Մայրենիի միջազգային օրը և հայ ուսանողուհու «ռուսամետ հրավերը»

ԷՍՍԵ | | February 21, 2012 19:07

Փետրվարի 21-ին աշխարհում նշում են Մայրենի լեզվի օրը: Այն` որպես միջազգային տոն, հռչակվել է 1999 թ. նոյեմբերին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Նպատակը լեզվական, մշակութային բազմազանությանն ու բազմալեզու մշակույթների զարգացմանն ու պահպանմանը նպաստելն է:

Ինչպես ամեն բանում, այս հարցում ևս այաստանը «ՄԱԿ-ի հետ է»: Մեզ մոտ էլ են նշում Մայրենիի օրը: Ավելին, 2005 թվականին խորհրդարանը  փոփոխություն է մտցրել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում, մեր պետական տոնացույցում փետրվարի 21-ը պաշտոնապես հաստատվել է` որպես Մայրենի լեզվի օր:

Իսկ ի՞նչ է փոխել այդ տոնը մայրենիի նկատմամբ մեր վերաբերմունքի ու դիրքորոշումների մեջ: Արդյո՞ք դա նպաստել է մայրենի լեզվի նկատմամբ հարգանքի ավելացմանը:

Հենց այդ օրը պատահաբար աչքովս ընկավ մի հաղորդագրություն, որն իմ մեջ կրկին կասկածի ենթարկեց այդ տոնի և ընդհանրապես մայրենի լեզվի նկատմամբ մեր պետական, քաղաքական ու հասարակական վերաբերմունքի լրջությունը. «ֆեյսբուք»-ի օգտատեր Ժաննա Հարությունյանն իր պատին թողել է մի հայտարարություն, որը վերաբերում էր փետրվարի 27-ին Երևանի պետական համալսարանում անցկացվելիք միջբուհական բանավեճ-մրցույթին: Օգտատերը, ով ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի (Ուսանողական գիտական ընկերություն) նախագահն է, տեղեկացնում է, որ բանավեճ-մրցույթը տեղի է ունենալու ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողների հետ` «Արդի տնտեսական իրադրությունը և համաշխարհային քաղաքականությունը» թեմայով: Այնուհետև,  նկարագրելով մրցույթի մասնակցության և հաղթելու պայմանները, մրցանակն ու այլ մանրամասներ, Ժաննա Հարությունյանը մի «կարևոր» հանգամանք է նշում` «Աշխատանքային լեզուն` ՌՈՒՍԵՐԵՆ է»:

Այո, հենց այդպես` ռուսերեն բառն էլ՝ մեծատառերով: Իսկական «նվեր»` Մայրենի լեզվի օրվա առթիվ: Եթե անգամ մայր բուհում միջոցառման անցկացումն օտար լեզվով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտում չէ, քանի որ նման միջոցառումներ կարող են կազմակերպվել` հատկապես օտար լեզուների ամբիոնների կողմից` ուսանողների լեզվական իմացության մակարդակը բարձրացնելու նպատակով, այնուամենայնիվ, յուրաքանչյուր իրեն հարգող հայ և Հայաստանի քաղաքացի, չի կարող անտարբեր մնալ մայր բուհում սովորող ուսանողի մտածելակերպի նկատմամբ, ով «ռուսերեն» բառը հպարտորեն  մեծատառերով է գրում` ողջ տեքստի մեջ կարծես կարևորելով հենց այդ հանգամանքը:

Երբ զանգահարեցի Ժաննա Հարությունյանին` պարզաբանում ստանալու նպատակով, նախ հարցրեցի, թե գիտի՞ արդյոք, որ այսօր Մայրենի լեզվի օրն է: Նա պատասխանեց, որ գիտի: Այնուհետև խնդրեցի բացատրել, թե ինչու է բանավեճ-մրցույթն անցկացվելու ոչ թե հայերենով, այլ ռուսերենով: Պատասխանեց, որ ֆակուլտետում խրախուսվում են օտար լեզուները, այդ պատճառով էլ միջոցառումը կազմակերպվում է ռուսերենով` ավելացնելով, որ ինքը դա լրիվ նորմալ է համարում: «Ուսանողը չի կարող չտիրապետել լեզուների, հատկապես ռուսերենին,-ասաց ուսանողուհին,-իսկ ինչպե՞ս տիրապետի, եթե գործածության մեջ չդնի»:

Այնուհետև Ժաննա Հարությունյանը հայտնեց, որ միջոցառման նպատակը ոչ միայն թեմայում նշված խնդիրները քննարկելն է, այլ նաև ուսանողի լեզվական զարգացմանը նպաստելը: Նշենք, սակայն, որ այդ հայտարարության մեջ միջոցառման երկրորդ նպատակի վերաբերյալ որևէ խոսք չկար: Իսկ «ռուսերեն» բառը մեծատառերով գրելը Ժաննա Հարությունյանը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Որպեսզի նրանք, ովքեր վարժ չեն տիրապետում ռուսերեն լեզվին, ավելորդ անգամ հայտ չներկայացնեն»:

Փաստորեն, միջոցառման կազմակերպիչները նաև խտրականություն են դնում ռուսերեն գերազանց և ոչ գերազանց իմացող ուսանողների միջև` նրանց մի մասին բանավեճ-մրցույթին մասնակցելու հնարավորությունից զրկելով: Բայց միգուցե գերազանց ռուսերեն չիմացող շատ ու շատ ուսանողներ թեմայի վերաբերյալ իրենց գիտելիքներով առավել զինված են, քան գերազանց ռուսերեն իմացողները:

Խնդրի վերաբերյալ մտորումները քիչ թե շատ ցրեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը: Վերջինս մեր զրույցից տեղեկացավ, որ Ուսանողական գիտական ընկերությունն իրենց ֆակուլտետի անունից նման միջոցառում է պատրաստվում անցկացնել և շնորհակալություն հայտնեց` խնդրի վերաբերյալ ահազանգելու (այդպես էլ նշեց) համար` նկատելով, որ հատկապես այն օրերին, երբ աշխարհում նշում են Մայրենիի օրը, ռուսերենով միջոցառում անցկացնելը ճիշտ չէ: «Չնայած, մեր ֆակուլտետի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ մենք երբեմն օտար լեզուներով միջոցառումներ անց ենք կացնում, բայց այս դեպքում` հատկապես, որ թեման էլ առանձնապես մեզ չի վերաբերում, միջոցառումը գոնե մեզ մոտ չի անցկացվի»,-ասաց նա:

Թող բնավ էլ տպավորություն չստեղծվի, որ մեր նպատակն այդ միջոցառման տապալումն է, ամենևին. խնդիրը մեր մտածողությանն է վերաբերում. ինչու՞ ենք մենք թերահավատորեն վերաբերվում մեր լեզվին, ստորադասում այն: Ինչու՞ չպետք է այդ միջոցառումն անցկացվի հայերենով, և ընդհանրապես, ինչո՞ւ պետք է հայ ուսանողը, «հայերեն»-ը մեծատառերով գրելու փոխարեն, «ռուսերեն» բառը մեծատառերով գրի: Դա արդեն մտածողություն է` վատ մտածողություն և որևէ կապ չունի օտար լեզուներին լավ տիրապետելու կարևորության ու ցանկության հետ:

Բայց ամենավատն այն է, որ այդ մտածողությունն արդեն պետական բնույթ է կրում: Չենք կարող չհիշել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Что? Где? Когда?» հեռուստախաղը, որը նույնպես խրախուսվում է պետական մակարդակով և այդ մտածողության վառ ապացույցներից է: Եվ բոլորովին էլ պատահական չէր վերջերս մամուլում բարձրացված աղմուկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի այն կարծիքի շուրջ, թե այդ խաղն ունի «լեզվամտածողության սպեցիֆիկա», «հարցերի մեծ մասը գնում է ռուսական իրականությունից և ռուսական լեզվամտածողությունից ելնելով», ուստի «դրանց մեխանիկական թարգմանությունը կկորցնի իր իմաստը»: «Что? Где? Когда?-ն КВН չի, էլի, КВН-ը կարելի է տարբեր ձևով կոնվերտացիա անել»,-ասել էր Դեմոյանը:

Փաստորեն, ըստ Դեմոյանի, հումոր անելիս` կարելի է հայերենն օգտագործել, բայց լուրջ, մտավոր ներուժ պահանջող խաղի դեպքում` հայերենն անզոր է դառնում…

Թող մեզ ների մեր լեզուն, որ այսքան ապերախտ ենք իր պարգևած այն հզոր գանձարանի հանդեպ, որի հարստությանը կարող են նախանձել աշխարհի ամենատարածված ու «ամենահեղինակավոր» լեզուները:

Դիտվել է 6541 անգամ:
Print Friendly

Leave a Reply to Anonymous