Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 14, 2012 21:46

Երեւանում գտնվող Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը փետրվարի 14-ին հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ եւ ՀՀ եւ ԲՀ  ԱԺ-ների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Բարձրաստիճան հյուրերը եղան ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։

Բելառուսի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահը գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում։

«Ծանր է խոսել այս փաստի մասին, այն հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի տարիները, երբ Բելառուսում երեք միլիոն մարդ զոհվեց։ Ես շնորհակալություն եմ հայտնում այն հայ մարդկանց, ովքեր որոշեցին կառուցել այս հուշակոթողը, որպեսզի հավերժացվի 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում զոհված հայերի հիշատակը։ Նմանօրինակ հուշակոթող կա Բելառուսի Խատինում։ Պետք է հիշողությունը սերնդեսերունդ փոխանցել, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն»,-իր տպավորությունները ներկայացնելով` նշեց Վիկտոր Գումինսկին։

Անդրադառնալով  Բելառուսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, պարոն Գումինսկին կարծիք հայտնեց, որ կգա ժամանակը,  եւ իրենք էլ կանդրադառնան այդ հարցին։ «Բայց այն շատ  լուրջ է, դրան պետք է մոտենալ հավասարակշռված  եւ ընդունել մեր երկրին արժանի որոշում»,-նշեց նա։

 

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply