«Ինձ չեն թողնում բարեգործություն անել»

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | February 15, 2012 7:00

«Ես իմ շենքն իմ ձեռքերով եմ կառուցել ու պատրաստ եմ ամբողջ երկիրը կառուցել, ու սա ոչ թե խոսք է, այլ գործ»,- ասաց Գագիկ Մարգարյանը և շարունակեց պատմել, որ դրամական պահանջով դատական վեճ ունի, ու եթե այն լուծվի հօգուտ իրեն, ստացված ամբողջ գումարը կուղարկի մանկատուն:

Նա սեփականության իրավունքով տնօրինում է Բաղրամյան 1-ին փակուղի, տուն 14/1 հասցեում գտնվող գրասենյակային նշանակության շենքը, որը վարձակալությամբ է տալիս տարբեր մարդկանց կամ իրավաբանական անձանց: Շենքն առաջին անգամ վարձով տալու պատմության շարունակությունը դատական վեճն է:

«Ինձ մոտեցան երկու հոգի` մի տարիքով մարդ իր որդու հետ, հետո պարզվեց, որ որդին աշխատում է արդարադատության նախարարության նոտարական բաժնում: Նրանց հետ պայմանավորվեցինք, որ ես իրենց վարձով տալիս եմ առաջին հարկից 5 քմ, երկրորդ հարկից` 28 քմ տարածք, ամսավարձը` 210 հազար դրամ»,-պատմեց Գագիկ Մարգարյանը:

Նա շենքը վարձակալությամբ է տվել առանց առաջին երեք ամիսների վճարը պահանջելու, քանի որ վարձակալողները պետք է տարածքում որոշ շինվերանորոգման աշխատանքներ կատարեին: Պայմանավորվել են տարբեր հարցերի շուրջ, բայց պայմանագիրը կնքելու պահին պարզ է դարձել, որ Գագիկը պայմանավորվել է այլ մարդկանց` Արամ և Ռազմիկ Պետրոսյանների հետ, բայց պայմանագիրը կնքելու է մեկ այլ մարդու` անհատ ձեռներեց Արամ Հախինյանի հետ: Պայմանավորվել են տարածքի վարձակալության պայմանագիրը կնքել նոտարի մոտ և երեք տարի ժամկետով` 2007 թվականի մարտի 6-ից մինչև 2010 թվականի մարտի 6-ը: Բայց երբ Արամ Հախինյանը սկսել է աշխատել, որոշ մանրամասներ շենքի սեփականատիրոջը դուրը չեն եկել:

«Դրանից հետո մեկ տարվա ընթացքում գրասենյակը վերածվել է «սոդոմ գոմորի»: Ում ասես Արամ Հախինյանը բերում էր, մինչև գիշերվա կեսն ինչ ասես անում էին այդ շենքում: Այսինքն` օգտագործում էին իրենց ուզած ձևով, ինչն իմ դուրը չէր գալիս:  Նրանք վարձը տալիս էին առանց ձևակերպման: Արդեն մեկ տարի անցել էր, և ես այդպես չէի ուզում շարունակել մեր անկանոն հարաբերությունները, գրեցի արդարադատության նախարարություն և նշեցի, որ մինչ այսօր ես պահանջում եմ, որ նրանք ինձ փող տալիս թղթով ձևակերպեն, բայց այդպես չէր արվում: Հարց էր դրված, որ Արամ Պետրոսյանը աշխատավարձ էր ստանում արդարադատության նախարարությունից, բայց ամբողջ օրն իմ շենքում էր աշխատում: Դրանից հետո նրանք եկան, խոսեցինք, խոստացան, որ այդ պահից սկսած` ինձ պայմանագրով նշված օրը կվճարեն, առանց ուշացնելու, ինձ անհանգստացնող գործունեությամբ չեն զբաղվի, ու ես համաձայնեցի, որ մինչ պայմանագրի ավարտը շարունակեն աշխատել»,- մանրամասնեց Գագիկ Մարգարյանը:

