Մասնագետներ. «Առաջիկա ընտրություններում լցոնումներ չեն լինի, փոխարենը կլինի ընտրակաշառք»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 15, 2012 13:05

Նախընտրական կրքերն օր օրի թեժանում են, հանրության շրջանում ամենաքննարկվող թեմաներն աստիճանաբար դառնում են  առաջիկա ընտրությունները և քվեի արժանի հավանական  թեկնածուների փնտրտուքները:  Մամուլի ակումբներում և հնարավոր ամեն տեղ ներկայացվում են քաղաքագետների, սոցիոլոգների ու ընտրական գործընթացների մասնագետների կանխատեսումները, մեկնաբանությունները քաղաքական ուժերի վերադասավորումների մասին:

Բոլոր փորձագետներն  իրենց հայտարարություններում  համամիտ են միայն մի հարցում` հաջորդ խորհրդարանում հաստատ ներկայացված կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, իսկ մնացած կանխատեսումների իսկությունը թողնում են ժամանակի քննությանը:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում  «նկարչություն» չի լինի, եթե «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ)   դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունը գրագետ աշխատեն, հնարավորության դեպքում էլ համագործակցեն: Ըստ Բադալյանի` նման պարագայում խորհրդարանում կունենանք իրավահավասար ուժերի կոալիցիա, քանի որ ներկայումս որևէ քաղաքական ուժ այնքան ժողովրդականություն չի վայելում, որ ընտրություններում 67 մանդատ ստանա:

Կարեն Քոչարյան

Ըստ մասնագետի` հակառակ պարագայում ՀՀԿ-ն  կրկին կունենա 67-ից ավելի մանդատ, և այս դեպքում ԲՀԿ-ն քաղաքականապես կվերանա:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով էլ ԲՀԿ-ն խորհրդարանում  ներկայիս ունեցածից ավելի շատ տեղեր ձեռք բերելու հնարավորություն ունի, միայն թե  դրա համար հարկավոր է գրագետ քարոզարշավ, ինչը դեռևս չկա: Մասնագետի խոսքով` կուսակցությունն ունի բոլոր ռեսուրսները, պակասում է միայն քաղաքական բովանդակությունը (նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցության դիմում ներկայացնելը կարելի է դիտարկել որպես քաղաքական բովանդակության լրացմանն ուղղված քայլ):

Արմեն Բադալյան

Արմեն Բադալյանը ապագա խորհրդարանի կառուցվածքը պատկերացնելու համար առաջարկում է հայաստանյան կուսակցությունները 4 խմբի բաժանել: Առաջինում  առավել ազդեցիկ քաղաքական ուժերն են  ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը: Երկրորդ խմբում` ազդեցությունը մասամբ կորցրած ուժերը` Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) և «Ժառանգություն», երրորդ խմբում ` «Օրինաց երկիրն» է (ՕԵԿ)` որպես արդեն մահացած քաղաքական ուժ, և  չորրորդում` վիրտուալ կուսակցություններ, որոնք գործում են մամուլի ակումբներում և վիրտուալ դաշտում, բայց իրական կուսակցական գործունեություն չեն իրականացնում: Նման կուսակցությունների շարքն է Արմեն Բադալյանը դասում «Ազատ դեմոկրատներին», «Նոր ժամանակներ» կուսակցությանը, Մարքսիստներին, Միավորված աշխատանքային կուսակցությանը և այլ կուսակցություններ:

Ելնելով դասակարգումից` Բադալյանը կարծում է, որ քիչ է հավանական, որ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» խորհրդարանում տեղեր ունենալու համար բավարար քվեներ ստանան: «Դաշնակցությունը խիստ կասկածում եմ: Ինչո՞ւ, որովհետև վերջին տարիներին նա հետևյալ տենդենցն է գրանցել. 2007 թ. խորհրդարանական ընտրություններում ստանում է 170.000, մեկ տարի հետո նախագահականում` 96.000, մեկ տարի հետո 18.000: Այսինքն` մոտավորապես 50%-ի անկում է նկատվում,- ասաց նա: Ըստ Բադալյանի` այս դինամիկայի դեպքում այլ փոփոխություններ չեն եղել: Այսինքն` կուսակցության լիդերները մնացել են նույնը, իսկ «Հայաստանում  էլ «ծովից ծով» ասողների թիվը չի ավելացել»:

Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա, ըստ Բադալյանի, այս կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին տարիներին կորցրել է իր խարիզմատիկ հատկանիշները` ժամանակ առ ժամանակ հայտնվելով ու անհետանալով քաղաքական դաշտից:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, սակայն,  կարծում է` մեծ է հավանականությունը, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի խորհրդարանում: Նա համամիտ չէ  նաև «Ազատ դեմոկրատներին» վիրտուալ կուսակցություն համարելուն: «Երկու օրվա կուսակցություն լինելով` Միացյալ Նահանգների երկու վերջին դեսպաններն այցելեցին այս կուսակցություն` դրանով ցույց տալով, որ ԱՄՆ-ն այս կուսակցությանը պաշտպանում է տարբեր ձևերով` բարոյապես, ֆինանսապես և այլն»,- ասում է Կարեն Քոչարյանը:

Նրա կարծիքով` կայանում է «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքը.  «Անգամ,  եթե ձևական առումով դա դաշինք չկոչվի, կապված 7%-ի արգելանքի հետ, միևնույն է, այդ դաշինքը լինելու է»:

Փորձագետների կարծիքով` խորհրդարանական ընտրություններում  լայնածավալ և կոպիտ խախտումներ չեն լինի, ինչպիսիք են լցոնումները կամ քվեատուփերի գողությունները, փոխարենը` բոլոր քաղաքական ուժերը կդիմեն ընտրակաշառքի:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նույնպես կարծում է, որ  առաջիկա խորհրդարանական ընտրություններում համատարած  կեղծիքներ չեն լինելու: Ըստ նրա` դրա համար  կա երեք պատճառ: «Առաջինն այն է, որ ընդդիմությունը կորցրել է հեղինակությունը, երկրորդ՝ իշխանությունը մոնոլիտ չէ՝ ի դեմս ԲՀԿ-ի, որի մրցակցությունը ՀՀԿ-ի հետ կնպաստի դրան, և նաև այն, որ չկա մի քաղաքական ուժ, որը հասարակության համար նախընտրելի է»,- ասում է Սուրենյանցը:

Քաղաքագետի կարծիքով` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև լուրջ հակասություններ չկան, ուստի, եթե ՀԱԿ-ը իր մարտավարությունը հիմնի ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության վրա, կձախողվի: Միակ տարաձայնությունը կոալիցիոն այս երկու կուսակցությունների միջև այն է, որ ՀՀԿ-ն չի թաքցնում որ ձգտում է մոնոլիտ իշխանության, իսկ ԲՀԿ-ն էլ իր հերթին չի թաքցնում, որ մտադրություն չունի զիջել իր դիրքերը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մատնանշում է, որ  խոստացել են, թե օլիգարխներ չեն լինի, կրիմինալ չի լինի, իսկ դրանց առկայության դեպքում իրադրությունը շատ արագ կփոխվի. «Հայաստանում ակնհայտ շատ բան կփոխվի ընտրացուցակները հրապարակելուց հետո, թե ուժերն ինչ թիմով են դուրս գալիս ընտրարշավ, քանի որ մեր հասարակությունը բավական ուշադիր է նայում` իրեն խաբո՞ւմ են, թե՞ ոչ»:

Ըստ  սոցիոլոգ, «Սոցիոմետր»  անկախ  սոցիոլոգիական  կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանի՝ մայիսյան ընտրությունների արդյունքում ԱԺ կանցնի վեց քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»: Նոր ԱԺ-ում ՀՀԿ-ն մեծամասնություն չի կազմի և պետք է կոալիցիա ունենա, որին պատրաստ կլինի ՕԵԿ-ը, իսկ եթե չբավականացնի, «կգտնեն երրորդ ուժ, կգնան քաղաքական զիջումների, կլինի առևտուր»: Քանի որ ԲՀԿ-ն ստորագրել է կոալիցիոն հուշագիրը, սոցիոլոգի խոսքով, հենց նա էլ կաջակցի ՀՀԿ-ին, որպեսզի իր նախարարական պաշտոնները պահի:

Ադիբեկյանը նշում է, որ հունվարին կատարված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել`  ընտրողների 38%-ը կողմնորոշված է և գիտի, թե ում օգտին է քվեարկելու, 20%-ը չգիտի, թե ում ձայն կտա, 15%-ը հետաքրքրված է ընտրական գործընթացներով, բայց չի մասնակցի ընտրություններին, իսկ 25,5%-ը ո՛չ հետաքրքրված է, ո՛չ էլ կմասնակցի:

Ահարոն Ադիբեկյան

Հարցվածների  3,8%-ը չի հայտնել, թե ում է ձայն տալու, ինչից, ըստ Ադիբեկյանի,  կարելի է եզրակացնել, որ դրանք վաճառվելու պատրաստ ձայներն են: Նա կարծում է, որ խորհրդարանական ընտրություններում կարձանագրվի ընտրողների 58%-ի ակտիվություն, իսկ եթե  ընտրությունների ժամանակ ընտրողների քանակը գերազանցի 65%-ը, ապա դա կվկայի լցոնումների մասին:

Հարցման արդյունքներով` ընտրողների 40%-ը կարծում է, որ ընտրությունները կլինեն անարդար, մնացածի կարծիքով՝ խախտումներ կլինեն, բայց դրանք չեն ազդի արդյունքների վրա:

Մայիսին կայանալիք ընտրություններին, ըստ Ադիբեկյանի, ընդդիմադիր ուժերը ճիշտ կանեն՝ առանձին մասնակցեն, քանի որ բոլորի` ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի անցնելու շանսերը բավականին մեծ են: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն կարող է նախկին խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ-ի բռնած դիրքորոշումը որդեգրել, որպեսզի ստանա կենտրոնամետ միջին ձայները:

Հունվարի 20-ից փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում  Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի կատարած հարցումների արդյունքները, սակայն, բոլորովին այլ են:  720 երևանցիների շրջանում իրականացված հարցումով պարզվել է, որ առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու է բնակչության 21%-ը, 45%-ը չի մասնակցելու, իսկ 34%-ն էլ դեռ չի որոշել:

Հարցվածների 66%-ն  արդար ընտրությունների չի հավատում:

Հարցման արդյունքում քաղաքական ուժերի դասավորվածության հետևյալ պատկերն է ստեղծվել. ՀՀԿ` 26%, ԲՀԿ` 21%, ՕԵԿ` 14%, ՀԱԿ` 11%, ՀՅԴ` 9%, «Ժառանգություն»` 7%:

Հարցվողների միայն 32%-ը ընտրություն կատարելիս կառաջնորդվի կուսակցության կատարած աշխատանքներով, 12%-ը ընտրություն կատարելիս տուրք կտա սրա-նրա խնդրանքներին, 21%-ը կառաջնորդվի կուսակցության լիդերի նկատմամբ ունեցած համակրանքով, 8%-ը` գաղափարախոսությամբ, 6%-ն էլ ձայն կտա  գումարի դիմաց:

Սոցիոլոգիական հարցումների պատկերը և հանրության տրամադրվածությունը, սակայն, մինչև ընտրությունները բազմիցս կփոփոխվեն` պայմանավորված քարոզարշավի ընթացքով և հետագա քաղաքական զարգացումներով:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply