Ավագանու որոշմամբ տարածք է հատկացվել «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի կառուցման համար

Պաշտոնական, Օրվա լուր | | February 14, 2012 16:30

Երևանի ավագանու փետրվարի 14-ին գումարված յոթերրորդ նստաշրջանի առաջին նիստում, մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է, որ վաղաժամկետ դադարեցվել են Երևանի  ավագանու անդամ Հրայր Հովսեփյանի լիազորությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մանդատը տրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից Բադալ Գասպարյանին:

Ավագանու միաձայն կողմ քվերակությամբ հաստատվել է մայրաքաղաքի Աբովյան պուրակին հարակից հատվածում «Սամարտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասից Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հարակից համարժեք հողամասի հետ փոխանակելու նախագիծը: Տեղում`Աբովյան հրապարակին հարող զբոսայգու հարակից տարածքում նախատեսվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի կառուցումը։ Նախագծի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մշակութային կենտրոնի կառուցումը չի ընդգրկում պուրակի կանաչ և ընդհանուր օգտագործման գոտիները:

«Մայրաքաղաքում այսօր սկսվել և ընթանում է ծառերի համարակալման և կանաչ գոտիների գույքագրման գործընթաց, ինչից ելնելով նաև թանագարան-մշակութային կենտրոնի հարակից տարածքում գտնվող բոլոր ծառերը ևս կգույքագրվեն: Կենտրոնի կառուցման վերաբերյալ որոշումը կայացվել է բազմաթիվ հասարակական քննարկումների արդյունքում»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Ավագանին հավանություն է տվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ներկրված 249 քաղաքային ավտոբուսները և դրանց պահեստամասերը որպես նվիրաբերություն ընդունելու նախագծին:

Երևանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև «Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N 356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի Ուլնեցի – Ռուբինյանց նոր ավտոճանապարհի կառուցման 1-ին փուլի՝ շուրջ 2.5 կմ երկարությամբ հատվածի շինարարությունն իր ֆինանսական միջոցներով իրականացնում է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Փոխարենը որպես ներդրումային ծրագիր` Երևանի քաղաքապետարանն ընկերությանը հատկացնելու է նշված ճանապարհին կից հողատարածքը:

Երևանի ավագանու որոշմամբ  կվերակազմակերպվեն  «Սուրբ Աստվածամայր»   և «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոններ» փակ բաժնետիրական ընկերությունները: Նախագծերի վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետը նշել է, որ այդ կերպ կբարձրանա ընկերությունների կառավարման արդյունավետությունը:

Ավագանին հավանության է արժանացրել «Երևանի սպորտ կոմիտե» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործառույթները փոփոխելու և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մարզադպրոցները որպես ինքնուրույն մարմիններ գործելու նախագիծը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիտարկմամբ ինքնուրույնությունը կնպաստի մարզադպորցների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, մարզական ու տնտեսական մրցակցության ապահովմանը, ինչպես նաև մայրաքաղաքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը:

Երևանի ավագանու միաձայն կողմ քվերակությամբ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երևանի վարչական շրջանների ղեկավարներին: Նախագիծը հիմնավորվում է Երևան քաղաքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի N359-Ն որոշմամբ, ըստ որի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու /մուտքագրելու/ լիազորությունները վերապահվել է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին։ Ըստ այդմ էլ իրականացվող գործառույթների նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ կարող են իրականացվել վարչական շրջանների ղեկավարների կողմից:

Աղբահանության վճարի գանձումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ավագանին հավանություն է տվել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին վերջիններիս կողմից հավաքագրված գումարների մինչև 10% չափով որպես խրախուսում նվիրատվություն տրամադրելու մասին նախագծին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 5210 անգամ:
Print Friendly

Leave a Reply