Դրանից հետո Արամ Հախինյանը շարունակում է իր գրասենյակային աշխատանքները կատարել Գագիկ Մարգարյանին պատկանող շենքում, մինչև պայմանագրային ժամկետի ավարտը: Բայց պայմանագրային ժամկետի ավարտից հետո սեփականատերը դժգոհ է մնում Արամ Հախինյանից, քանի որ, իր պնդմամբ, վերջինս չէր կատարել իր պայմանագրային պարտավորությունները և չէր վճարել 10 ամսվա վարձավճարը: Բայց ոչ միայն այդ:

«Ինձ տրված ստացականներով չեն երևում 10 ամսվա վճարված վարձերը: Վերջին ամիսներին ես զգուշացրել եմ, որ պայմանագրին մնացել է 3 ամիս, նրանք պետք է կատարեին բոլոր վճարումները, պարտքերը փակեին, ու մենք դադարեցնեինք մեր հարաբերությունը` ըստ պայմանագրի: Գնալուց հետո էլեկտրականության վարձը նրանք չեն մուծել, ես եմ մուծել, հեռախոսի վարձ եմ տվել, ջրի վարձ եմ տվել: Նրանք միայն ստացականով են այդքան գումար ինձ պարտք: Երբ նրանք գնացին, ես անմիջապես այլ մարդու վարձով եմ տվել տարածքը, ու ամսվա վարձը կազմում է 570 հազար դրամ: Այսինքն` երբ ասել եմ` ազատեք տարածքն, ու իրենք չեն ազատել, ես երկու տարի վնաս եմ կրել, որովհետև ես այդ ընթացքում կտայի այլ մարդու` այդքան վարձավճարով: Փաստորեն` այդքան վնաս եմ կրել: Բացի այդ` նրանք ինձ որպես սեփականատիրոջ չէին վերաբերվում, նույնիսկ չէին թողնում, որ ես իմ շենք մտնեմ, ասում էին` «լույս ես վառում, պետք է շատ փող տանք» և այլն: Նրանք (վարձակալները` Գ.Ա.) ինձ տարբեր վնասներ են տվել` իմ տարածքն են օգտագործել, որը նրանց վարձակալությամբ հանձնված չի եղել և այլն»,- նշեց շենքի սեփականատերը:

Սեփականատերը հաշվեց, որ Արամ Հախինյանի կողմից իրեն հասցվել է մեծ վնաս. շենքի` պայմանագրով չնախատեսված տարածքի օգտագործման համար չի վճարել, կոմունալ վճարները չի կատարել, գույքի արժեքի հետագա փոփոխությունների պատճառով ծագած վնասներ կան, գույքի պահպանության համար չի ծախսել գումարներ, գույքը վնասելու հետևանքները վերացնելու վարձեր չի տվել: Այս նշված բոլոր վնասները, սեփականատիրոջ հաշվարկներով, կազմում են 8 միլիոն 119 հազար 330 դրամ ընդհանուր գումար: Այդ գումարը ստանալու նպատակով էլ Գագիկ Մարգարյանը դիմել է դատարան և ներկայացրել իր պահանջները:

«Ես այդ 8 միլիոն 100 հազար դրամը չեմ ուզում իմ անձնական հարցերը կարգավորելու համար, այլ ուզում եմ որբանոցի փոխանցել, որպես բարեգործություն»,- հայտնեց Գագիկ Մարգարյանը:

Մենք դիմեցինք նաև Արամ Հախինյանին, որ իր կարծիքը հայտնի այս հարցի կապակցությամբ, բայց նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն անելուց` նշելով, որ Գագիկ Մարգարյանի ներկայացրած մեղադրանքներն անհիմն են, և ինքը մինչև դատական գործընթացի ավարտը ոչ մի պարզաբանում կամ մեկնաբանություն չի անի:

 

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply