Դեսպան Կարապետյանի այցը Մալտայի Հանրապետություն

Պաշտոնական, Օրվա լուր | | January 30, 2012 17:50


Հունվարի 25-28ը Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը գտնվում էր Մալթայի Հանրապետությունում` նախագահ Ջորջ Աբելային /George Abela/ իր հավատարմագրերը հանձնելու նպատակով:

Այցի առաջին օրը` հունվարի 25-ին, դեսպան Կարապետյանը Մալթայի ԱԳՆ Մշտական քարտուղար, դեսպան Ջոն Փոլ Գրեչին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը և քննարկեց հայ-մալթական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հաջորդ օրը` հունվարի 26-ին, Մալթայի Հանրապետության նախագահի պալատում տեղի ունեցավ հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողություն, որին հետևեց ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի և Մալթայի նախագահ Ջորջ Աբելայի առանձնազրույցը:

Զրույցի ընթացքում Ջորջ Աբելան ողջունեց Մալթայում առաջին անգամ ՀՀ դեսպանի նշանակումը և հույս հայտնեց, որ այն լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: Իր հերթին դեսպան Կարապետյանը ընդգծեց Մալթայի հետ Հայաստանի ու հայ ժողովրդի ունեցած բազմադարյա  կապերը` վստահեցնելով, որ «կանի առավելագույնը երկու քրիստոնեական հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող երկրների միջև կապերի խորացման ու ամրապնդման ուղղությամբ»:

Դեսպանը, Մալթայի նախագահին փոխանցելով ՀՀ նախագահի ողջույնները,  հրավիրեց այցելել Հայաստան:

Նույն օրը Ռուբեն Կարապետյանը հանդիպում ունեցավ Մալթայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայքլ Ֆրենդոյի /Michael Frendo/ հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-մալթական խորհրդարանական կապերի խթանման, փոխայցելությունների կազմակերպման հետ առնչվող հարցեր:

Մալթա այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպեց նաև իր կեցավայրում Մալթայի փոքրաթիվ հայ համայնքի /200-250 հոգի/ ներկայացուցիչների հետ:

 

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply