Ի՞նչ մեքենաներով են շրջում մեր նախարարները և ինչքա՞ն փող են ծախսում դրանց վրա (շարունակություն)

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 17, 2012 12:34

Մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք Panorama.am-ի հարցման ի պատասխան ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Կրթության ու գիտության նախարարությունների ավտոպարկի մասին ստացված տեղեկատվությունը:

Շարունակենք.

Քաղաքաշինության նախարարություն
Ինչպես մեզ տեղեկացրեցին` այս գերատեսչության հաշվեկշռում առկա է ոչ ռուսական արտադրության 4 ավտոմեքենա: Քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանին սպասարկում է 2008թ. արտադրության «Հունդաի Գրանդեոր» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 8 մլն 460 հազար դրամով: Նախարարի մի տեղակալին սպասարկում է 2008թ. արտադրության Hyundai Tuqson ավտոմեքենան, որը ձեռք է բերվել, փաստորեն, ավելի թանկ գնով, քան նախարարին սպասարկողը` 13 մլն 400 հազարով: Իսկ ահա մյուս տեղակալին սպասարկում է 2007թ. արտադրության ԳԱԶ-31105 մակնիշի ավտոմեքենան. այն ձեռք է բերվել 4 մլն 195 հազար ՀՀ դրամով: Եվ վերջապես աշխատակազմի ղեկավարին սպասարկում է 2006թ. արտադրության «ՆԻՎԱ-21230» ավտոմեքենան, որը ձեռք է բերվել 6 մլն 790 հազար դրամով:
Թե ոչ ռուսական արտադրության ի՞նչ ավտոմեքենաներ են մյուս երկուսը, որ նախարարության հաշվեկշռում են և ովքե՞ր են դրանցից օգտվում պատասխանում նշված չէ:

Ինչ վերաբերում է Քաղաքաշինության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների սպասարկման և նյութերի համար պետական բյուջեից հատկացումներին, ապա 2008թ-ին այդ նպատակով հատկացվել է 26 մլն 281.934 դրամ , 2009թ-ին` 13 մլն 755 հազար, 2010թ-ին` 15 մլն 197 հազար և անցյալ տարի` 2011-ին այդ հատկացումների թիվը կազմել է 23 մլն 775.987 հազար դրամ:

Նախքան մյուս գերատեսչության տվյալները ներկայացնելը համեմատություն անցկացնենք հայրենի կառավարության մեկ այլ նախարարության` Աշխատանքի և սոցիալական հարցերի ներկայացրած պահպանման ծախսերի ու Քաղաքաշինության նախարարության ծախսերի միջև: Այդպես, Արթուր Գրիգորյանի ղեկավարած գերատեսչությունում, որտեղ հաշվառված է նույն թվով ոչ ռուսական արտադրության ավտոմեքենա ` 4-ը, 2010թ-ին և 2009թ-ին ավտոպարկի պահպանման ծախսերը տարեկան կազմել են ընդամենը 600 հազար, իսկ 2008թ-ին ու 2011թ-ին` 1 մլն 200 հազար դրամ: Ի դեպ, այս հիրավի ահռելի տարբերությունը նկատելի է նաև այս հրապարակման մեջ ներկայացվելիք թվերի համեմատականում, թեև ընդգծենք` դարձյալ հատուկ դիմել ենք Քաղաքաշինության նախարարություն, որպեսզի հստակեցնենք` իսկապես այդչափ գումար է ծախսվում միայն ավտոպարկի պահպանման ծախսերի համար: Պատասխանը դրական էր:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Նախարար Արթուր Պետրոսյանին սպասարկում է 2007թ-ին 13 մլն 400 հազար դրամով ձեռք բերված TOYOTA LC PRADO 2.7 GAS ավտոմեքենան: Փոխնախարար Խաչիկ Ասրյանի ծառայողական ավտոմեքենան է ԳԱԶ 31105-120-ը, որը ձեռք է բերվել 2006թ-ին 4 մլն 710 հազարով, իսկ փոխնախարար Սամվել Խաչատրյանի ծառայողական ավտոմեքենան է ԳԱԶ 31105-121-ը, որը ձեռք է բերվել դարձյալ 2006թ-ին ու դարձյալ 4 մլն 710 հազար դրամով: Նախարարի տեղակալներից միայն Արսեն Քարամյանն է, որ սպասարկվում է «KIA CERATO VIN-KNAFU 411BA5266923» ավտոմեքենայով` այն ձեռք է բերվել 2010թ-ին 8 մլնով: Իսկ աշխատակազմի ղեկավարին սպասարկում է ԳԱԶ 31105-120-ը`ձեռք է բերվել 2006թ-ին 4 մլն 550 հազարով:
Նախարարության հաշվեկշռում առկա է ևս մեկ` Mercedes-Benz E 320 ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2007թ-ին 5 մլն դրամով, սակայն չի նշվում , թե ում է սպասարկում այս մեքենան:

Ինչ վերաբերում է ավտոպարկի ծախսերին, ապա 2008թ-ին նախարարի աշխատակազմի 4 ավտոմեքենայի բենզինի ծախսը կազմել է 4 մլն 168 հազար, իսկ սպասարկմանը` 969.600 դրամ: 2009 թ-ին, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով ծախսը կրճատվել է` 1 մլն 937.7 հազար բենզինի մասով և 440.800 դրամ սպասարկման մասով, նույնը նաև 2010թ-ին` դարձյալ 1 մլն 937.7 հազար և 418.300 սպասարկման մասով և 2011թ-ին ծախսը բենիզի մասով կազմել է 3 մլն 919.400 հազար , իսկ սպասարկման մասով 836.600 դրամ:

Բացի այս առանձին ներկայացվել է նաև աշխատակազմի մեկ ավտոմեքենայի ծախսը. 2008-ին` բենզին 975 .800 և սպասարկում 963 հազար դրամ, 2009-ին` 483.800 բենզին և 110.200 դրամ սպասարկում, 2010թ-ին`483.800 և 105.200 և 2011թ-ին 978.600 բենզին և 210.400 սպասարկում:

Պետական եկամուտների կոմիտե
Այս կառույցից ստացված պատասխանն ամենակարճն ու լակոնիկն էր. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն պետական բյուջեի միջոցների հաշվին տրանսպորտային միջոց ձեռք չի բերել: Ծառայողական ավտոմեքենաները հատկացվել են կոմիտեի նախագահին, կոմիտեի նախագահի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին, վարչությունների պետերին, հարկային տեսչությունների, մաքսատների պետերին (թվով 81 մարդ):
Որպեսզի ավելորդ հարցեր անմիջապես չառաջանան առաջին ու երկրորդ նախադասությունների հակասությունների մասով նշենք, որ ՊԵԿ աշխատակազմին սպասարկող բոլոր ավտոմեքենաները գնված են արտաբյուջետային միջոցների հաշվին` սա նշված է մեր հարցմանն ի պատասխան:

Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին, ապա նրան սպասարկում է ԲՄՎ-735 մակնիշի ավտոմեքենան, որը ձեռք է բերվել 2002թ-ին 27 մլն դրամով, նախագահի առաջին տեղակալին ու աշխատակազմի ղեկավարին սպասարկում են «Տոյոտա-Քեմրի» մակնիշի ավտոմեքենաները` դրանք ձեռք են բերվել 2008թ-ին 10 մլն 400 հազար դրամով, իսկ նախագահի տեղակալներին սպասարկում են «Տոյոտա-Կարոլլա» մակնիշի ավտոմեքենաները, որոնք ձեռք են բերվել 2007 թ-ին 6 մլն 8 հազար դրամով:
Ավտոմեքենայի ծախսերն էլ` բենզին, տեխզննում, սպասարկում կազմել են` 2008թ-ին 101441.2 դրամ, 2009-ին` 52558.5 դրամ, 2010 և 2011-ին համապատասխանաբար 48322.7 ու 89431.0 դրամ:

 

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply