Տուրուդմբոց` նաև ռինգից դուրս

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 5, 2012 7:00

Երևանի խուլ-համրերի մարզապալատի դահլիճում անցկացված բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում անցանկալի միջադեպ եղավ: Երբ 49 կգ քաշայինների եզրափակչում աշխարհի պատանիների, Եվրոպայի երիտասարդների  չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը հաղթեց Եվրոպայի նախկին չեմպիոն Հովհաննես Դանիելյանին, վերջինս նստեց ռինգի անկյունում` ցուցադրաբար ներկայացնելով, որ համամիտ չէ մրցավարների կայացրած վճռին:

Բայց այդ ժամանակ տրիբունայում գտնվող հանդիսականներից մի քանիսը հանկարծակի դահլիճ ներխուժեցին, և տուրուդմփոց սկսվեց երկու բռնցքամարտիկների երկրպագուների միջև: Տարօրինակն այն էր, որ մարզիկներն էլ, մրցասպարեզը թողած, միացան ռինգից դուրս բռունցքներով հարաբերությունները պարզողներին: Մրցավարների փոխարեն իրար ծեծողներին փորձում էին բաժանել ոստիկանները: Ի դեպ, Դանիելյանը չներկայացավ պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ընդ որում, 2011-ին  Երևանի մարզահամերգային համալիրի դահլիճում ՀԱՕԿ-ի նախագահ  Գագիկ Ծառուկյանի մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարի եզրափակչում Դանիելյանը նույն մրցակցին պարտվելուց հետո դարձյալ կորցրել էր ինքնատիրապետումը և պահպանիչ սաղավարտը ռինգից նետել դահլիճի հատակին: Նման երևույթները գցում են տպավորությունը և առաջին հերթին վնասում պարտությունը տանել չկարողացած մարզիկին:

Եվ երբ բորբոքված կրքերը հանդարտվեցին, հայտարարվեց, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան առաջիկայում քննարկելու է Դանիելյանի հարցը:  64 կգ քաշայինների եզրափակիչ հանդիպումից հետո էլ, երբ Արա Պուլուզյանը հաղթեց Արթուր Քիրաջյանին, վերջինս երկար ժամանակ ջղաձիգ շարժումներ էր կատարում, հետո էլ ձեռնոցը ռինգից նետեց դահլիճի հատակին:

Ինչևէ, եզրափակչում այս երկու հանդիպումներն էին, որոնցում համեմատաբար բարձր մակարդակի բռնցքամարտ ցուցադրվեց. դիտարժան էին: Մյուս մրցամարտերն իրենց գրավչությամբ զիջում էին:

Ապրիլին Թուրքիայում անցակացվելու է վարկանիշային միջազգային մրցաշար, որում էլ մեր երկրի ներկայացուցիչները պետք է փորձեն 2012-ին Լոնդոնում կայանալիք օիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել: Իսկ մինչև այդ պետք է Հայաստանի հավաքականում որպես առաջին համար հանդես գալու իրավունքի արժանանալ: Դրա համար կարևոր էր, թե ով կդառնա մեր երկրի չեմպիոն: Փաստորեն, Սողոմոնյանը լուրջ հայտ ներկայացրեց: Իսկ 64 կգ քաշային կարգում դեռևս շատ բան պարզ չէ, քանի որ անսպասելիորեն առաջնությունը բաց թողեց  նախորդ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանը: Այս մարզիկի հետ մեծ հույսեր են կապում, սակայն նա փոփոխակի հաջողություններով է հանդես գալիս: Թերևս, վարկանիշային մրցաշարի մասնակից Հայաստանի հավաքականի կազմը որոշվի այդ ստուգատեսից անմիջապես առաջ: Խնդիր է դրված մրցավայր գործուղել միայն նրանց, ովքեր լավ մարզավիճակում կլինեն:

Այդուհանդերձ, արդեն հայտնի է, որ ծանր քաշային կարգում մասնակիցներ չենք ունենալու: Հայաստանի առաջնությունում էլ մեր ծանրքաշայիններն իրենց պատրաստականությամբ չփայլեցին, և՛ 81 կգ, և՛ 91 կգ քաշայինների եզրափակիչ մրցամարտերն ավարտվեցին  ժամկետից շուտ մրցակիցներից մեկի պայքարը շարունակելուց հրաժարվելու պատճառով: Իսկ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, թեև կարող էր բաց թողնել այս առաջնությունը, քանի որ օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք ստացած մեր առայժմ միակ բռնցքամարտիկին այդ արտոնությունը տվել էր հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, սակայն գերադասել էր ռինգ դուրս գալ: Հակոբյանը, կարելի է ասել, մարզումային հանդիպումներ անցկացրեց և հերթական անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն:

Ահա թե ովքեր չեմպիոն դարձան մյուս քաշային կարգերում. 52 կգ` Ռադիկ Թամոյան,  56 կգ` Արամ Ավագյան, 60 կգ` Վլադիմիր Սարուխանյան, 64 կգ` Արա Պուլուզյան, 69 կգ` Հրայր Մաթևոսյան, 81 կգ` Արթուր Խաչատրյան, 91 կգ` Ալեքսանդր Կարագազյան, +91 կգ` Սերգո Պողոսյան:

Կանանց առաջնության չեմպիոններն են` 51 կգ` Քրիստինե Սարգսյան, 57 կգ` Լիանա Ղուկասյան, 60 կգ` Արմինե Սինաբյան, 75 կգ` Աշխեն Սիմոնյան:

Առաջնության լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց Կորյուն Սողոմոնյանը:

Եթե տղամարդկանց առաջնությունում 96 մասնակից էր, ապա կանանց առաջնությունում` միայն 10-ը: Այսինքն` վերջինիս բոլոր մասնակիցներն էլ դարձան մրցանակակիր: Ընդ որում, 57 կգ և 75 կգ քաշայինների պարգևատրության ժամանակ բրոնզե մեդալակիրների համար նախատեսված պատվո պատվանդանի հատվածը մնաց դատարկ:

Հայաստանում բռնցքամարտը կանանց շրջանում տարածված չէ, և ներկայումս ունենք այն, ինչը կա: Իսկ երբ բացակայում է մասսայականությունը, մրցակցությունը, մարզուհիների պատրաստականության մակարդակն էլ բարձր լինել չի կարող, նաև սահմանափակ է հավաքականի կազմի ընտրության հնարավորությունը:

Որպես կանոն, Հայաստանի բռնցքամատի առջնությունների ժամանակ մրցավարության շուրջ տարաբնույթ խոսակցություններն անպակաս են: Այս անգամ էլ դժգոհությունները քիչ չէին: Առաջնության գլխավոր մրացավարը Դերենիկ Գաբրիելյանն էր: Կազմակերպիչները դժգոհությունը սուբյեկտիվ էին համարում: Ի դեպ, Հայաստանի առաջնությունում առաջին անգամ մրցավարությունն իրականացվում էր էլեկտրոնային սարքերի` համակարգչային տեխնիկայի օգնությամբ: Այս նորարարությունը մեր երկրում բավականին ուշացումով է կիրառվել և առաջին անգամ փորձարկվել էր 2011-ին Երևանում կազմակերպված մրցաշարերից մեկի ժամանակ: Դժվար է ասել, թե այն այս առաջնությանն ինչ տվեց: Փաստն այն է, որ բարձրակարգ մրցավարների կարիք ունենք: Այժմ Հայաստանում չկա  թեկուզ մեկ մասնագետ, որը մրցավարական համապատասխան կարգ ունենա և հավակնի սպասարկելու առաջիկա օլիմպիական խաղերը:

 

Ի դեպ, առաջնության ժամանակ, մրցավարության հետ կապված, արտասովոր մի բան կատարվեց: Մրցամարտերից մեկի ժամանակ սկզբում հաղթանակը շնորհվեց 56 կգ քաշային, Հովհաննես Բաչկովին: Բայց հետո այն գյումրեցի մարզիկից հետ վերցվեց: Պատճառաբանությունն այն էր, որ դիտվել է տեսագրությունը, և բացահայտվել է, որ նա մրցակցին գոտկատեղից ցածր է հարվածել: Ի դեպ, Հովհաննեսը Հայաստանի հավաքականի թեկնածու է, մասնակցել է 2011-ին Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը, իսկ այս պատմությունից հետո նա անգամ Հայաստանի առաջնության մրցանակակիր չդարձավ:

 

Առաջնության ավարտից հետո զրուցեցինք այս մարզաձևի մեր երկրի տղամարդկանց հավաքականների գլխավոր մարզիչներ Կարեն Աղամալյանի և Ռաֆայել Մեհրաբյանի հետ: Ահա թե ինչ ասացին նրանք.

Կարեն Աղամալյան- Մեր առաջատարները, կամ նրանք, ովքեր հավաքականի «դուռն են ծեծում», արդարացրին իրենց: Ակնհայտ անակնկալներ չեղան: Թերևս կարելի է առանձնացնել այն երիտասարդներին, որոնք փորձառուների մրցավեճում չեմպիոններ դարձան. Արամ Ավագյան, Հրայր Մաթևոսյան: Հավասար պայքարում էլ Կորյուն Սողոմոնյանը մեկ միավորի առավելությամբ` 16:15 հաշվով, հաղթեց Հովհաննես Դանիելյանին: Ինչ վերաբերում է վերջինիս որակազրկելուն, ապա այդ մասին ոչինչ չեմ կարող ասել: Վերջնական վճիռը կկայացնի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը: Արթուր Քիրաջյանն էլ պարտվեց, նա չպետք է դժգոհի: Գուցե այդ հանդիպման ժամանակ նա միավորների այնպեսի մեծ տարբերությամբ չէր զիջել, ինչպես արձանագրվել էր: Իսկ էլեկտրոնային մրցավարության մասին ոչ միայն ես, ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Մեկի դուրն այն գալիս է,  տասինը`  ոչ, կամ` ընդհակառակը: Չեմպիոնները դարձան հավաքականի առաջին համար: Այս շրջանի համար բռնցքամարտիկները նորմալ մարզավիճակում են: Կարիք չկա, որ նրանք գերազանց պատրաստականություն դրսևորեն: Մեկ շաբաթ հետո ուսումնամարզական հավաք կսկսենք Աբովյանի մարզաբազայում, որից հետո 6 բռնցքամարտիկներ կուղևորվեն Բուլղարիա` միջազգային մրցաշարի մասնակցելու: Ապա մեր հավաքականի 6 մարզիկ կուղևորվի Ֆինլանդիա, ուր նույնպես միջազգային մրցաշար է կազմակերպվելու:

Ռաֆայել Մեհրաբյան- Նոր է կանանց բռնցքամարտն օլիմպիական մրցաձև դարձել, նոր է հետաքրքրություն առաջացել: Առաջնության մասնակից մարզուհիները լավ մարզավիճակում չէին: Բացառություն չէր նաև  Եվրոպայի փոխչեմպիոն Արմինե Սինաբյանը: 23-ամյա այդ մարզուհին մեծ ներուժ ունի: Ես տեսագրությամբ դիտել եմ, թե նա ինչպիսի վերելքով է անցկացնում Եվրոպայի առաջնության հանդիպումները: Սինաբյանը Շվեդիայում է եղել և այնտեղ գրեթե չի մարզվել: Խանգարել է հիվանդությունը, սակայն  առաջիկայում նա Հայաստանում է լինելու, և կփորձենք լրացնել բացը: Այս անգամ նա իր կարողությունների10 տոկոսը չդրսևորեց: Աշխեն Սիմոնյանը բավականին առաջադիմել է: Քրիստինե Սարգսյանն էլ երիտասարդ է, ռինգում լավ է տեղաշարժվում, բայց  խանգարում է մրցափորձի պակասը: Փետրվարի 5-ից հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսելու:

 

 

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply