Հայաստանի ամենաշատ գործազուրկները Սյունիքում են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 10, 2009 18:52

18Գործազրկության մակարդակի ամենաբարձր ցուցանիշը գրանցված է Սյունիքի մարզում: Մայիսի 1-ի դրությամբ Սյունիքի մոտ 130.000 բնակիչների 12,8% ը գործազուրկ է: Հաջորդը Շիրակն է`12,7 տոկոս գորզազրկությամբ:

Սյունիքը Հայաստանի հարավային մարզերից մեկն է, որը կապում է Հայաստանն Իրանի հետ։ Արևմուտքից այն սահմանակից է Նախիջևանին, արևելքից` Լեռնային Ղարաբաղին, իսկ հյուսիսից` Վայոց Ձորին: Սյունիքը մշտապես հայտնի է եղել որպես արդյունաբերական գոտի`իր 3 խոշորագույն հանքարդյունաբերող գործարաններով` Քաջարանի, Կապանի ու Ագարակի:

Ըստ Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի` գործազրկության մակարդակի բարձրացմանը նպաստել է ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով մարզի մի շարք հիմնարկձեռնարկություններում աշխատատեղերի կրճատումները:

Մայիսի 1-ի դրությամբ Սյունիքում 7.334 գործազուրկ և 9.680 աշխատանք փնտրող կա: Գործազուրկների մեծ մասը 35 տարեկանից բարձր են: 19-35 տարեկան գործազուրկները 2.336-ն են, իսկ 35-55 տարեկան 4.998 գործազուրկ կա:

2009թ. հունվարից մինչ օրս աշխատանք փնտրողներից ընդամենը 293-ն է տեղավորվել աշխատանքի, որից 143-ը` կին: Իսկ մարզում իրականացվող «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում կենտրոնում գրանցված քաղաքացիներից 835-ը ժամանակավոր` 1-3-ամսյա աշխատանքով է ապահովվել: Մարզում հաստատված 46 ծրագրերի մեծ մասն արդեն իրականացվել է քաղաքային եւ գյուղական համայնքներում, մի մասն էլ ընթացքի մեջ է:

Դիտվել է 2539 անգամ:
Print Friendly

Leave a Reply