Առաջնահերթություն. կառավարելի գնային քաղաքականություն դասագրքերի շուկայում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 17, 2012 17:26

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել  Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների   շրջանառու հիմնադրամի /ԴՇՀ/ հոգաբարձուների խորհրդի նիստը:

Նիստում ներկայցվել է ԴՇՀ-ի 2011թ. գործունեության և տարեկան ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը և 2012թ.աշխատանքային ծրագիրը: Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների   շրջանառու հիմանդրամի փոխտնօրեն Գ. Գարեգինյանն իր հաշվետու խոսքում  ներկայացրել է տեղեկատվություն  նախորդ տարվա ընթացքում տպագրված և դպրոցներին բաշխված դասագրքերի վերաբերյալ: Պետության կողմից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տարեկան մոտ 120 մլն դրամի սուբսիդիա է հատկացվում: Նախարարը կարևորել է շրջանառու հիմնադրամի հետևողական աշխատանքը, որպեսզի աջակցությունը տեղերում հասցեկան բնույթ կրեն: “Նախարարությունը ստանում է ահազանգեր այն մասին, որ առանձին դեպքերում դասագրքերի վարձավճարի զեղչերից առավել կարիքավորները չեն կարողանում օգտվել: Սա ես համարում եմ անթույլատրելի”,- շեշտել է նախարարն ու հավելել. որ խիստ մոտեցում պետք է ցուցաբերել այս հարցի վերաբերյալ դպրոցներից և մարզպետարաններից ներկայացվող հաշվետվություննեի նկատմամբ:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով հիմնադրամի աշխատանքի արդյունավետությունը, նշել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազումը և գնաճի ճնշումը  նպաստում են դասագրքերի թանկացմանը և հավելյալ ֆինանսական բեռ են դառնում ծնողների  համար: Ա. Աշոտյանի խոսքով՝  նախարարությունը պետք է բոլոր հնարավոր միջոցները կիրառի դասագրքերի շուկայում կառավարելի գնային քաղաքականություն վարելու ուղղությամբ: Նախարարը նշել է, որ այս տարի դասագրքերի մրցույթ չի հայտարարվի և կհրատարակվեն միայն նախորդ տարիների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված 11 անուն դասագրքերը:

“Հայոց եկեղեցու պատմություն” առարկայի ավագ դպրոցի դասագրքերը կվերահրատարակվեն Հայ Առաքելական Եկեղեցու, իսկ միջին դպրոցինը՝ ԴՇՀ կողմից: Նախարարը հանձնարարել է նախապես “Հայոց եկեղեցու պատմության” առարկայի  ծրագրերը համաձայնեցնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ:

Հանձնարարվել է մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններից ստացված հայտերի հիման վրա փոքր քանակությամբ վերահրատարակել նաև այն դասագրքերը, որոնց գործածության ժամկետը սպառվել է և դրանք մաշվածության պատճառով գործածելի չեն: Միաժամանակ կմշակվի դասագրքերի փորձարկման մեխանիզմ, որը կիրառելի կլինի առաջիկա սեպտեմբերից:

 

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply