Թուրքական կողմի հայտարարություններն ու Հայաստանի արտաքին քաղաքականության թույլ կողմը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 24, 2009 10:21

3265493195_fac1296776Հայթուրքական 2 արձանագրությունների հրապարակումից հետո չուշացավ Թուրքիայի դասական արձագանքը` նախապայմաններից խոսելը: Էրդողանը կրկին հայտարարեց, որ «մինչեւ Ադրբեջանի գրավված տարածքները չազատագրվեն, Հայաստանի հետ սահմանը չի բացվի», կամ «Հայաստանին անհրաժեշտ է ազատվել Սփյուռքի ուղղորդումից» (ակնարկելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման քաղաքականությունից Հայաստանի հրաժարվելու նախապայմանը): Կամ հենց արձանագրությունների հրապարակման օրը Թուրքիայի արտգործնախարար Ահմադ Դավութողլու այն հայտարարությունը, թե «Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել ենք ուզում, բայց միեւնույն ժամանակ ցանկանում ենք, որ հարավկովկասյան տարածաշրջանում կարգավորվեն բոլոր հարաբերությունները` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրըսա գործընթաց է, որի ավարտին միայն հայթուրքական սահմանը չէ, որ կբացվի, հնարավոր է Կովկասում այլ սահմաններ եւս բացվեն»: (Նկատի ունենանալով, որ եթե հայթուրքական սահմանը բացվի, ուրեմն հայադրբեջանական սահմանը եւս պետք է բացվի եւ ակնարկում էր Լեռնային Ղարաբաղի մասին նախապայմանը):

Թուրքիայի կողմից նմանօրինակ հայտարարություններ էին արվում եւ ապրիլին «Ճանապարհային քարտեզի» հրապարակումից հետո: Մասնավորապես Էրդողանը հայտարարեց, թե «Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացումը պետք է կատարվի հայկական զորքերի Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրսբերման հետ միաժամանակ»:

Փաստորեն, երբ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների ինչոր բան է ստորագրվում, որում կոնկրետ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղի կամ Հայոց Ցեղասպանության մասին նախապայմանը, թուրքական կողմը դրանից անմիջապես հետո սկսում է խոսել նախապայմաններից: Ահա այս հանգամանքն էլ նոր անորոշություն է մտցնում հայ հասարակության մեջ, մասնավորապես փորձագիտական ու ներքաղաքական ընդդիմության շրջանակներում, որոնք վերլուծելով դրանց բովանդակությունը հայտարարում են, թե Թուրքիան նախապայմաններ է առաջադրում եւ, հետեւաբար, չպետք է շարունակել բանակցությունները:

Ի վերջո, որոնք են նախապայմանների մասին հայտարարություններ անելու Թուրքիայի իրական դրդապատճառները ու նպատակները եւ ինչ կարեւորություն են ներկայացնում դրանք հայկական կողմի համար:

Մի բան նկատենք, որ չնայած Էրդողանի, Դավութողլու եւ այլ թուրք պաշտոնյաների հայտարարություններին, նախագահ Գյուլը լուռ է. ոչինչ չի հայտարարում եւ ոչ էլ ժխտում կամ ընդունում է այդ հայտարարությունները: Ուստի մեկնաբանել այդ հայտարարությունները որպես Թուրքիայի պաշտոնական տեսակետ, սխալ կլինի:

Իսկ ոչպաշտոնական մակարդակում Գյուլի ու Էրդողանի վարքագծերը համաձայնեցված են, եւ այս փաստը գնալով ավելի ակնհայտ է դառնում: Նպատակը հետեւյալն է` Էրդողանի հայտարարությունների միջոցով հավասարակշռել Գյուլի արտաքին քաղաքականությունը Հայաստանի հանդեպ:

Այս առումով, թյուրիմացություն է նաեւ խոսել Էրդողանի ու Գյուլի միջեւ անձնավորված կոնֆլիկտի մասին, քանի որ այդպիսին եւս չկա:

Իսկ եթե համարենք, որ այնուամենայնիվ այդ 2 անձերի միջեւ տարաձայնություն կա, ապա դրանք կան միայն «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության (որի նախագահը Էրդողանն է) ու Թուրքիայի նախագահի ինստիտուտի միջեւ:

Բայց դրանով հանդերձ եւս` Թուրքիայում վարչապետն ու նախագահը Հայաստանի հարցում համաձայնեցված են գործում:

Էրդողանի հայտարարությունները կազմում են Թուրքիայի ընդհանուր քարոզչական քաղաքականության գլխավոր տարրերից մեկը: Այդ քաղաքականությունը Թուրքիայի համար լուծում է արտաքին ու ներքին մի շարք խնդիրներ, եւ միեւնույն ժամանակ ուժեղացնում է Թուրքիայի դիրքը Հայաստանի հետ բանակցություններում:

1-ին, «նախապայմաններ պահանջող» հայտարարություններով Թուրքիան նպատակ ունի մեղմացնել Ադրբեջանի խիստ դժգոհությունը եւ խուսափել նրա հետ ուժեղ առճակատումից;

2-րդ, Թուրքիայի այդ վարքագիծն ուղղված է ներքաղաքական ընդդիմությանը եւ կրկնակի նպատակ ունի. մի կողմից, այդ հայտարարությունները գումարվում են ներքաղաքական ընդդիմության վարքագծին, եւ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ավելի ուժեղ ընդդիմություն է ունենում (որը ձեռնտու է նրան): Մյուս կողմից եւ միեւնույն ժամանակ, այդ հայտարարությունները քաղաքականապես թուլացնում են նույն ընդդիմությանը, քանի որ ասում են նույն բանը, ինչ այդ ընդդիմությունը:

3-րդ, Թուրքիան օգտագործում է ադրբեջանական ընդվզումը ու ներքաղաքական ընդդիմությունը եւ դրանով լուծում եւս 2 խնդիր` արդեն արտաքին դաշտում.

1-ին, ցույց տալով, որ Ադրբեջանը, թուրքական ընդդիմությունը եւ հասարակությունը պատրաստ չեն Հայաստանի հետ սահմանի բացմանը, Թուրքիան կարողանում է պատճառաբանել միջազգային հանրությանը, թե ինչու չի կարող արագ ու վերջնականապես կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները:

2-րդ, համաձայնելով վերջերս հրապարակված 2 արձանագրություններին, իսկ դրանից առաջ` նաեւ «ճանապարհային քարտեզին», Թուրքիան միջազգային հանրությանը կարողացավ ցույց տալ, թե ինչպիսի դժվար պայմաններում ու ընդդիմադիր մթնոլորտում է համաձայնել դրանց. սրանով Թուրքիայի իշխանությունը բարձրացնում է իր միջազգային իմիջը` հավասարակշռելով նախաձեռնողականությամբ բարձրացած Հայաստանի իմիջին:

610xԵզրակացություն. թուրքական «նախապայմաններ պահանջող» հայտարարությունները չեն արտահայտում Թուրքիայի պաշտոնական տեսակետը եւ ունեն քարոզչական նպատակ: Ի վերջո, հայտարարություններն ավելի կարեւոր չեն, քան կոնկրետ փաստաթղթերը, որոնց Թուրքիան համաձայնում է այդ հայտարարություններն անելուց հետո կամ առաջ:

Սակայն նաեւ չպետք է բացառել, որ Էրդողանի հայտարարություններն իրենց քարոզչական ձեւում անգամ, կարող են դուրս գալ վերահսկողությունից ու վերածվել Հայաստանի հետ բանակցությունները չափազանց երկարաձգման կամ վերջնական կասեցման իրական սպառնալիքի:

Այս առումով եւ ընդհանրապես, միջազգային հանրության ու հատկապես հայկական կողմի համապատասխան արձագանքը չպետք է ուշանա:

Խոսքը ամենեւին չի վերաբերվում հայտարարությունները բառ առ բառ վերլուծելուն, այլ անհրաժեշտ է տեղեկատվական եւ քարոզչական համապատասխան քաղաքականություն վարել:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս ուղղությամբ. ինչու՞ է լուռ այդ հայտարարությունների նկատմամբ:

Լռությունը կարելի է մեկնաբանել մեր այն պնդմամբ, որ հայտարարությունները սոսկ քարոզչական բնույթի են ու ավելի կարեւոր չեն, քան ստորագրված փաստաթղթերը: Սակայն այն, որ այդ լռությունը հասարակության համար անհասկանալի է եւ բացի այդ, չի կանխում արտաքին ինֆորմացիոն սպառնալիքները, փաստ է:

Իհարկե, գնահատելի է Հայաստանի արտաքին քաղաքականության ճկուն ու նախաձեռնողական էությունը, որն իսկապես Թուրքիային փակուղու մեջ է դրել, սակայն մյուս կողմից էլ Թուրքիայի վարած քարոզչական քաղաքականությունն է Հայաստանին դրել «ընկալողի ու պաշտպանվողի» կարգավիճակում:

Այս պարագայում, ինչքա՞ն ուժեղ ու օգտակար կշարունակի մնալ Հայաստանի վաստակած իմիջը, երբ այն գնալով թուլանում է քարոզչական բնագավառում պարտության, ինչպես նաեւ ներքաղաքական ու սփյուռքահայության դժգոհության ընդհանուր մթնոլորտի պատճառով:

Թուրքիայի այդ քաղաքականությունը հավասարակշռելու ու չեզոքացնելու, միջազգային հանրության ասպարեզում նոր որակի դիրք զբաղեցնելու, նաեւ երկրի ներսում ու Սփյուռքում տիրող անորոշությունը ցրելու համար, Հայաստանը Թուրքիայի հանդեպ պետք է ադեկվատ (նույնական) քաղաքական կուրս վարի:

Ինչո՞ւ ներպետական մի մարմին (օրինակ` վարչապետը) չհայտարարի` «Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Թուրքիայի հետ միայն այն դեպքում, երբ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը», կամ «Հայաստանը կշարունակի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», …«երբ Ադրբեջանը կհրաժարվի ԼՂՀ տարածքների նկատմամբ հավակնություններից» եւ այս հայտարարություններն անելու հետ մեկտեղ շարունակի Թուրքիայի հետ բնականոն երկխոսությունը:

Այս վարքագծով միայն, Հայաստանը կկարողանա չեզոքացնել Թուրքիայի որդեգրած «նախապայմաններով հայտարարությունների» քաղաքականությունը եւ հնարավորություն ստանալ նոր պահանջներ դնել շվեյցարական միջնորդների ու շահագրգիռ այլ վերպետական ուժերի առջեւ:

Ցավոք, հայ փորձագիտական ու ներքաղաքական ընդդիմության որոշ շրջանակներ, Հայաստանի արտաքին քաղաքականության նման շարունակում են գտնվել «ընկալողիընդունողիպաշտպանվողի» դիրքում. թուրք պաշտոնյաների հայտարարությունների բովանդակությունը վերլուծելով` եղած խնդիրներն ավելի են բարդացնում ու հայ հասարակությանն ավելի շատ հարցականների մեջ գցում:

Դիտվել է 2230 անգամ:
Print Friendly

Leave a Reply