Հայկական ֆիլմերը հատուկ հետաքրքրություն են առաջացրել Կաննի կինոշուկայում.

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 10, 2009 18:00

gevorg-gevorgyanvoske-tsiran

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմ արտադրող միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի շուրջ 30 պայմանավորվածություն է ձեռք բերել. այս մասին այսօր ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Հայաստանն իր արտադրանքով մասնակցել է մայիսի 12-22-ը տեղի ունեցած Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկային, որի ժամանակ հայկական կինոն գրավել է միջազգային կինոկազմակերպությունների ուշադրությունը:

«Կան մարդիկ, ում հետ մենք վաղուց պետք է ամուր կապեր հաստատեինք, փոխարենը` անում ենք հիմա: Այդ մարդկանցից է ֆրանսահայ կինոգործիչ Ալան Թերզյանը, ում հետ հանդիպումն ու բանակցությունները տվեցին իրենց արդյունքը»,-ասաց Գևորգյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսել է նաև ֆրանսիական «CNC» կինոստուդիայի հետ համագործակցել: Գևորգյանի խոսքով` պայմանագիրը ոչ միայն կյանք կտա նոր ծրագրերին, այլև նոր հնարավորություն` տեխնիկապես զարգանալու: Կինոշուկայի մասնակցության արդյունքում` ֆիլմեր մատակարարող գերմանական մի կազմակերպություն վերցրել է Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին», Հարություն Խաչատրյանի «Սահմանը», Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» լիամետրաժ ֆիլմերի տեսասկավառակները:

Բուենոս Այրեսի կինոփառատոնի պատասխանատուներն էլ ցանկություն են հայտնել 2010 թ•-ին Արգենտինայում կազմակերպել Խաչատրյանի 3 ֆիլմերի ցուցադրությունը, իսկ հետո անցկացնել հայկական ֆիլմերին նվիրված հատուկ ծրագիր:

Մալազիական պատվիրակությունը հետքրքրվել է հայկական անիմացիոն ֆիլմերով:
Մոսկվայում հունիսի 19-ին կմեկնարկի ամենամյա մոսկովյան միջազգային կինոփառատոնը, որին հատուկ հրավերով կմասնակցի Հայաստանը` կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 7 ֆիլմերի հետահայաց ցուցադրությամբ: Մրցութային ֆիլմերի ծրագրում կներկայացվի Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» լիամետրաժ ֆիլմը:

Հայաստանում այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի 6-րդ անգամ` հուլիսի 12-19-ը: Փառատոնը, որի ժամանակ ցուցադրվելու է 40 երկրներից 110 ֆիլմ, կբացվի ռեժիսոր Լոռեն Տյուելի «Առաջին շրջան» ֆիլմով, որի պրոդյուսերը ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալան Թերզյանն է: Ֆիլմում հայ հանցագործի դերում հանդես է եկել ֆրանսիացի անվանի դերասան Ժան Ռենոն:

Դիտվել է 1438 անգամ:
Print Friendly

Leave a Reply