, որ այդ հատվածում ծննդատուն կա,- ասաց նա,- դա ուղղակի լուծման իրավիճակային տարբերակ էր: Հիմա քաղաքապետը բացատրում է, թե այլ կերպ հնարավոր չէր այդ կրպակները հանել Աբովյան փողոցից, որովհետև կրպակատերերի հետ այնպիսի պայմանագրեր էին կնքված` սեփականության իրավունքով, երկարաժամկետ և այլն, որ հենց էնպես դրանք հանել և դուրս շպրտել հնարավոր չէր: Ըստ քաղաքապետի` այդ պայմանագրերն այնպիսին են, որ այդ մարդիկ կարող են անգամ դիմել դատարան և վերականգնել իրենց խանութները Աբովյան փողոցում»:

Դանիելյանը կարծում է, որ այն մարդիկ, որոնք քաղաքապետի կողքին են և նրան խորհուրդ են տալիս, ակնհայտ կոպիտ սխալներ են թույլ տալիս. «Այսինքն` նշանակում է` նույն գաղափարն է` ինչքան ծառ տեսնես, կողքը բուտկա դնես,- ասաց նա,- կարծում եմ` քաղաքապետն ուղղակի զոհ է գնում կողքինների խորհրդին»:

Դանիելյանն ասում է, որ թերթերից տեղեկանալով, թե ովքեր են այդ կրպակների տերերը (նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` Մաշտոցի պուրակում ընթացող շինարարության հետևում կանգնած են Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, կապի և տրանսպորտի նախկին նախարար էդվարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո), առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը), իր համար պարզ է դարձել, որ այդ մարդիկ չեն համաձայնի իրենց տաղավարները կենտրոնից բացի այլ տարածքներ տեղափոխել: «Ես հիմա ելք չեմ տեսնում, թե ինչպես կարելի է այդ տաղավարներն այնտեղից տեղափոխել,- ասաց բնապահպանը,- միգուցե կարելի է երկկողմանի պայմանագիր ստորագրել, ըստ որի` դա իսկապես 1,5-2 տարվա կյանք ունի, ինչպես քաղաքապետն է ասում: Համենայն դեպս, քաղաքապետը վստահեցնում է, որ այժմ կրպակատերերի հետ պայմանագրերն այնպես են կնքվել, որ հետագայում դադարեցնելու հնարավորություն ունենան: Քաղաքապետի կարծիքով` ինքը գտել է չարյաց փոքրագույն տարբերակը, որին, սակայն բնապահպանները չեն համաձայնում»:

Կարինե Դանիելյանը տրամաբանական է համարում բնապահպանների բողոքն ու չհամաձայնելու անկոտրում դիրքորոշումը, քանի որ ակնհայտ է, որ կենտրոնում այլևս ազատ տարածք, հատկապես կանաչ գոտի չի մնացել: «Մենք քայլ առ քայլ քաղաքը զիջեցինք,- ասաց նա,- միգուցե մեծ կենտրոնում որևէ տեղ հնարավոր լինի այդ կրպակները տեղափոխել, բայց փոքր կենտրոնում դա պետք է բացառել, որովհետև ամեն քառակուսիմետրը եռակի կառուցապատված է»:

Պատգամավորը մտահոգված է, որ նախընտրական շրջանում նման կրքեր են բորբոքվում

Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանն այս ամենի դեմ պայքարը սկսել էր դեռևս այն ժամանակ, երբ շատերն անգամ դրա մասին տեղյակ չէին: «Անկախի» հետ զրույցում նա հատկապես շեշտեց այն հանգամանքը, որ ժամանակին տաղավարների տերերի հետ Աբովյան փողոցում ժամանակավոր հողի վարձակալության պայմանագիր է կնքվել, ըստ որի` նրանք ընդամենը իրավունք ունեին հատուկ գործառնական նշանակության տաղավարեր տեղադրելու` պաղպաղակ, հյութ վաճառելու համար: «Նախ` մեր քաղաքային իշխանությունները հանրային տարածքում` մայթերի վրա, նրանց հողի վարձակալության իրավունք չպիտի տային, դա առաջին սխալն էր, բայց նրանց տվել են այդ իրավունքը, և նրանք, փոխանակ պայմանագրով նշված տաղավարներ կառուցելու, կատարել են հիմնական շինարարություն, որը երկրորդ սխալն է»,- թվարկում է պատգամավորը:

Լիլիթ Գալստյանը զարմանում է, որ փոխանակ այսօրվա քաղաքային իշխանությունն իր նախորդի սխալն ընդունի և շտկի, ժողովրդի բյուջեի, հանրային ցնցումի հաշվին փոխհատուցում է տալիս տաղավարների տերերին: «Մենք միշտ մեր սխալները լեգիտիմացնելու ճանապարհով ենք գնում,- կարծում է Լիլիթ Գալստյանը,- եթե մեր ներկայիս իշխանություններն այդքան մարդասիրական են, Երևանում բազմաթիվ տարածքներ կան, որտեղ կարելի էր դրանք տեղադրել, թող Ձկան խանութի կողքի ստորգետնյա անցումում տեղադրեին, որտեղ արդեն 14 տարի է` բանալիով փակված են տարածքները»:

Ըստ Գալստյանի, եթե անգամ այդ կրպակներն այգում ժամանակավոր են, պետք էր նախքան նման որոշում կայացնելը հասարակության կարծիքը հաշվի առնել և իրազեկել մարդկանց:

Գալստյանը մտահոգված է, որ նախընտրական շրջանում նման կրքեր են բորբոքվում հասարակության շրջանում, և զարմանում քաղաքային իշխանությունների և այս ամենի պատասխանատուների քաղաքական կարճամտության վրա: «Քաղաքապետի երիտասարդ լինելն է շահարկվում: Բայց Երևանի գլխավոր ճարտարապետի, որը որոշ ժամանակ առաջ նաև համայն հայոց ճարտարապետն էր, նրա իրավաբանական վարչության ֆունկցիան էր մեր երիտասարդ քաղաքապետին ասելու, որ այդ քայլը ռիսկային է, որ մենք դրանով Երևանի գլխավոր օրենքն ենք խախտում, իսկ իմ կարծիքով` Երևանի համար գլխավոր օրենքը Երևանի գլխավոր հատակագիծն է,-կարծում է նա,- համենայն դեպս, քաղաքապետը դեռ հնարավորություն ունի հասարակության կարծիքի հետ հաշվի նստելու և իր վարկանիշը բարձրացնելու»:

Նշենք, որ փետրվարի 23-ին Հանրային խորհրդում հարցը դրվելու է քննարկման շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ:

 

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply